Փոփոխական թրոմբոցիտներ
-Արյան մեջ թրոմբոցիտների տոկոսը շատ ցածր է: Ինչպե՞ս կարելի է բարձրացնել:
Անահիտ, Երեւանից
Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կորիզազուրկ գոյացություններ են, որոնց թիվը 1 մկլ արյան մեջ հասնում է180.000-320.000-ի: Թրոմբոցիտները մասնակցում են արյան մակարդմանը։
Թրոմբոցիտների մասին զրուցեցինք արյունաբան Հեղինե Խաչատրյանի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Ի՞նչ դեր ունեն թրոմբոցիտները մեր օրգանիզմում:
— Թրոմբոցիտները արյան մակարդման համար պատասխանատու բջիջներ են: Դրանք, արյունատար անոթներում մշտապես շրջանառվելով, փնտրում են անոթի լորձաթաղանթի կամ պատի վնասված հատված և գտնելիս սոսնձվում են միմյանց` առաջացնելով թրոմբոցիտար խցան, որից հետո սոսնձվում են խցանով անոթի պատի համապատասխան հատվածին: Այսպիսով, այս գործընթացը կոչվում է արյան մակարդման առաջնային օղակ, այսինքն` թրոմբոցիտների` միմյանց սոսնձվելու և հետագայում անոթի պատին կպչելու ունակությունը մակարդման կարևոր փուլն է, ինչը կանխում է սուր արյունահոսության վտանգը:
-Ինչի՞ հետևանքով է մեր օրգանիզմում փոփոխվում թրոմբոցիտների քանակը:
-Թրոմբոցիտների քանակը մեր օրգանիզմում փոփոխվում է մի շարք պատճառներով: Դրանք են` քրոնիկական արյունահոսությունները, ուռուցքային հիվանդությունները, ոսկրածուծի ախտահարումով պայմանավորված արյան հիվանդությունները, վարակիչ հիվանդությունները, բորբոքային գործընթացները, վիրուսային վարակները, աուտոիմուն հիվանդությունները, որոշ դեղորայքի ընդունումը և հղիությունը:
-Ինչպիսի՞ բարդությունների կարող է հանգեցնել թրոմբոցիտների քանակի փոփոխությունը:
-Թրոմբոցիտների ավելցուկից կարող են առաջանալ անոթներում` արյան փոքր շրջանառության խանգարումներ և խցանումներ, ավելի լուրջ դեպքերում` թրոմբոֆլեբիտներ: Քանի որ նախատեսված քանակից ավելի շատ են շրջանառվում, ֆունկցիոնալ առումով ավելի ակտիվ են, հետևաբար ավելցուկի դեպքում անպայման կիրառվում են հակա-մակարդիչներ, հակաագրեգատներ, իսկ ահա թրոմբոցիտների անբավարար քանակն սպառնում է արյունահոսական բարդություններով` թե՛ լորձաթաղանթներից` քթի, լնդերի, աղիների, միզասեռական ուղիների, և թե՛ խոռոչային արյունահոսություններով, հետևաբար թրոմբոցիտների անբավարարությունը նույնպես հատուկ բուժման կարիք ունի:
-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք մեր այն ընթերցողներին, ում մոտ թրոմբոցիտների քանակը ցածր է:
-Միանշանակ պետք է դիմել բժշկի` պարզելու համար, թրոմբոցիտների քանակն ի՞նչ պարտճառով է իջել, հետո միայն սկսել բուժումը:
-Ինչպե՞ս կարելի է բարձրացնել կամ իջեցնել թրոմբոցիտների քանակը:
-Թրոմբոցիտների քանակն ինքնուրույն ավելացնող կամ նվազեցնող միջամտություններ անելը հակացուցված է` բարդություններից խուսափելու համար: Ուստի շատ կարեւոր է նախ պարզել թրոմբոցիտների քանակի փոփոխման պատճառը: Այդ դեպքում միայն կարելի է համապատասխան եւ արդյունավետ բուժում իրականացնել:
-Արդյո՞ք սննդակարգը որոշակի կապ ունի թրոմբոցիտների հետ:
-Սննդակարգից ցուցված են միայն վիտամիններով հագեցած բանջարեղեն ու մրգեր:
Թրոմբոցիտները ոչ ճիշտ ձև ունեցող, հարթ, անգույն մարմնիկներ են, որոնք շրջանառվում են արյան մեջ` ապահովելով նրա մակարդումը: Ինչպես նշեց բժիշկը, բուժման կամ խորհուրդներ տալու համար շատ կարեւոր է նաեւ պարզել թրոմբոցիտների քանակի փոփոխման պատճառները: Պետք է բուժել հիմնական հիվանդությունը: Ուստի, հարգելի Անահիտ, պատճառը պարզելուն պես խնդրում ենք դիմել “Տնային առողջարանի” խմբագրություն: Իսկ եթե Ձեզ մոտ թրոմբոցիտների ավելցուկը կամ պակասը կապված է ընդունած դեղորայքի հետ, ապա դիմեք Ձեզ բուժող բժշկին: