Երկրորդ երեխան ընտանիքում
Գաղտնիք չէ, որ երեխայի ճիչը տունը լցնում է երջանկությամբ ու բերկրանքով: Սակայն պետք չէ մոռանալ, որ ինչքան շատ երեխաներ կան ընտանիքում, այնքան շատ են հոգսերը, հատկապես մայրիկի համար: Դուք սպասում եք երկրորդ երեխային, եւ Ձեզ հանգիստ չի տալիս այն միտքը, թե կկարողանա՞ք արդյոք խնամել երկու երեխա միաժամանակ, ուշադիր եւ հոգատար մայր լինել…
Թեման պարզաբանում է «Փոքրիկ ճեմարանականներ» կենտրոնի հոգեբան Մարիա Համբարձումյանը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Ըստ Ձեզ, ինչո՞ւ է երկրորդ հղիության մասին լուրը երբեմն ուրախության հետ մեկտեղ մայրիկների մտահոգության տեղիք տալիս:
-Հայ ընտանիքում հայրը հիմնականում աշխատողն է, ֆինանսական կողմը ապահովողը, իսկ մայրը պետք է զբաղվի տան հոգսերով, երեխաների խնամքով: Այս դեպքում դերերի բաշխումը, որն ամրագրված է հայ ընտանիքում, երբեմն թույլ չի տալիս փոխօգնության գնալ. այսինքն` որ հայրիկը, բացի իր դրսի աշխատանքից, զբաղվի նաեւ տնային գործերով` թոթափելու համար կնոջ ծանրաբեռնվածությունը:
-Այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կնոջ մոտ:
-Մայրիկների մոտ կարող է առաջանալ գերհոգնածություն: Եթե նա կարողանում է ուշադիր եւ հոգատար լինել երկու եւ ավելի երեխաների նկատմամբ, ապա նրա համար դժվար է ժամանակ հատկացնել ամուսնուն, իրեն: Այս դեպքում ամուսինը պետք է փորձի հասկանալ կնոջը: Կոնֆլիկտներ չառաջանալու գործում մեծ է տղամարդու դերը: Շատ տղամարդիկ, զգալով կնոջ հոգնածությունը, գնում են փոխզիջման, վերանայում են որոշ պահանջներ:
Եթե կինը զբաղված է, չպարտադրել նրան, օրինակ, արդուկել այս կամ հագուստը: Ինչո՞ւ չէ, իրենք եւս կարող են կատարել որոշ գործեր` կնոջ ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար:
-Անքուն գիշերները կարո՞ղ են սթրեսի պատճառ դառնալ:
-Իհարկե, անշուշտ անքուն գիշերները կարող են դառնալ սթրեսի պատճառ: Այս անգամ ամուսինը պետք է հասկանա, թե ինչ հոգեվիճակում է կինը, փորձի օգնել նրան, հանգստացնել, ավելի չլարել իրավիճակը, հակառակ դեպքում կինը կարող է լուրջ հոգեկան խնդիրներ ունենալ, որոնք արդեն մասնագիտական լուծում կպահանջեն:
Ընդհանրապես անհնար է, որ ընտանիքի միայն մեկ անդամը փորձի լուծել բոլոր խնդիրներն ու հոգսերը: Այս դեպքում կոնֆլիկտն անխուսափելի կլինի: Պետք է փորձել վերաբաշխել դերերը, եթե այլընտրանք չկա: Այստեղ շատ կարեւոր է հայրիկի նրբանկատ մոտեցումը, նա պետք է զգա, հասկանա, որ կինը հոգնած է, ինչ-որ կերպ նրան ուշադրության արժանացնի, տեսնելով կնոջ գերլարվածությունը` փորձի հնարավորինս քիչ ծանրաբեռնել նրան:
Ընտանեկան կյանքում շատ բան է կախված ամուսիններից: Ոչ ոք չի կարող կարգավորել նրանց ծանրաբեռնվածությունը կամ զբաղվածությունը: Եթե նրանք սիրում են միմյանց եւ մտահոգված են իրենց հոգեկան ու ֆիզիկական լարվածությամբ, անպայման կփորձեն միասին ելք գտնել եւ դիմացինին հնարավորինս քիչ հոգսերով ծանրաբեռնել:
-Իսկ ի՞նչ դիրք է գրավում առաջնեկը երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
