Պիլինգ
Առողջություն եվ գեղեցկություն

Պիլինգ. ամեն մաշկ իրենն է պահանջում

Գեղեցիկ, առողջ եւ հարթ մաշկ ցանկանում են ունենալ  բոլորը: Գեղեցկության սրահներում առաջարկում են մի շարք արարողակարգեր, որոնց օգնությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Այսօր կխոսենք դրանցից մեկի՝ պիլինգի մասին:
Թեմայի  շուրջ զրուցեցինք կոսմետոլոգ Ելենա  Սահակյանի հետ:

-Ի՞նչ է պիլինգը` որպես կոսմետիկ միջամտություն:
-Մաշկն ունի 5 շերտ, վերևի շերտը ենթարկվում է  մեռուկացման, եւ պիլինիգի նպատակն է հեռացնել հենց այդ եղջերացած շերտի մեռած բջիջները  “պիլինգ” անգլերեն «peel»` քերել բառից է): Պիլինգի արդյունքում բարձրանում է մաշկի տոնուսը, այն սկսում է շնչել, բարելավվում է դեմքի գույնը, ավելորդ ճարպերը դուրս են գալիս: Սակայն ակնհայտ արդյունք ստանալու համար պետք է պիլինգը հետևողական գործընթացով կրկնել` շաբաթը 1 անգամ հաճախականությամբ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Պիլինգն ունի՞ տեսակներ:
-Այո: Այն ունի մի քանի տեսակներ: Օրինակ՝ “հոլիվուդյան մաքրումը” կատարվում է կոնկրետ նյութերով պատրաստված դիմակներով ու քսուքներով: Քիմիական պիլինգը կիրառվում է միայն ցուրտ ժամանակ եւ կատարվում է բուսական ֆերմենտների, կիտրոնաթթվի, խնձորաթթվի լուծույթներով: Ֆերմենտային պիլինգ եւ լազերային պիլինգը կիրառվում են լաքաների հեռացման նպատակով: Ռադիոալիքային, ուլտրաձայնային, մեխանիկական պիլինգները կատարվում են դեմքի համար նախատեսված սկրաբային միկրոգնդիկների, նշի մանրացված կճեպի և մի շարք այլ նյութերի միջոցով:

-Արդյո՞ք պիլինգն անվնաս միջոց է:
-Այո, անվնաս է, բայց բարակ մաշկ ունեցողներին չի թույլատրվում ուժեղ սեղմումներով պիլինգ կատարել: Սակայն եթե այդ գործընթացը գրագետ անցկացվի, օգտավետ կլինի: Աղջիկները հաճախ ընկերուհիներով հավաքվում են, որոշում դիմակներ դնել. մեկին դա հիանալի օգնում է, մյուսին` ոչ, իսկ երրորդին կարող է անգամ վնասել` կարմրածություն, բշտիկներ առաջացնելով: Այդ կերպ է նաև պիլինգը` ամեն մաշկ իրենն է պահանջում:

 -Կախված մաշկի տեսակից` կա՞ն պիլինգի կիրառման առանձնահատկություններ:
-Ամեն դեպքում միակ տարբերությունը կիրառման հաճախականությունն է, յուղոտ մաշկի համար` շաբաթը մեկ անգամ, չոր մաշկին` 10 օրը կամ 2 շաբաթը մեկ անգամ: Մի առանձնահատկություն ևս` պիլինգից հետո յուրաքանչյուր մաշկին դրվում է համապատասխան դիմակ:

-Պիլինգն ունի՞ հակացուցումներ:
-Իհարկե, այն  եւս ունի հակացուցումներ: Մասնավորապես պիլինգը հակացուցված է հորմոնային խախտումների պատճառով առաջացած պզուկների, բորբոքային գործընթացների, վարակիչ հիվանդությունների, վահանագեղձի հիվանդությունների, ներքին օրգանների հետ կապված խնդիրների դեպքում, ինչպես նաեւ  բարձր ճնշում ունեցողներին, ռազացեա`  մուգ կարմիր դեմք ունեցող անձանց: Սակայն հիմնական հիվանդությունը բուժելուց հետո արդեն կարելի է պիլինգը կիրառել:

