Առողջարար սնունդ
Փորձագետի խորհուրդներ

Ստամոքսաբորբը և սննդակարգը

— Ի՞նչ կարելի է անել սնունդը լավ մարսելու համար: Ունեմ ստամոքսաբորբ, էրոզիա, աղիքների բորբոքում: Խնդրում եմ որեւէ խորհուրդ տալ:
Արտաշես

Սննդային գրգռիչների (կծու, թթու, ոգելից խմիչք) չարաշահման հետեւանքով շատ հաճախ առաջանում է ստամոքսաբորբ, որի բուժման առավել հին եւ հիմնական մեթոդներից է ճիշտ սննդակարգը:
Մեր ընթերցողի հարցին պատասխանում է թերապեւտ Հովիկ Խանսանամյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Բժի՛շկ, մեր ընթերցողի խնդրանքով ուզում ենք պարզել, թե ի՞նչ կարելի է ուտել, երբ առկա է ստամոքսաբորբ, հայտնաբերվել է էրոզիա, եւ դրանց զուգակցում է աղիների բորբոքումը:
— Նման հիվանդների սննդակարգը պետք է լինի կոտորակային, այսինքն՝ ուտել շուտ-շուտ եւ քիչ-քիչ, չխախտել ռեժիմը: Պետք է կանխել հիվանդության սրացումները՝ առավելագույն չափով խնայելու համար ստամոքսի քիմիական եւ մեխանիկական ընկալիչները: Սննդում պետք է ընդգրկել թույլ հյութազատիչ, ստամոքսից արագ հեռացող, փորկապություն ու այրոցներ չառաջացնող, կոպիտ թաղանթ չպարունակող սննդամթերք:
Այսպիսի հիվանդներին թույլատրվում է օգտագործել սպիտակ չոր հաց, պաքսիմատ եւ թխվածքաբլիթ, տրորած ձավարեղենի կաթնային ապուրներ, խաշած եւ տրորած բանջարեղեն, կաթնով, սպիտակաձավարի շիլա, մսեղենը՝ գոլորշու վրա կամ խյուսի ձեւով պատրաստած, եփած հավ, ձուկ, բրինձ, կաթով պատրաստված մակարոնեղենի շիլաներ, կարտոֆիլի եւ գազարի խյուսեր,  թերխաշ  ձու, թարմ կաթնաշոռ, բժշկական երշիկ: Կարելի է նաեւ կիսել, մորու, ելակի, տրորած դոնդողներ եւ դրանց կոմպոտները:
Արգելվում է օգտագործել բորշչ, տապակած եւ ջլոտ միս, թռչնի կաշի, ապուխտներ, աղի, թթու դրած, չտրորած բանջարեղեն, լոբազգիներ, խակ մրգեր, խաղող, չամիչ, սպիրտային եւ գազով խմիչքներ, թունդ թեյ եւ սուրճ: Ստամոքսի լորձաթաղանթի վրա գրգռիչ ազդեցություն ունի նաեւ նիկոտինը. այն բարձրացնում է ստամոքսի շարժունությունը, կծկանքի ենթարկում նրա անոթները, թուլացնում է ստամոքսաելքի սեղմանի տոնուսը: Աղիքների գործունեությունը կարգավորելու համար խորհուրդ է տրվում երեկոյան օգտագործել թթու կաթնամթերքներ (կեֆիր, մածուն):

— Բժի՛շկ Խանսանամյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին:
— Սիրելի՛ ընթերցողներ, անհրաժեշտ է կատարել ձեզ բուժող բժշկի խորհուրդները սննդի եւ դեղորայքի ճիշտ օգտագործման վերաբերյալ, իսկ այլ օրգանների ախտահարումների զուգորդման դեպքում՝ հետեւել դրանց բուժմանը: Անհրաժեշտ է կանոնավորել սննդի ռեժիմը, քաղցած չմնալ, բայց եւ միաժամանակ շատ չուտել, դրականորեն է ազդում նաեւ զբոսանքը:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։