Մաշկի անցանկալի հյուրերը
Գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար շատ կարեւոր է այն մշտապես խնամելը: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ անգամ հետեւողական լինելը չի օգնում, և այդուամենայնիվ մաշկի վրա հայտնվում են բշտիկներ:
Ի՞նչ անել բշտիկների դեմ պայքարելու համար. այս և այլ` “Տնային առողջարանի” ընթերցողներից ստացած հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ բժիշկ-կոսմետոլոգ Աղավնի Խաչատրյանից:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Ի՞նչը կարող է դեմքի վրա բշտիկների առաջացման պատճառ լինել:
-Դեմքի կորյակները սովորաբար առաջանում են սեռահասունացման տարիքում, դա օրգանիզմում հորմոնալ փոփոխության դրսևորում կարող է լինել: Կորյակները կարող են առաջանալ նաև հասուն տարիքում, առողջական տարբեր շեղումների հետեւանքով: Դրանք կարող են լինել ներզատիչ, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, գինեկոլոգիական շեղումների դեպքում:
-Փաստորեն, բշտիկները կարող են ազդարարել, որ մեր օրգանիզում առողջական խնդի՞ր կա:
-Վերը նշվածից կարող ենք գալ այն եզրակացությանը, որ այո, և, ինչպես ասում են, “մաշկը առողջության հայելին է, աչքերը` հոգու”:
-Հարց ընթերցողից. քթի և կզակի շրջանում նկատում եմ բշտիկներ, ի՞նչ կարող եմ անել, որպեսզի վերացնեմ դրանք:
-Բշտիկների առկայության դեպքում ցանկալի է դիմել մասնագետի, քանի որ դրանք կարող են սկզբից արտահայտվել շատ թեթև, իսկ սխալ խնամքի դեպքում` բարդանալ և ավելի դժվար ենթարկվել բուժման: Ինչպես նաեւ պետք է պարզել առաջացման պատճառը: Միակ շատ կարևոր խորհուրդը` չսեղմել դրանք:
-Մաշկի որոշակի հատվածի բշտիկների առկայությունը կարո՞ղ է լինել ալերգիկ հակազդեցություն:
-Իհարկե, և դրանց դեմ պայքարելու համար շատ կարեւոր է հենց սկզբում պատճառը պարզելը:
-Շատ ժամանակ մարդիկ այսպիսի դեպքերում սպիրտ են օգտագործում, արդյո՞ք թույլատրվում է, թե՞ ոչ:
-Սպիրտի օգնությամբ մենք կանխարգելում ենք վարակի տարածումը, սակայն մաշկը ենթարկում ենք գերչորացման, որը անդառնալի ազդեցություն է թողնում կնճիռների առաջացման հարցում:
-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս պայքարել բշտիկների դեմ:
-Տնային պայմաններում ցանկալի է կիրառել կավե դիմակներ, շատ օգտակար են նաեւ դեղագործական արտադրության հատուկ քսուքները: Տնային պատրաստման քսուքներ ցանկալի չէ կիրառել:
Ինչպես նշեց բժիշկ-կոսմետոլոգը, մաշկն առողջության հայելին է, իսկ աչքերը` հոգու, ուստի փորձենք լինել ուշադիր եւ հետևողական նաեւ մեր առողջության նկատմամբ, քանի որ բշտիկները կարող են որեւէ հիվանդության մասին “խոսել”: Ուստի պետք է գտնել եւ վերացնել բուն պատճառը:
Հ.Գ. Շատ արդյունավետ է նաեւ վաղենակի ոգեթուրմը, որը կարելի է քսել բշտիկներին առավոտյան եւ երեկոյան, իսկ եթե Ձեր մաշկը չոր է, այն կիրառելուց հետո օգտագործեք սնուցող եւ խոնավեցնող քսուքսներ: