Դաշտանի խանգարումներ
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Դաշտանի խանգարումներ

Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ:  Մանկաբարձ-գինեկոլոգ  Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի  խանգարումները կարող են ծագել տարբեր  պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական  գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան  ցնցումների հետեւանքով:

-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում  հետեւել է խիստ սննդակարգի  եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի:  Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:

-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:

-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը  կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում  չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:

-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել  մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն  անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն  առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում  կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել  հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել   սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում  են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ  առատանում: Դաշտանային ցիկլի  ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր  գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են  որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին  ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում  գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ  փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին  լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական  ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն  տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն  իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

1,368 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։