Ամուսիններ
Տղամարդ եվ կին

Անպտղությունն առանց պատճառի չի լինում

— Խնդրում եմ գրել կանանց եւ տղամարդկանց անպտղության պատճառների մասին:
Լուսինե

«Անպտղությունը հիվանդություն չէ: Դա անակնկալ տարերային աղետ է, որի համար հաճախ ոչ ոք մեղավոր չէ: Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը պարգեւում է ամուսիններին սեքսուալ զգացումը, հաճախ դառնում է ամուսնալուծության, նաեւ նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ:   Անպտուղ ամուսնությունը կարեւոր հիմնախնդիր է սոցիալական եւ բժշկական առումներով»- մեզ հետ զրույցում պարզաբանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Բժի՛շկ Շահրամանյան, ո՞րն է կոչվում անպտուղ ամուսնություն:
-Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող են մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը: Անպտղությանը կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:

-Եկեք խոսենք տղամարդկանց անպտղության մասին:
-Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային անպտղության ժամանակ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմնահեղուկի ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սերմնաբջիջների ոչ բավարար քանակությամբ եւ շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված` մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից են՝
գաղտնամորձությունը (երբ ամորձիները թերզարգացած են լինում, մնում են որովայնի խոռոչում եւ չեն իջնում ամորձապարկ).
սերմնատար երակների լայնացումը, որը պայմանավորված է այդ երակում ճնշման բարձրացմամբ:

-Խնդրում եմ նշեք նաեւ երկրորդային անպտղության պատճառները:
-Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաեւ խոզուկ, տուբերկուլոզ, բրուցելոզ առաջացնող վարակների,  վնասվածքների հետեւանք է: Սակայն  ավելի հաճախ պատճառը ժամանակին չհայտնաբերված և չբուժված  սեռավարակներն են` գոնոռեան, տրիխոմոնոզը, քլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը: Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի եւ գեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ եւ կոշտություններ, որոնց հետեւանքով ստեղծվում է սերմնաբջիջների դուրս գալուն խանգարող մեխանիկական արգելք, եւ սերմը դառնում է անկենսունակ:

-Հագուստը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ:
-Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երեւույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետեւանքներ են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված եւ շատ կիպ հագուստը, որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել` դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:
Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկական առումով առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սերմնաբջջի եւ ձվաբջջի բացասական քիմիական հակազդեցությամբ, ինչն անհնարին է դարձնում նրանց միացումը:

-Իսկ որո՞նք են կանանց անպտղության պատճառները։
-Տարբեր են նաեւ կանանց անպտղության պատճառները: Դրանք նույնպես լինում են առաջնային եւ երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինն անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:
Առաջնային անպտղության գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան եւ հորմոնալ   խանգարումները: Հաճախ անպտղության պատճառ են դառնում ներքին սեռական օրգանների բորբոքային երեւույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը եւ արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին` բորբոքման հետեւանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, եւ սերմնաբջիջն անկարող է հաղթահարել այդ արգելքը:

-Արհեստական վիժումը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ:
-Անպտղության առավել տարածված պատճառներից մեկը հենց արհեստական վիժումն է (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլը, խանգարվում է ներզատիչ գեղձերի աշխատանքը:
Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային մահով, ինքնաբեր վիժումով: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է եւ պահանջում է տեւական ու հետեւողական ուսումնասիրում:

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ սեռական առողջությունը բարելավելու միտումով ոմանք ինքնակամ ընդունում են խթանիչներ:
-Քիչ չեն այն դեպքերը, երբ երիտասարդները, լսելով սեռախթանիչ դեղերի գայթակղիչ գովազդը, վազում են դեղատուն` “հրաշք” դեղահաբերը ձեռք բերելու եւ անառիթ ու անկանոն օգտագործելու: Այնուհետեւ սկսում են անսարք հեռախոսի սկզբունքով ընկերներին ու մտերիմներին խորհուրդ տալ օգտագործել այդ դեղամիջոցերը` սեռական կյանքի “որակը” բարելավելու համար:
Իրականում նախքան դեղամիջոցերի ընդունելն անձը պետք է պարտադիր հետազոտվի բժիշկ-սեքսոպաթոլոգի մոտ: Սեքսոլոգիական հետազոտությունից հետո բժիշկը նշանակում է բուժման կուրս` ներառելով տվյալ անձի համար անհրաժեշտ դեղամիջոցները, դրանց ընդունման ձեւերը, հատուկ սննդակարգը, սեռական կենսակերպը եւ այն: Այսինքն` ցանկացած սեքսոլոգիական բուժում խիստ անհատական է:   Երբեք չի կարելի ինչ-որ դեղ, առավելեւս` սեռական առողջության ոլորտի, օգտագործել երբ ուզես, կամ հենց այնպես` «որակը լավացնելու համար», քանի որ արդյունքում կարելի է այդ «որակը» ընդմիշտ կորցնել:

Հ.Գ. Այսպիսով, ոչ մի դեպքում պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, իսկ ժամանակին բժշկի դիմելով եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան բուժում ստանալով կարելի է խուսափել առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներից, այդ թվում նաեւ անպտղությունից:

Հեղինակ՝ Վլադ Մուրադյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։