Փոքրիկը բժշկի մոտ
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Զգուշացեք լեյշմանիոզից

— Խնդրում եմ գրել մանկական լեյշմանիոզ հիվանդության մասին:
Մշտ. ընթ. Երեւանից

Երեխաների մոտ հիվանդությունների առաջացման ու դրանց ընթացքի համար, տարիքային առանձնահատկություններից բացի, չափազանց կարեւոր նշանակություն ունեն նաեւ արտաքին միջավայրի այն պայմանները, որոնցում աճում ու զարգանում է երեխան: Մաշկային մանկական լեյշմանիոզ հիվանդության շուրջ զրուցեցինք մանկաբույժ Շողիկ Մարգարյանի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ո՞րն է լեյշմանիոզ հիվանդությունը եւ ինչպե՞ս է այն փոխանցվում:
-Լեյշմանիոզը վարակիչ հիվանդություն է: Լեյշմանիաները մարդու օրգանիզմ են ներթափանցում ինֆեկցիան փոխանցող մլակների խայթոցի ժամանակ: Տարբեր տեւողության գաղտնի շրջանից հետո խայթոցի տեղում առաջանում է բորբոքում, որը քայքայվում է՝ գոյացնելով խոց:

-Ո՞ր տարիքի երեխաներն են հաճախ հիվանդանում այս հիվանդությամբ:
-Հիվանդանալու ենթակա են բոլոր տարիքի երեխաները (նաեւ մեծերը), բայց ավելի հաճախ հանդիպում է վաղ հասակում: Գաղտնի շրջանը մեկ, երկու ամիս է: Հիվանդությունը տեւում է մի քանի ամսից մինչեւ 1-2 տարի:

-Ինչպե՞ս առաջին հայացքից կարելի է տարբերակել լեյշմանիոզը:
-Գաղտնի շրջանը լրանալուց հետո մլակի խայթած տեղում առաջանում է մաշկից քիչ բարձրադիր, գորշավուն հանգույցիկ: Աստիճանաբար, խիստ դանդաղորեն մեծանալով, լեյշմանիոման կարող է հասնել 1.5-2սմ եւ զգալիորեն վեր  բարձրանալ շրջակա առողջ մաշկի մակարդակից: 3-4 ամիս անց մաշկի ախտահարման կենտրոնում գոյանում է դժվարությամբ հեռացվող ոչ մեծ կեղեւ-թեփուկ, որի տակ հայտնաբերվում է մակերեսային էրոզիա: Հետագայում էրոզիան դառնում է կլոր, ձվաձեւ, կամ անկանոն ձեւ է ունենում,  արտազատում է շճա-արյունա-թարախային հեղուկ, որը հեշտությամբ չորանում է՝ գոյացնելով կեղեւ: Շատ հազվադեպ է պատահում տափակ ձեւը, որը կարող է ընդգրկել մաշկային ծածկույթի մեծ մասը, օրինակ՝ դեմքի, քթի, այտերի վրա:

-Ի՞նչ նախանշաններ ունի լեյշմանիոզը եւ ինչպե՞ս է բուժվում:
-Օրը 2-3 անգամ դիտվում է ջերմության բարձրացում, գունատություն, ախորժակի անկում, քրտնարտադրություն, գրգռվածություն, փայծաղի եւ լյարդի աստիճանաբար մեծացում:
Լեյշմանիոզի բուժումը կատարվում է հիվանդանոցում (հիմնականում ներարկումներ են կատարվում): Կարեւոր է ժամանակին դիմել բժշկի, քանի որ հիվանդության  բարդությունը կարող է դրսեւորվել թոքաբորբով, խիստ արտահայտված սակավարյունությամբ:

-Բժշկուհի՛ Մարգարյան, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս պաշտպանել երեխաներին այս հիվանդությունից, կա՞ն արդյոք կանխարգելիչ միջոցներ:
-Երեխաները հաճախակի ու հեշտությամբ են հիվանդանում, եթե թույլ է մանկական օրգանիզմի դիմադրողականությունը, անբարենպաստ են նրան շրջապատող պայմանները: Հիվանդանալը կախված է նաեւ նրանից, թե որքան մեծ են հիվանդության հարուցչի՝ օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունները:
Կանխարգելիչ միջոցառումները պետք է հիմնականում ուղղված լինեն վարակը փոխանցողների՝ մլակների ոչնչացմանը կամ նրանցից պաշտպանվելուն, ինչպես նաեւ վարակի աղբյուրների վերացմանը:
Մահճակալների կողքերը մաքրեք նավթով: Պահպանեք երեխաներին մլակներից, ոչնչացրեք հիվանդ շներին, աղբը երկար ժամանակ մի պահեք տանը կամ տարածքում: Երեխաներին կերակրեք վիտամիններով հարուստ, լիարժեք սննդով: Կասկածի դեպքում դիմեք բժշկի:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

0 մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։