Վախենանք, որպեսզի չզկրտա՞նք
— Ես տարվա մեջ 1-2 անգամ, 3-4 օրով զկրտում եմ: Ինչի՞ հետ է դա կապված, ի՞նչ խորհուրդ կտաք:
Գոռ
Երբևիցե ձեզ հետաքրքրե՞լ է այն հարցը, թե ինչու ենք մենք զկրտում, ինչո՞ւ է զկրտոցն սկսվում րոպեական, ինչո՞ւ ոմանց մոտ այն տևում է երկար, ոմանց մոտ՝ կարճ: Ի վերջո, ի՞նչ է զկրտոցը, արդյո՞ք այն պետք է համարել օրգանիզմի կողմից տրվող ազդանշան:
Այս և այլ հարցերի պատասխանները մենք փորձեցինք գտնել դիետոլոգ, գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանի հետ զրույցում:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Ո՞րն է զկրտոցի պատճառը:
— Պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ զկրտոց կարող է առաջանալ այն ժամանակ, երբ դիաֆրագմալ նյարդը բորբորքվում է, կամ եթե ստամոքսը գերլցված է: Հարկ է նշել, որ վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքը հնարավոր է առաջացնեն զկրտոց: Սակայն պետք է նշել, որ ամենատարածված պատճառներից են մրսածությունը և ալկոհոլի չարաշահումը: Եթե այսպես թվարկեմ, հավատացե՛ք, կարող եմ բազմաթիվ հանգամանքներ նշել, որոնք զկրտոցի պատճառ կարող են հանդիսանալ, սակայն ավելի կոնկրետ իմանալու համար, թե տվյալ պարագայում ինչի՞ց է առաջացել զկրտոցը, պետք է դիմել բժշկի:
— Գոյություն ունի՞ որոշակի սննդակարգ, որը թույլ չի տա զկրտալ:
-Ո՛չ, պետք է ասեմ, որ նման կոնկրետ սննդակարգ չկա: Երբ մենք խոսում ենք զկրտոցի մասին, շատերի մոտ կարծիք է ստեղծվում, թե այն սննդի խախտման արդյունք է, սակայն իրականում սնունդն այստեղ այդքան էլ կարևոր չէ: Սնունդը միևնույնն է այն դեպքում, երբ զկրտոցն առաջանում է ստամոքսի գերլցված լինելուց, դիաֆրագմալ նյարդի բորբոքումից կամ, օրինակ, թափառող նյարդի բորբոքումից: Ուստի այստեղ պետք է գտնել բուն պատճառը, իսկ սննդային ինչ-որ սահմանափակումներ, կամ էլ կոնկրետ սննդակարգ գոյություն չունի:
— Շատ ժամանակ մարդիկ սկսում են զկրտալ, երբ հուզվում են: Հուզմունքը կարո՞ղ է զկրտոցի պատճառ լինել:
-Այո, իհարկե, շատ հնարավոր է, որ զկրտոցն առաջանա նաև հուզմունքից: Այս դեպքում պատճառը նյարդի գրգռված լինելն է: Այո՛, հուզմունքը ևս կարելի է դասել հաճախակի հանդիպող պատճառների թվին:
— Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ երեխաներն ավելի հաճախ են զկրտում:
-Երեխաներն ունեն շատ փոքրիկ ստամոքս, և երբ նրանք հաց են ուտում, բնական է, որ ստամոքսը շատ շուտ է լցվում, քանի որ այն խիստ սահմանափակ է: Այդ իսկ պատճառով հարկավոր է նրանց ուղղահայաց պառկեցնել, որպեսզի գազերը դուրս գան, և ստամոքսում որոշակի տեղ ազատվի:
— Եկեք անդրադառնանք ընթերցողի հարցին. «Ես տարվա մեջ 1-2 անգամ, 3-4 օրով սկսում եմ զկրտալ: Ի՞նչ խորհուրդ կտաք»:
-Կարծում եմ, որ սա ևս նյարդի գրգռման հետևանք է: Այս դեպքում դիաֆրագմալ նյարդը գրգռվում է, անցնում մկաններին: Սա հիմնականում նյարդային համակարգի հետ է կապված, կարող է առաջացնել նաև կծկանք: Այս դեպքում պետք է թուլացնել նյարդերը և փորձել ամեն ինչ անել, որպեսզի տվյալ անձնավորությունը լինի շատ հանգիստ վիճակում: Կարծում եմ, ճիշտ կլինի այցելել բժշկի և փորձել գտնել կոնկրետ օջախը:
— Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ կարելի է անել զկրտոցը դադարեցնելու համար:
-Առաջինը, որ կնշեմ, ամենատարածվածն է՝ մեկ բաժակ ջուրը մեկ շնչով խմելը, օգնում է նաեւ որևէ թթու բան, հատկապես կիտրոն ուտելը:
Շատ հետաքրքիր ժողովրդական միջոցներ նույնպես կան: Օրինակ՝ երբ վախեցնում ենք զկրտացողին, նրա զկրտոցը միանգամից անցնում է:
Երբ ինչ-որ անսպասելի բան են ասում, ուղեղում ուրիշ դոմինանտ է ստեղծվում, և զկրտոցը միանգամից անցնում է, քանի որ ակամայից մարդը մոռանում է զկրտալու մասին:
Կա ևս մեկ ավանդական միջոց, երբ, հիմնականում երեխաների ճակատին, կարմիր թել են կապում: Ուշադրությունը սևեռելով այդ կարմիր թելին՝ երեխաները մոռանում են զկրտալու մասին:
Պարզ է, որ զկրտոցն օրգանիզմի կողմից տրվող ազդանշան է, որի միջոցով մենք հասկանում ենք, որ վերջինս մեր օգնության կարիքն ունի: Մեզ մնում է հետևել այդ ազդանշանին և ժամանակին միջոցներ ձեռնարկել: