Բժշկի մոտ
Փորձագետի խորհուրդներ

Զգուշացեք կարծրամաշկությունից

— Խնդրում եմ գրել կարծրամաշկություն (սկլերոդերմիա) հիվանդության մասին:
Ալլա

Կարծրամաշկությունը կամ սկլերոդերմիան հիվանդություն է, որը բնութագրվում է մաշկի եւ ներքին  օրգանների շարակցական հյուսվածքի ֆիբրինոզային  կազմափոխությամբ:
Ըստ հիվանդագին գործընթացի տարածվածության եւ տեղադրության՝ սկլերոդերմիան  ստորաբաժանում են սահմանափակ եւ  համակարգայինտեսակների:
Համակարգային կարծրամաշկությունը  տարածուն, հարաճուն կարծրախտ է,  շատ յուրօրինակ,  պոլիմորֆ կլինիկական արտահայտվածությամբ, որն իր մեջ ընդգրկում է մաշկի, հոդերի, անոթների տրոֆիկ խանգարումներ:
Հիվանդության էթիոլոգիան, պատճառագիտությունը դեռ պարզ չէ: Այս հիվանդության առաջացմանը նպաստող կամ նախատրամադրող  գործոններ են համարվում ցուրտը, վնասվածքները, այդ թվում նաեւ  հոգեկան վնասվածքները, վարակները, դեղորայքային ալերգիան, ինչպես նաեւ հղիության արհեստական ընդհատումները, ծննդաբերությունը, կլիմաքսը  եւ այլն:
Այս հիվանդությամբ հիվանդանում են բացառապես կանայք, 25 — 50  տարեկանում: Կարծրամաշկությունը զարգանում է դանդաղ:
Հիվանդությունը տեղակայվում է հատկապես դեմքին՝ դիմակի տեսքով,  ձեռքերի վրա: Երբեմն նկատվում է մատների նեկրոզ, որոշ դեպքերում՝ կալցինոզ (կալցիումի կրակալում): Հաճախ նկատվում է  թոքերի վնասվածք՝ պնեւմոսկլերոզի ձեւով:
Սրտի ախտահարում նկատվում է հիվանդների մեծ մասի մոտ՝ ընդհուպ  օջախային, երբեմն նաեւ՝ տարածուն կարծրախտի  առաջացմամբ, որը հանգեցնում է սրտի երկփեղկ (միտրալ) փականի անբավարարության:
Հիվանդությունը մեծ մասամբ ուղեկցվում է աղեստամոքսային համակարգի խանգարումներով:
Երիկամները վնասվում են համեմատաբար հազվադեպ, սակայն սուր  եւ ենթասուր ընթացքի դեպքում առաջանում է «կարծրախտային» երիկամ:
Շատ հիվանդների մոտ  կարծրամաշկության ժամանակ ներզատիչ համակարգի խանգարման հետեւանքով առաջանում են ներզատիչ համակարգի, վահանաձեւ, սեռական գեղձերի, մակերիկամների  գործունեության  խանգարումներ: Հաճախ նկատվում են եղունգների ձեւախախտումներ, մազաթափություն,  քաշի զգալի կորուստ (մինչեւ 10- 20 կգ եւ ավելի):


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Կարծրամաշկության ախտորոշումը
Ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում, հաշվի առնելով մաշկի եւ ներքին  օրգանների բնորոշ փոփոխությունները: Այդ նպատակով կատարում են նաեւ կենսազննում (բիոպսիա) եւ հեղուկի ուսումնասիրություն:

Բուժումը
Բուժումը պետք է լինի երկարատեւ, համակարգային եւ անհատական՝ կախված հիվանդագին գործընթացի բնույթից: Ընդհանրապես նման դեպքերում խորհուրդ է տրվում օգտագործել կորտիկոստերոիդներ: Այդ բուժումը զուգակցվում է  խինոլինի հետ, ընթրիքից հետո հիվանդին սովորաբար տալիս են  սալիցիլատներ, վարակի առկայության դեպքում՝ հակաբիոտիկներ՝ վիտամինների, հատկապես D, PP վիտամինների հետ զուգակցված: Կալցինոզի դեպքում ներարկվում է դինատրիումային աղ,  որը նպաստում է օրգանիզմից կալցիումի աղերի ավելցուկի դուրսբերմանը, այսինքն՝ կրակալված կալցիումի չեզոքացմանը:
Քրոնիկական կարծրամաշկության ժամանակ կորտիկոստերոիդներ չեն նշանակում, այդ  դեպքում խորհուրդ են տրվում ծծմբաջրածնային  լոգանքներ եւ բուժական մարմնամարզություն:
Ժողովրդական  բժշկությունն առաջարկում է

Վերցնել խատուտիկի տերեւներ, աղալ, մզվածքից օրական 100 գրամ խմել, կարելի է խառնել մեղրի  հետ:

Սխտորը աղալ, ավելացնել մի փոքր գինու քացախ եւ մեղր, ստացված զանգվածն ուտել  օրական 3 անգամ,  1-ական ճաշի գդալ:

Կարծրամաշկության կանխարգելման  եւ բուժման համար կարեւոր դեր ունի սննդակարգը:  Օրգանիզմում  PP վիտամինի  անբավարարությունը կարող է հանգեցնել մաշկաբորբերի առաջացման, կարեւոր դեր ունի նաեւ  B1 վիտամինը, ուստի հիվանդի սննդակարգ պետք է ընդգրկել այդ վիտամիններով հարուստ սննդամթերքներ՝   ցորեն, բրինձ, սիսեռ,  լյարդ, երիկամներ  եւ սիրտ: Կարեւոր է նաեւ օրգանիզմում  D վիտամինի բավարար քանակությունը, այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել ծովամթերք, միս, լյարդ:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Մեկ մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։