-Ընդհանրապես երկրորդ երեխայի ծնվելուց հետո ընտանիքում փոխվում է առաջնեկի դիրքը: Եթե նա սովոր էր ծնողների ուշադրության կենտրոնում լինել եւ ասպարեզում <<մրցակից>> չկար, ապա երկրորդ երեխայի ծնվելուց հետո իրավիճակը փոխվում է, որովհետեւ հայտնվում է ոչ միայն մրցակից, այլեւ մեկը, ով ուշադրության եւ խնամքի մեծ կարիք ունի: Ծնողի ուշադրության կենտրոնում արդեն փոքրիկն է: Այս ժամանակ մայրն ու հայրը պետք շատ մեծ ջանքեր գործադրեն, կարողանան երկուսին էլ պահել ուշադրության կենտրոնում, որպեսզի ոչ մեկն իրեն անտեսված չզգա: Եթե ծնողները չկարողանան ճիշտ պահին մեծին ներգրավել իրենց գործունեության մեջ, բնական աջակցություն ցույց չտան, ուշադրության իր բաժինը իրեն չտան, հնարավոր է, որ առաջնեկի մոտ առաջանան մի շարք հոգեբանական խնդիրներ:
— Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
— Սովորաբար առաջնեկի մոտ ի հայտ է գալիս մանկական խանդ: Երբ ծնվում է փոքրիկը, առաջնեկը մի փոքր դուրս է մնում ուշադրությունից եւ նրան թվում է, թե իրեն այլեւս չեն սիրում: Այստեղ կարեւոր է, որ ծնողները ճկուն լինեն եւ փորձեն ոչ միայն իրենց վարքով ցույց տալ, այլեւ ասել, որ նրանք շարունակում են նրան սիրել` անկախ ամեն ինչից: Բացի դրանից, ծնողները պետք է ճիշտ ժամանակին` մինչ փոքրիկի ծնվելն առաջնեկին բացատրեն, որ շուտով եղբայր կամ քույրիկ է ունենալու: Կարող են կիրառել զրույցներ, հեքիաթներ՝ այսպիսով նրան հոգեբանորեն պատրաստելով փոքրիկի ծնվելուն: Կարելի է նաեւ երեխային ներգրավել փոքրիկի խնամքի մեջ: Այդ ժամանակ նա կկարծի, թե ինքն էլ իր մեծ դերն ունի փոքրիկի խնամքի գործում, որ եթե ինքը չլիներ, ապա դժվար թե մայրիկը միայնակ կարողանար պահել փոքրիկին եւ խնամքն արդյունավետ չէր լինի:
Պետք է նշել նաեւ, որ առաջնեկները ցանկանում են, որ երկրորդ երեխան լինի հակառակ սեռի, որովհետեւ, թեեւ այս դեպքում նույնպես փոխվում է նրանց սոցիալական դիրքը, սակայն նրանք չեն ունենում մրցակից եւ նրանց կարծիքով ծնողների սերն էլ հավասարաչափ է բաշխված լինում: Նրանք կիսելու բան չունեն: Հետագայում երե-խաների միջեւ կոնֆլիկտ է առա-ջանում հիմնականում ինչ-որ բան, օրինակ՝ խաղալիքը, հագուստը կիսելու վերաբերյալ, նրանք նույն բանին են ձգտում: Եթե 2 երեխաները նույն սեռի են, ապա այս դեպքում ծնողներին խորհուրդ է տրվում նույն խաղալիքից գնել 2 հատ, որպեսզի խուսափեն կոնֆլիկտից: Նրանք նաեւ ցանկանում են կիսել ուշադրութունը, եթե ծնողը տվյալ պահին մյուսին է ուշադրության արժանացնում:
— Ի՞նչ կարող է անել հայրիկը երեխաների դաստիարակման գործում:
-Եթե մայրիկներն են հիմնականում զբաղվում փոքրիկի խնամքով, ապա շատ նպատակահարմար է, որ հայրիկն էլ զբաղվի մեծ բալիկի խնամքով, այսինքն՝ երեխային տա ծնողական գուրգուրանք, քնքշանք, միասին գնան զբոսանքի, որպեսզի մեծն իրեն ավելորդ չզգա: Այս դեպքում էլ մայրիկին թույլ կտրվի փոքր-ինչ հանգստանալ 2 երեխա խնամելուց, որը բավական դժվար է:
— Եվ վերջում, Ձեր խոսքը մեր ծնողներին:
— Սիրելի՛ ծնողներ, աշխատեք ճիշտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի ձեր երեխաները մեծանան առողջ հոգեկան մթնոլորտում: