Նևրոզով աղջիկ
Հոգեբանություն,  Փորձագետի խորհուրդներ

Կյանքն առանց նևրոզի

Հոգեկան գերլարվածությունը, սթրեսները եւ մի շարք այլ գործոններ  կարող են հանգեցնել նևրոզի: Այս, ցավոք, այժմ տարածված հիվանդությամբ հիմնականում հիվանդանում են թույլ նյարդային համակարգ ունեցող մարդիկ:

Հարցին, թե ի՞նչ է նեւրոզը եւ ինչպե՞ս կարելի է կանխել, պատասխանում է Երեւանի N 1 կլինիկական հիվանդանոցի նյարդաբան Բելլա Գրիգորյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ընդհանրապես ի՞նչ ասել է նեւրոզ:
— Մարդու նյարդային համակարգն օժտված է մեծ կայունությամբ ու ճկունությամբ: Չնայած դրան, այնուամենայնիվ, դրդման եւ արգելակման գործընթացները գերլարման  հասցնող գրգռիչների ինտենսիվությունը կամ այդ երկու պրոցեսների բախումը կարող են այնքան զգալի լինել, որ մարդու մոտ առաջանա բարձրագույն նյարդային գործունեության խանգարման հակազդեցություն, եւ նա հիվանդանա նեւրոզով: Այլ կերպ ասած՝ նեւրոզն անձի վատ հարմարվողականությունն է իր շրջապատին եւ իր ապրած կյանքին:
Բոլոր սթրեսները, դրական եւ բացասական գործոններն ազդում են մեր նյարդայինհամակարգիվրա: Եվ երբ խախտվում է օրգանիզմի հավասարակշռությունը, առաջանում է նեւրոզ կոչված հիվանդությունը:

— Կանանց եւ տղամարդկանց մոտ նեւրոզները նո՞ւյն ախտանշաններն ունեն, թե՞ տարբեր կերպ են դրսեւորվում:
— Տղամարդկանց մոտ ավելի հաճախ արտահայտվում է պսիխոսոմատիկայի ձեւով, այսինքն, երբ տղամարդը գանգատվում է տարբեր ներքին օրգանների՝ սրտի, ողնաշարի, գոտկամասի եւ այլնի ցավերից, սակայն իրականում այդ օրգանների հետ կապված որեւէ խնդիր չկա, կա նեւրոտիկ վիճակ:
Կանանց մոտ փոփոխության է ենթարկվում հուզական ոլորտը, այսինքն՝ հաճախ արտասվում են, դյուրագրգիռ են եւ շուտ բռնկվում են: Նեւրոզների առաջացման գործում մեծ ազդեցություն ունի նաեւ վախը: Կանանց մոտ լինում են վախեր տարբեր երեւույթների նկատմամբ, իսկ տղամարդկանց մոտ՝ առողջականի վերաբերյալ:

— Նեւրոզ հիվանդությունը փոխանցվու՞մ է ժառանգաբար:
— Ժառանգաբար՝ ոչ: Բայց եթե մի ընտանիքում կա նեւրոզով հիվանդ մարդ, եւ հատկապես, երբ մայրն է տառապում նեւրոզով, ապա դա անպայման բացասաբար է անդրադառնում երեխայի առողջության եւ նյարդային համակարգի վրա: Նյարդային ոչ նորմալ վիճակում գտնվող մարդու հետ ապրելը բացասաբար է անդրադառնում նաեւ երեխայի ձեւավորման եւ զարգացման վրա:

— Հատկապես ի՞նչ տարիքի եւ ո՞ր սոցիալական խմբի ներկայացուցիչներն են ավելի շատ տառապում նեւրոզով:
-Նեւրոզով տառապողների առանձին խումբ կազմում են արվեստի մարդիկ՝ արվեստագետները, այնուհետեւ՝ ուսուցիչները եւ ղեկավար անձինք, այսինքն՝ նրանք, ովքեր շարունակ կատարում են պատասխանատու աշխատանք:
Իսկ ինչ վերաբերում է տարիքին՝ ասեմ, որ այդ հիվանդությունն իր ճիրանների մեջ է առնում հատկապես երիտասարդ տարիքի անձանձ՝ թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց:

