Ծլած ցորեն
Առողջարար սնունդ

Փոքրիկ, բայց արժեքավոր ածիկը

Ասում են` ցորենի ածիկն օգտակար է աչքերի, ստամոքսի համար: Ինչպե՞ս պատրաստել, որքա՞ն ժամանակում է ծլում ցորենը: Ծիլերը ի՞նչ բարձրության դեպքում է օգտակար օգտագործել:
Քնարիկ, Երեւանից

Դեռեւս մեր նախնիների սննդային օրաբաժնում զգալի տեղ էին հատկացնում հացահատիկային կուլտուրաներից պատրաստվող սննդամթերքին` քաջ գիտակցելով վերջինիս արժեքը:
Մեր թվարկությունից դարեր առաջ մարդիկ գիտեին ծլած հատիկի  բուժիչ հատկությունների ու բարձր սննդային արժեքի մասին եւ այն օգտագործել են տարբեր կերակրատեսակներ պատրաստելիս:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հատիկի ծլեցման ժամանակ նրանում ակտիվանում են տարբեր ֆերմենտներ, որոնք անլուծելի բարձր մոլեկուլային միացությունները (օսլա, սպիտակուցներ եւ այլն) ճեղքում են ցածր մոլեկուլային միացությունները (շաքարներ, ամինաթթուներ)` արդյունքում դարձնելով օրգանիզմի կողմից դյուրին  յուրացվող:
Ծլած հատիկը պարունակում է գրեթե բոլոր անփոխարինելի ամինաթթուները (ընդհանուր սպիտակուցի պարունակության մինչեւ 30%), իսկ հայտնաբերված 15 ազատ ամինաթթուներից գերակշռում են գլյուտամինաթթուն, ալանինը, վալինը, իզոլեյցինը, ֆենիլալանինը եւ ցիստիդինը, որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության գործընթացները եւ կարեւոր դեր խաղում ճարպակալման, աթերոսկլերոզի, շաքարախտի եւ այլ հիվանդությունների կանխարգելման գործում:
Հատիկի ծլելու ժամանակ նրանում ավելանում է հանքային տարրերի պարունակությունը 5-10 անգամ: Ֆոսֆորի եւ կալցիումի զգալի քանակությունը, ինչպես նաեւ նատրիումի եւ կալիումի հաշվեկշռված հարաբերակցությունը հաստատում են ածիկի հանքային կազմի արժեքավորությունը: Հարուստ վիտամինային եւ հանքային կազմի շնորհիվ ածիկը օգտակար է մրսածության, ռախիտի եւ սնուցման խանգարման, ինչպես նաեւ ուռուցքային հիվանդությունների, էկզեմայի, աչքերի, ստամոքսի եւ այլ հիվանդությունների բուժման ժամանակ:

Հայտնի է ածիկային մզվածքի լայն կիրառությունը մանկական սննդի արտադրությունում` շնորհիվ նրանում պարունակվող շաքարների, որոնք լավացնում են ոչ միայն մթերքի համային հատկությունները, այլեւ ստեղծում են բարենպաստ միջավայր կաթնաթթվային բակտերիաների բազմացման համար եւ բարձրացնում են մանկական սննդի սննդային արժեքը:
Ծլած հատիկի կենսաբանական ակտիվությունը եւ բուժական հատկությունները պայմանավորված են նաեւ բուսական ֆերմենտների, բնական հորմոնների եւ բազմաշաքարների առկայությամբ:

Ածիկ կամ ածիկային մզվածք կարելի է ստանալ արդյունաբերության բնագավառում օգտագործվող տարբեր տեսակի հատիկային կուլտուրաներից՝ գարի, վարսակ, եգիպտացորեն, ցորեն: Ցորենի ծլած հատիկը, ի տարբերություն այլ հատիկավորների, ավելի հարուստ է A, C, E վիտամիններով:
Ածիկային մզվածքին մրգային խյուսի ավելացումը լավացնում է մթերքի համային հատկությունները եւ միաժամանակ ավելացնում նրա սննդային ու կենսաբանական արժեքը՝ նրանում պարունակվող սննդաթելերի, հանքային տարրերի, C վիտամինի շնորհիվ:

Ինչպես  պատրաստել
Չափը: 4 ճաշի գդալ ամբողջական ցորեն (դա մեկ օրվա չափն է մեկ մարդու համար):
Գիշերը, մանրակրկիտ կերպով լվանալուց հետո, ցորենի ամբողջական հատիկները մի շերտով դնել ափսեի մեջ եւ վրան ավելացնել սառը, չեռացրած ջուր: Առավոտյան ցորենը լվանալ հոսող ջրի տակ եւ դնել խոնավ կտորի վրա, հարթ սկուտեղի կամ ափսեի մեջ: Ցորենը վրայից փակել թաց թանզիֆով եւ դնել տաք տեղ: Օրվա ընթացքում ցորենը լվանալ 2-3 անգամ: Հաջորդ օրն առավոտյան ցորենը նորից լվանալ: Եթե 24-36 ժամ հետո ցորենը ծլել է եւ նրա սպիտակ ծիլերը 1 մմ-ից ոչ պակաս են, ապա այն կարելի է օգտագործել: Իսկ եթե ծիլերը 1 մմ-ից փոքր են, ապա անհրաժեշտ է ցորենը թողնել ծլելու համար: Ամբողջական ծլած ցորենի ոչ բավարար աճման դեպքում այն կարելի է աղալ եւ արդեն այդ ձեւով օգտագործել՝ ավելացնելով աղցաններին, առաջին եւ երկրորդ կերակրատեսակներին, ինչպես նաեւ պատրաստել կիսել: Ծլած ցորենի օգտագործման օրական չափաքանակը 50-100 գ է:

Փաստորեն, ածիկը կարող է լուծել ոչ միայն առողջական խնդիրները, այլ նաեւ կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացումը ապագայում:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։