Պիգմենտային բծեր
Առողջություն եվ գեղեցկություն

Ինչի՞ց են առաջանում պիգմենտային բծերը

Դեմքիս վրա մուգ բծեր են առաջացել, ինչի՞  հետ է դա կապված:
Մշտ. ընթ. Երեւանից:

Մուգ շագանակագույն տարածված բծերը դեմքի  վրա հանդիսանում են կոսմետիկական թերություն, որն ավելի հաճախ առաջանում է կանանց, քան տղամարդկանց մոտ:
Այդպիսի բծերը կոչվում են խլոազմաներ եւ առաջանում են հատկապես հղի կանանց մոտ: Սովորաբար ծննդաբերությունից հետո դրանք անհետանում են: Առանձին դեպքերում դրանց առկայությունը երկարատեւ է լինում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հղիությունից զատ, այդպիսի մուգ բծերի առաջացումը կարող է կապված լինել ձվարանների, երկամների, մակերիկամի, լյարդի եւ այլ օրգանների հիվանդությունների հետ, ինչպես նաեւ բարդ երկարատեւ եւ քայքայող հիվանդությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, պալարախտը, մալարիան եւ այլն: Հաճախ բծերի առաջացումը  լյարդի աշխատանքի թերացման արդյունք է։
Պիգմենտային բծերը կարող են առաջանալ նաեւ օծանելիքի օգտագործման հետեւանքով, քանզի դրանք պարունակում են եթերային յուղեր, որոնք գրգռում են մաշկը եւ բծեր են առաջացնում:

Հանքային յուղերի ազդեցությունից՝ բենզին եւ այլ նյութեր, օրինակ՝ մեքենայի յուղեր, սառեցնող էմուլսիաներ, մաշկը ձեռք է բերում կեղտոտ շագանակագույն երանգ:
Արեւի տակ երկարատեւ մնալու հետեւանքով, հատկապես հարավային երկրներում, առաջանում են նման շագանակագույն տարածուն բծեր:
Բայց ավելի հաճախ  նման բծերի գոյացման բուն պատճառը հայտնաբերել հնարավոր չի լինում: Առաջնայինը համարվում են ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումները:

Պիգմենտային բծերից ազատվելու համար նախ եւ առաջ պետք է բուժել հիմնական հիվանդությունները: Շագանակագույն բծերի սպիտակեցումը դժվար գործ է: Կոսմետիկ սպիտակեցնող միջոցներն ու դիմակներն այնքան էլ արդյունավետ չեն: Ընդհանրապես օգտագործում են սպիտակեցնող քսուքներ, բայց միայն բժշկի հսկողությամբ:

Եթե սպիտակեցման ընթացքում օգտագործվում են սնդիկային քսուքներ, պետք է նախ դրանք փորձել (սովորաբար պարանոցի վերևի հատվածում) մաշկի զգայուն հատվածներում: Սնդիկային քսուքները պետք է լինեն վազելինային հիմքի վրա պատրաստված, նրա համար, որ սնդիկային աղերը չներթափանցեն հյուսվածքների խորքը, այլ միայն  մաշկի թեփոտում առաջացնեն, որն էլ կբերի բծերի հեռացմանը:

Սնդիկային քսուքները պետք է դեմքի վրա մնան 2 ժամից ոչ ավել, որից հետո մանրակրկիտ հեռացվեն: Այդպիսի քսուքներով բուժումը չի կարելի գերազանցել 15-20 օրը: Այս քսուքներին սովորաբար ավելացնում են բիսմուտովյան աղեր եւ սալիցիլաթթու: Խորը եւ արագ (10-12 օրվա ընթացքում) սպիտակեցումն իրականացվում է կոսմետոլոգի կողմից: Այդպիսի արարողակարգերը պետք է իրականցվեն միայն հմուտ մասնագետների կողմից՝  մաշկի վրա ճաքերի առաջացումից խուսափելու համար:

Վաճառքում կան նաեւ սպիտակեցնող քսուքներ եւ հեղուկներ:
Բոլոր սպիտակեցնող միջոցների օգտագործումը պետք է համադրել դեղերի ընդունմամբ, որոնք պետք է նշանակի միայն բժիշկը:  Արդյունավետ է նաեւ 20 օր C վիտամինի ընդունումը  համակցված PP վիտամինի հետ, որոնք միշտ պետք է ընդունել ուտելուց հետո:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։