Առողջարար ըմպելիքներ
Խաղողի ըմպելիք
Մեկ բաժակ խաղողի հյութը խառնել մեկ բաժակ սև հաղարջի խյուսի հետ: Լցնել բաժակների կեսը, մնացած կեսը լցնել գազով հագեցված ջրով և ավելացնել մի քանի կտոր կերակրի սառույց:
Ըմպելիք «Առողջարար»
Մեկ բաժակ խնձորի խյուսը խառնել նույնքան սև հաղարջի հյութի հետ, աստիճանաբար ավելացնել մեկ բաժակ սերուցք՝ չդադարելով արագ խառնելը: Մատուցել գավաթներով, յուրաքանչյուրի մեջ դնել մեկական կտոր կերակրի սառույց:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Խաղողի և գազարի կոկտեյլ
Կես բաժակ գազարի հյութը խառնել մեկ բաժակ խաղողի հյութի և մեկ գդալ կիտրոնի հյութի հետ, ավելացնել մեկ ճաշի գդալ շաքարավազ և երկու գավաթիկ սպիտակ գինի: Գավաթների մեջ լցնել սառույցի մանր կտորներ, վրան լցնել կոկտեյլը: Համեմել աղացած մշկընկույզով: Մատուցել ձողիկներով:
Խաղողի ջուլեպ
Գավաթի մեջ լցնել նախապես սառեցված խաղողի հյութը (60 գրամ), անանուխի օշարակը (30 գրամ) և կիտրոնի հյութը (10 գրամ): Զանգվածը խառնել և ավելացնել մանրացրած սառույց ու նորից խառնել ըմպելիքը: Ըմպելիքի վերին շերտը ծածկել հարած սերուցքով:
Ըմպելիք «Դպրոցական»
Մեկ ձուն, շաքարի օշարակը (10 գրամ), խաղողի հյութը (20 գրամ) և կաթը (50 գրամ) խառնել հարիչով: Պատրաստի ըմպելիքը նոսրացնել լիմոնադով և խնամքով խառնել:
Խնձորի ըմպելիք
Եռացնել 0,5լ ջուրը երեք ճաշի գդալ շաքարավազով, մեջը լցնել մեխակ կամ դարչին, սառեցնել: Ավելացնել միջուկները մաքրած և քերած հինգ խնձոր: Վրան ճզմել մեկ կիտրոն: Խնձորները լուծել ջրում և համը կարգավորել կիտրոնի հյութի և շաքարի միջոցով: Մատուցել սառեցնելուց հետո, գավաթներով: Խորհուրդ է տրվում ըմպելիքին ավելացնել բալի կամ սև հաղարջի հյութ:
Ըմպելիք խնձորից և սալորից
Մեկ կիլոգրամ մարխոշ խնձորը լվանալ, մաքրել, հեռացնել միջուկները: Սալորը (250 գրամ) լվանալ, հեռացնել կորիզները: Մրգերն անցկացնել հյութաքամիչով, խառնել մեկ բաժակ եռացրած ջուր, համեմել շաքարով, սառեցնել և լցնել գավաթների մեջ:
Ըմպելիք «Աշնանային փունջ»
Երկու բաժակ ջուրը եռացնել շաքարով և կիտրոնի կեղևով: Սառեցնել: Խնձորը մաքրել, քերել (երկու մեծ խնձոր): Ավելացնել կիտրոնի կամ լոռամրգու հյութ (կարելի է նաև կիտրոնի աղի լուծույթ), որպեսզի գույնը չմգանա: Ավելացնել ջուր և 300 գրամ հասած, աղացած սալոր: Ըմպելիքը լցնել գավաթները, յուրաքանչյուրի մեջ ավելացնել քերած տանձ (երկու հատ) և մեկական կտոր կերակրի սառույց:
Խնձորի կոբլեր (ձմեռային)
Բարձր գավաթների մեջ, որոնց 2/3-ը լցված է մանրացված սառույցով, լցնել 80 գրամ խնձորի հյութ, 10ական գրամ կիտրոնի հյութ և բալի օշարակ: Ավելացնել պահածոյացված խնձոր, բալ, սալոր և խնամքով խառնել: Ըմպելիքը զարդարել պահածոյացված խնձորի բարակ կտրատված պատառիկներով: