Առողջ եղունգներ
Առողջություն եվ գեղեցկություն

Առողջ եղունգների գրավականը

Կանացի  գրավչության կարեւոր տարրերից են առողջ եւ խնամված եղունգները: Շերտավորված եւ դյուրաբեկ եղունգները մեր ժամանակներում հաճախակի հանդիպող խնդիրներից են: Այժմ վաճառքում կան եղունգների խնամքի համար նախատեսված շատ միջոցներ, բայց չէ՞ որ դրանք, վերջիվերջո, քիմիական ծագում ունեն: Կարեւոր է իմանալ, թե ինչ է անհրաժեշտ Ձեր եղունգներին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Եղունգները սովորաբար կոտրատվում են կալցիումի, կայծքարի անբավարարությունից: Հենց կայծքարն է եղունգներին տալիս ճկունություն եւ ամրություն:
Եղունգները շերտավորվում են նաեւ սնկերի առկայությունից կամ A վիտամինի անբավարարությունից: Ինչպե՞ս տարբերել` եղունգների շերտավորումը սնկային հիվանդությա՞ն, թե՞ A վիտամինի անբավարարության  արդյունք է:
Շատ պարզ. եթե  մաշկը մաքուր է, ապա եղունգների  հիվանդությունը վիտամինների անբավարարության արդյունք է:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Եղունգների առողջության համար անհրաժեշտ է օգտագործել ճարպեր (եղունգներում այն պետք է լինի 14%). առանց ճարպերի չեն ներծծվում A, D, E, K վիտամինները:

Օգտակար է եղունգներին կիտրոն, սխտոր, սոխ քսելը:

Եղունգների աճի համար անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերն են`

A վիտամինը, որը կա դդմի, քաղցր տաքդեղի, սեխի, սրոհունդի, դեղձի, մաղադանոսի, հազարի, կանաչ սոխի մեջ:

Ծծումբը. պարունակվում է  կաթնաշոռի, սխտորի, ծնեբեկի մեջ:

Կալցիումը, որով հարուստ են կաղամբը, կաթը, պանիրը, կաթնաշոռը, արեւածաղիկը, ընկույզը:

Ցինկը. պարունակվում է  ծովաբույսերի, տավարի մսի, լյարդի, ծովակաղամբի, սոխի մեջ

Մագնեզիումը.  պարունակվում է բանանի, ձավարեղենի, նուշի, լոբու, ոսպի մեջ:

Բացի նշվածներից, եղունգների աճման համար անհրաժեշտ է մարմնամարզության միջոցով ամրացնել անոթները, քանի որ անոթների վիճակով է պայմանավորված եղունգների ամուր լինելը:

Լաքը չորացնում է եղունգները: Դրանք կոտրատվելուց պաշտպանելու համար օգտակար է հետեւյալ միջոցը. 5 րոպե մատերի եղունգներն ընկղմեք գոլորշու վրա տաքացրած 15գ կարագից եւ 85գ ձիթապտղի յուղից պատրաստված թանձրուկի մեջ: Հետեւեք, որ տաք թանձրուկը ծածկի եղունգները: Նույնը կրկնեք ամեն երեկո, 8 օրվա ընթացքում: Թանձրուկից կարելի է օգտվել մի քանի անգամ՝ այն տաքացնելով գոլորշու վրա:

Որպեսզի եղունգները ամուր լինեն եւ չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետեւյալ խառնուրդով՝ 5գ շիբ, 25գ գլիցերին եւ 70գ ջուր:

Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդակարգի դեպքում եղունգները բարակում են եւ կոտրատվում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետեւյալ քսուքով. 30 գ յոդի թուրմ, 30 գ գլիցերին եւ 30 գ 700 գինու սպիրտ: Օգտակար է նաեւ 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ:

Սիրելի՛ ընթերցողներ, այսպիսով, եղունգների հետ կապված խնդիրների դեպքում նախ պետք է պարզել վիտամինային անբավարարության պատճառը, եւ  քանի որ դա կարող է լինել որեւէ հիվանդության հետեւանք, ուստի պետք է վերացնել բուն պատճառը:

Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։