Դիետիկ սնունդ
Փորձագետի խորհուրդներ

Ի՞նչ ուտել, եթե բացակայում է լեղապարկը

— Ինչպե՞ս սնվել լեղապարկի վիրահատությունից հետո:
Կարինե, Երեւանից

Լեղապարկի հետ կապված խնդիրների դեպքում վիրահատական միջամտությունից (հեռացնելուց) հետո շատ կարեւոր է հետեւել սննդակարգին: Մեր ընթերցողի հարցին պատասխանում է թերապեւտ Հովիկ Խանսանամյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Բժի՛շկ Խանսանամյան, կխնդրեի ամենայն մանրամասնությամբ նշել այն սննդաբաժինը, որով պետք է սնվել լեղապարկի վիրահատությունից հետո:
— Նախ՝ ասեմ, որ սննդակարգը պետք է լինի պահպանողական, մեծ նշանակություն ունի նաեւ սնուցման ճիշտ ռեժիմը: Հաճախակի եւ որոշակի ժամերին ընդունած սնունդը նպաստում է լեղու լավ արտահոսքին եւ կանխում է նրա կուտակումը լեղուղիներում: Օրվա սննդաբաժինը պետք է ներառի բոլոր անհրաժեշտ սննդամթերքները: Գերսնվելը վնասակար է, բայց վնասակար է նաեւ օրգանիզմին անհրաժեշտ այնպիսի նյութերի խիստ սահմանափակումը, ինչպիսիք են ճարպերն ու սպիտակուցները: Պետք է սննդակարգից բացառել խոզի, ոչխարի եւ տավարի ճարպը, բայց սննդակարգում  պարտադիր կերպով եւ չափավոր պետք է օգտագործել կարագ ու ձեթ: Ձուկը, միսը պետք է օգտագործել խաշած եւ ոչ թե տապակած վիճակում: Զանազան ալրեղենից՝ վերմիշելից, մակարոնից ավելի գերադասելի է բանջարեղենը: Անչափ օգտակար են բազուկը, շաղգամը, բողկը, որոնք սովորաբար սննդի մեջ օգտագործվում են քերած վիճակում, ձեթի հետ: Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա հացը, դիետիկ երշիկ, կարագ, մածուն, կաթնաշոռ, թերխաշ ձու, շոգեխաշած կոտլետներ, բանջարեղենի խյուս, հասուն հատապտուղներ, մասուրի եփուկ, կոմպոտ, մուրաբաներ:

— Կա՞ արդյոք մոտավոր սննդացանկ, որից կարող է օգտվել մեր ընթերցողը:
— Այո՛, մոտավոր սննդացանկ կա, եւ այն կարող է ընդլայնվել ազգային կերակուրների հաշվին, որոնց սովոր է հիվանդը: Բայց միշտ պետք է պահպանել հետեւյալ սկզբունքը՝ուտել հաճախակի եւ քիչքիչ:

Պետք է սնվել օրվա մեջ 5-6 անգամ: Առավոտյան ժամը 8-ին՝ թեթեւ նախաճաշ. թերխաշ ձու, խաշած ոչ ճարպոտ միս, բանջարեղենի խյուս, մածուն, ոչ շատ տաք, չափավոր խտության թեյ:

Ժամը 11-ին՝ երկրորդ նախաճաշ. մեկ բաժակ խնձորի կոմպոտ եւ մի կտոր նախորդ օրվա սպիտակ հաց:

Ժամը 12-ին՝ ճաշ. եփած անյուղ միս, ապուր, բանջարեղեն, ոչ մեծ քանակությամբ մրգահյութ:

Ժամը 17-ին՝ ետճաշիկ. թեյ,  մածուն:

Ժամը 20-ին՝ ընթրիք. շոգեխաշած սպիտակուցային ձվածեղ, հնդկացորենի շիլա, կիսել:

Ժամը 23-ին՝  մածուն, մեկ բաժակ մասուրի թուրմ, մի կտոր բժշկական երշիկ, սպիտակ հաց:

Եթե հիվանդը գիշերն արթնանում է, ապա նպատակահարմար է, որ նա խմի ջրով նոսրացված մի բաժակ կաթ կամ թեյ: Չի կարելի առավոտյան շատ ուտել եւ մեծ քանակությամբ հեղուկներ ընդունել, քանի որ քնից անմիջապես հետո մարսողական գեղձերը դեռեւս պատրաստ չեն ակտիվ գործունեության: Անհրաժեշտ է հիշել, որ սնունդը  պետք է լինի բազմազան եւ  թարմ: Պետք է խուսափել պահածոյացված մթերքներից: Այս ամենի հետ մեկտեղ հետեւեք կյանքի կենսառեժիմին: Նախ եւ առաջ շարժվեք, զբոսնեք թարմ օդում,  օրական գոնե 1 ժամ ոտքով քայլեք:

 

— Բժի՛շկ Խանսանամյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
— Սիրելի՛ ընթերցողներ, առողջ լինելու համար անհրաժեշտ է բարելավել աշխատանքային եւ կենցաղային պայմանները, կանոնավորել քունը, վերացնել կոնֆլիկտային իրավիճակները: Պետք է սնվել ճիշտ ռեժիմով եւ կալորիականության պահպանումով, գիրության հետ պայքարելով,  բավարար քանակի հեղուկներ օգտագործելով: Աղիքները պետք է դատարկել  ամեն օր:
Եղե՛ք  առողջ

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

64 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։