-Գոյություն ունի՞  հետպիլինգային խնամք:
-Մինչ հետպիլինգային խնամքի մասին խոսելը պետք է նշել,  որ   յուրաքանչյուր մաշկ, անկախ ամեն ինչից,  խնամքի կարիք ունի:   Այդ նպատակով չի թույլատրվում  դեմքն օճառով լվանալ, առանց այն էլ մեր ջուրը շատ «կոշտ» է, եւ այն փափկացնելու համար կարելի է լվացվելիս ջրի մեջ մի փոքր քացախ կաթեցնել կամ կիտրոնի աղ լուծել: Իսկ հետպիլինգային շրջանում պետք է նաև մաշկը լոսյոնով  մաքրել (յուղոտ մաշկը` լոսյոնով, չորը` դեմքի կաթիկով): Խորհուրդ է տրվում նաև ձմռանը յուղոտ, սնուցող կրեմներ օգտագործել, իսկ ամռանը` խոնավացնող:

 -Գարունը մաշկի համար ավելորդ խնդիրներ բերու՞մ է, արդյո՞ք զգացվում է պիլինգի անհրաժեշտությունը:
-Այո, իսկապես, պիլինգը մաշկի համար առավել պահանջված գործընթաց է դառնում հենց գարնանը` մաշկը արթնացնելու, թարմացնելու նպատակով: Այն մաշկին օգնում է նաև պաշտպանվել գարնան արևից ու նրա առաջացրած հետևանքներից` պիգմենտային բծերից, լաքաներից:

-Մի փոքր էլ խոսենք մարմնի պիլինգի մասին: Կարո՞ղ է այն ցելյուլիտի դեպքում ևս օգտակար լինել:
-Ինչպես մարդու դեմքը, այնպես էլ մարմինը, խնամք է պահանջում, նույնիսկ՝ ավելի հաճախակի: Մարմնի պիլինգի շնորհիվ մարմինն սկսում է շնչել, մկանները բացվում են, նյարդերը` թուլանում: Սագամաշկ ունեցողներին այս արարողակարգն օգնում է հարթեցնել մաշկը:
Իսկ ահա ցելյուլիտից ազատվելու համար համալիր աշխատանք է պետք: Եթե պիլինգին գումարվի առողջ սնունդ, ակտիվ կենսակերպ, լող, պիլինգը միգուցե օգնի, բայց ցեյլուլիտի դեպքում միայն պիլինգը  արդյունավետ չի կարող լինել:
Նշեմ, որ նույնիսկ առանց մասնագետի դիմելու, տնային պայմաններում կարելի է մարմնի պիլինգին փոխարինող սկրաբներ օգտագործել` շաբաթը 1 անգամ, լոգանք ընդունելիս: Արդյունքն իսկապես ակնհայտ կլինի:

-Իսկ դեմքի պիլինգին փոխարինող ի՞նչ միջոց կառաջարկեք, որը հնարավոր կլինի տնային պայմաններում կիրառել:
-Սերուցքին կամ թթվասերին մի փոքր խմորիչ ավելացնել, թողնել մի քանի րոպե, այնուհետեւ քսել մաքուր, լոսյոնով կամ կաթիկով մաքրած խոնավ դեմքին: Եթե սերուցք եք կիրառում, այն պետք է քսել 3 շերտով, թթվասերը` 1 շերտով: Հետո մանրացրած վարսակաձավար կամ սպիտակաձավար տարածել ամբողջ դեմքով: Թողնել 2 րոպե և լվանալ: Այս արարողակարգը կատարել շաբաթը 1 անգամ: Այս միջոցը նաեւ դեմքը սնուցում է B խմբի վիտամիններով:
Մեկ այլ տարբերակ ևս աեմ, որը սնուցում է մաշկը և ձգում այն: Ձվի դեղնուցին ավելացնել ձիթապտղի յուղ և խնձորի հյութ, բամբակով քսել դեմքին և 7 րոպե թողնելուց հետո գոլ ջրով լվանալ: Իսկ սպիտակուցին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնելով ևս շատ օգտակար դիմակ կարելի է ստանալ ու կիրառել:

-Մեր մյուս ընթերցողին հետաքրքրում է, թե ինչպե՞ս կարելի է պայքարել կորյակներից հետո դեմքին առաջացած հետքերի դեմ:
-Նախ պետք է պարզել` ինչ աստիճանի են այդ հետքերը: Խորացված սպիների ու ծակոտիների դեպքում տնային պայմաններում արված ոչ մի միջամտություն արդյունավետ լինել չի կարող, միայն քիմիական պիլինգով կարելի է դա հարթել, և անպայման՝ մասնագետի միջամտությամբ: Իսկ եթե այդ հետքերը լաքաների տեսքով են, կարելի է պարզապես դրանց գույնը բացացնելով հավասարեցնել դեմքի գույնին և խնդրից ազատվել:

-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար: Հուսով ենք, մեր ընթերցողները կհետեւեն Ձեր խորհուրդներին:

Հեղինակ՝ Էթերի Մամուլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։