Թրոմբոցիտներ
Փորձագետի խորհուրդներ

Թրոմբոցիտների դերն օրգանիզմում

— Արյան մեջ թրոմբոցիտների քանակի  ավելացումն ազդո՞ւմ է առողջության վրա: Մարիամ, Երեւանից

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կորիզազուրկ գոյացություններ են, որոնց թիվը 1մկլ արյան մեջ հասնում է 180.000-320.000-ի: Թրոմբոցիտները կարեւոր են արյունահոսությունը դադարելու գործընթացում:
Վերջիններիս մասին պատկերացում կազմելու հարցում մեզ օգնեց ընտանեկան բժիշկ, թերապեւտ Արմինե Գրիգորյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ի՞նչ են իրենցից ներկայացնում թրոմբոցիտները:
— Թրոմբոցիտները տափակ, անկորիզ բջիջներ են, որոնք գտնվում են արյան մեջ եւ մասնակցում են արյան մակարդելիության գործընթացին: Նրանց հիմնական դերը թրոմբ եւ մակարդուկներ առաջացնելն է: Օրինակ՝ երբ մարդու մարմնի որեւէ մաս վնասվում է, թրոմբոցիտները միանում են իրար, առաջանում է թրոմբ, եւ արյունը սկսում է մակարդվել, այսինքն՝ դադարում է արյունահոսությունը: Թրոմբոցիտները համարվում են արյան բաղադրիչ տարրեր եւ մասնակցում են արյան նորմալ շրջանառությանը:

— Ինչպե՞ս է դրանց քանակն ավելանում արյան մեջ եւ  նորմայից ավելի քանակը ի՞նչ հիվանդությունների է հանգեցնում:
— Թրոմբոցիտների քանակի ավելացումը կապված է արյան անոթների ամբողջականության խախտման հետ: Դա կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, որոնցից են թրոմբը, թրոմբոէմբոլիան եւ այլն:  Երբ արյան մակարդելությունը բարձրանում է, նեղանում է անոթի լուսանցքը, արդյունքում խանգարվում է արյան շրջանառությունը: Այդ ժամանակ առաջանում է թրոմբ հիվանդությունը, որի դեպքում արյունն արդեն չի կարողանում մղվել դեպի համապատասխան հյուսվածք եւ օրգան: Իսկ արյան անոթի լուսանցքը փակվում է, երբ մարդու մոտ կա աթերոսկլերոզ հիվանդությունը:  Սրանք կարող  են հանգեցնել ինֆարկտի եւ կաթվածի զարգացման: Սակայն արյան մեջ թրոմբոցիտների քանակի ավելացումը կարող է լինել նաեւ որոշ, օրինակ, արյան տարբեր հիվանդությունների  հետեւանք, որոնցով զբաղվում է արյան փոխներարկման ինստիտուտը:
Լյարդի քրոնիկական հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ որոշակի դեղորայքի ընդունման հետեւանքով նույնպես կարող է բարձրանալ թրոմբոցիտների քանակը:

— Ինչպե՞ս կարելի է պակասեցնել թրոմբոցիտների քանակն արյան մեջ:
— Նախ` պետք է  պարզել, թե ինչի հետ է կապված արյան մեջ թրոմբոցիտների քանակի ավելացումը: Ընդհանրապես, արյան մեջ թրոմբոցիտների պակասեցմանն ուղղված բուժումը պետք է իրականացնի  բժիշկը: Սակայն հիվանդության բուժման հիմքում ընկած է արյան խտության նվազումը եւ հետագա բարդությունների կանխարգելումը, այսինքն` բուժումն իրականացվում է արյունը նոսրացնող դեղորայքով:

—  Հիմնականում ի՞նչ տարիքի եւ սեռի մարդկանց մոտ են առաջանում  նման հիվանդություններ:
— Ընդհանուր առմամբ արյան թրոմբոցիտների քանակի բարձրացում եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդություններ նկատվում են ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց մոտ, սակայն ավելի շատ` 40-ից բարձր  տարիքի կանանց մոտ: Ինչպես գիտենք, կլիմաքսի ժամանակ կնոջ օրգանիզմում առաջանում են հորմոնալ փոփոխություններ: Այդ փոփոխությունները հանգեցնում են արյան մակարդելիության բարձրացման, եւ կարող է առաջանալ նույն թրոմբ հիվանդությունը:

— Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
— Խորհուրդ կտամ առաջնային տեղ հատկացնել առողջությանը եւ ուշադիր լինել սեփական անձի նկատմամբ, մշտապես վարել առողջ ապրելակերպ, զբաղվել սպորտով, հատկապես լողով, քանի որ լողով զբաղվող մարդու օրգանիզմի աշխատանքը լիարժեք է: Եվ վերջում հավելեմ, որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Որեւէ հիվանդության առաջին իսկ ախտանիշների դեպքում անմիջապես դիմեք բժշկի օգնությանը, որպեսզի բուժումը ընթանա դյուրին, եւ արդյունքները լինեն գոհացուցիչ:

Հեղինակ՝ Յանա Գալստյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։