— Իրականում արդյո՞ք լիարժեք բուժվում են նեւրոզները, թե՞, այնուամենայնիվ, իրենց հետքը թողնում են մարդու հետագա կյանքի եւ կենսագործունեության վրա:
— Ճիշտ չի լինի ասել, որ հնարավոր է նեւրոզը  լիարժեք բուժել, որքան էլ փորձենք մոտենալ բուժման լիարժեքությանը: Այդ հարցում շատ կարեւոր է մարդու տեսակը. մեկը կարող է հաղթահարել, իսկ մյուսն ընկնել այդ հիվանդության շղթայի մեջ: Վերջինիս մոտ հիվանդությունը կարող է շարունակական բնույթ կրել եւ պարբերաբար կրկնվել, ինչը պահանջում է երկարատեւ բուժում: Որպեսզի բուժումը տա դրական արդյունքներ, հիվանդը պետք է նաեւ հավատա եւ վստահի իրեն բուժող բժշկին:

— Նեւրոզների բուժման ի՞նչ մեթոդներ են առաջարկվում:
— Նեւրոզի բուժման գործում միշտ պետք է հիշել, որ այն ոչ միայն նյարդային համակարգի, այլեւ ամբողջ օրգանիզմի հիվանդություն է, եւ որ նրա հիմքում, հոգեկան վնասվածքներից բացի, մեծ մասամբ ընկած են նաեւ սոմատիկ գործոններ (ֆիզիկական հյուծվածություն, զանազան քրոնիկական հիվանդություններ եւ այլն): Այս տեսակետից նեւրոզների բուժումը պետք է տարվի համալիր ձեւով՝ հիմնական շեշտը դնելով արտաքին պայմանների փոփոխության, հիվանդածին ապրումների վերացման եւ ամբողջ օրգանիզմի ու առանձին օրգանների սոմատիկ վիճակների նորմալացման վրա: Լավ կլինի գոնե բուժման շրջանում հիվանդին հեռու պահել ամեն տեսակի տհաճություններից, մտավոր եւ ֆիզիկական գերլարումից, կոնֆլիկտներից, աղմուկից եւ այլն, որոնք կարող են բուժվող նեւրոզների կրկնություններ առաջացնել: Բուժման ձեւերից են հոգեբուժությունը, այսինքն՝ հոգեկան ներգործության միջոցով կատարվող բուժումը, որի ձեւերից է հիվանդին սովորական զրույցի միջոցով համոզելը, բացատրելը, ոգեւորելը, մխիթարելը եւ միտքն իր հիվանդությունից հեռացնելը՝ ուշադրություն դարձնելով աշխատանքի կամ այլ հետաքրքիր գործերի վրա:

— Նեւրոզի բուժման ուրիշ ի՞նչ միջոցներ կան:
— Նեւրոզ հիվանդության բուժման մեթոդներից է նաեւ հիպնոթերապիան՝ հիպնոսի միջոցով կատարվող բուժական ներշնչումը: Դեղորայքային բուժումը տարվում է երկու ուղղությամբ՝ նյարդային համակարգը հանգստացնող, կարգավորող միջոցառումներ եւ ամբողջ օրգանիզմի ու առանձին օրգանների սոմատիկ վիճակը կարգավորող, հյուծվածությունը վերացնող միջոցառումներ: Եթե նեւրոզ ունեցող մարդը տառապում է որեւէ հիվանդությամբ, անհրաժեշտ է անմիջապես ձեռնամուխ լինել դրա բուժմանը համապատասխան մասնագետների օգնությամբ: Բուժման գործում կարեւոր նշանակություն ունեն նաեւ ֆիզիոթերապեւտիկ զանազան արարողակարգերը, բուժական ֆիզկուլտուրան, ինչպես նաեւ 20-րդ դարի հայտնագործությունը՝ հոգեվերլուծությունը:

— Արտաքին տեսքից կարելի՞ է ենթադրել, որ տվյալ մարդը տառապում է նեւրոզ հիվանդությամբ:
— Ոչ միշտ: Սակայն, եթե հիվանդությունը գտնվում է սրացման փուլում,  հիվանդի պահվածքից եւ արտաքին տեսքից կարելի է ենթադրել նրա հիվանդության մասին: Այդպիսի մարդիկ հիմնականում լինում են  ընկճված, վախեցած, կամ ահավոր անհանգիստ եւ դյուրագրգիռ:

— Կան մարդիկ, որ անկախ առիթից շարունակ ժպտում են, փորձում երեւալ կենսախինդ եւ ինքնավստահ: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ տվյալ մարդն ունի նեւրոզ եւ այդպիսի պահվածքը ինքնապաշտպանական ձեւ է:
-Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Հնարավոր է՝ մարդը պարզապես բարեհամբույր է եւ ժպտերես: Միայն այն, որ նա շատ է ժպտում, դեռ նեւրոզի մասին չի վկայում: Սակայն չափից շատ ինքնավստահությունը՝ զուգակցված ոչ պատեհ ժպիտով, կարող է վկայել այն մասին, որ տվյալ անձի մոտ ինչ -որ բան այն չէ: Դա կարող է լինել ե՛ւ նեվրոզ, ե՛ւ մարդու ներաշխարհի հետ կապված որեւէ այլ հիվանդություն:

— Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ նեւրոզները միտում ունեն դառնալու դարի հիվանդություն: Ի՞նչ կասեք այդ մասին:
— Նեւրոզները դիտվել եւ նկարագրվել են դեռեւս շատ վաղուց: Առաջին անգամ նեւրոզների մասին գրել են 18-րդ դարում: Նեւրոզների հիմքը դրել է Զիգմունդ Ֆրոյդը, եւ դեռ այն ժամանակներից սկսած համարում էին, որ նեւրոզները դառնալու են դարի հիվանդություն: Այդ տեսակետը շարունակում է արդիական մնալ մինչ օրս:
— Ի՞նչ տարբերություն նեւրոզների ու դեպրեսիաների միջեւ:
—  Գոյություն ունի դեպրեսիայի  երկու տեսակ՝ մեծ եւ փոքր: Փոքրը նեւրոտիկ դեպրեսիան է: Այս դեպրեսիան համարվում է նեւրոզի ախտանշան: Շատ նեւրոզների մեջ դեպրեսիայի բաղադրիչ կա: Եվ դա հենց նեւրոտիկ դեպրեսիան է: Իսկ մեծ դեպրեսիան առանձին հիվանդություն է, ուստի պահանջում է ճիշտ մոտեցում եւ, հետեւաբար,  ճիշտ բուժում, ինչը շատ կարեւոր է:

—  Եվ վերջում, Ձեր խորհուրդը  մեր ընթերցողներին՝ ինչպե՞ս խուսափել նեւրոզներից, կամ այլ կերպ ասած, ո՞րն է նեւրոզ չունենալու «դեղատոմսը»:
— Նեւրոզ չունենալու «դեղատոմսն» է գտնել կյանքի լիարժեք հաշվեկշիռը, այն է՝ ապրել լիարժեք կյանքով, ունենալ անձնական կյանք: Չի կարելի գիշեր-ցերեկ աշխատել կամ օրերով ոչինչ չանել: Կյանքում ամեն ինչ իր տեղն ունի եւ համաչափորեն անհրաժեշտ է:

Հեղինակ՝ Յանա Գալստյան

4,344 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։