Հմայիչ մնալու գաղտնիքը
Ինչպե՞ս լինել խնամված եւ գեղեցիկ… Այս հարցում մեզ կօգնեն դիմահարդար-կոսմետոլոգ Արմինե Քոչարյանի խորհուրդները: Գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է հմայիչ լինել: Դրա համար պետք է ունենալ առողջ, խնամված տեսք եւ կարողանալ շրջապատի համար լինել հետաքրքիր:
— Արմինե, ճի՞շտ է այն միտքը, որ մաշկը մեր օրգանիզմի հայելին է:
-Իհարկե, ճիշտ է, մաշկի վրա մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն սնունդը, այլեւ մարսողական համակարգի՝ ստամոքսի, աղիների եւ այլ օրգանների առողջական վիճակը: Սնունդը մաշկի վրա բարենպաստ է ազդում, երբ այն բավարար է եւ կանոնավոր: Այն պետք է լինի ճիշտ պատրաստված եւ բազմազան: Սուր համեմունքների (սեւ եւ կարմիր պղպեղների), ինչպես նաեւ գրգռիչ խմիչքների (ալկոհոլ, սուրճ) չափից ավելի օգտագործումն անբարենպաստ են ազդում ոչ միայն մարսողական, այլեւ մյուս օրգանների գործունեության վրա: Դա էլ իր հերթին բացասական ազդեցություն է թողնում մաշկի վիճակի եւ տեսքի վրա: Այդպիսով, մշտական փորկապության եւ մարսողության խանգարման դեպքում ավելանում է ճարպագեղձերի արտադրած ճարպի քանակը, եւ դեմքին հայտնվում են պզուկներ, հետեւապես նաեւ քոր է առաջանում:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Ինչպե՞ս ազատվել պզուկներից եւ կորյակներից:
— Կան մաշկը մաքրող եւ բուժող դիմակներ, որոնց օգնությամբ կարելի է ազատվել այդ անցանկալի պզուկներից եւ կորյակներից:
Դիմակ կորյակներով ճարպոտ մաշկի դեպքում (ակնե)
2 ճ.գ. սպիտակ կավի փոշին խառնել 10-15 կաթիլ կիտրոնի հյութի եւ 20-30 գ. սպիրտի հետ՝ մինչեւ խյուս ստանալը: Քսել դեմքին, թողնել 10-15 րոպե, հետո լվանալ գոլ ջրով:
— Ինչպիսի՞ն պետք է լինի մաշկի խնամքը:
— Մաշկը մեր ուշադրության եւ խնամքի կարիքն ունի: Այն ավելի զգայուն է ու ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցություններին, ուստի խնամքը պարտադիր է: Առաջին հերթին՝ մաշկը եղանակային փոփոխություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է տնից դուրս գալուց 2 ժամ առաջ դեմքին քսել սնուցող կամ պաշտպանիչ քսուք: Կարող եք նաեւ տնային պայմաններում պատրաստել դիմակներ՝ չոր, կոպտացած եւ թեփոտված մաշկի համար:
1 ձվի դեղնուցը հարել, ավելացնել ցանկացած բուսական յուղ (նշի, ձիթապտղի եւ այլն) եւ 1 թեյի գդալ մեղր: Նուրբ խոզանակով կամ բամբակով քսել դեմքին, առաջին շերտի չորանալուց հետո քսել 2-րդը, ապա՝ 3-րդը: 20-25 րոպե անց տաք ջրում թրջած բամբակի օգնությամբ հանել դիմակը, լվանալ գոլ ջրով: Այս արարողակարգը կատարել շաբաթը 1-2 անգամ:
Տաք յուղային դիմակ. 30գ նշի յուղը տաքացնել եւ թրջելով բամբակի բարակ շերտը՝ դնել դեմքին, ծածկել պոլիէթիլենային անձեռոցիկով եւ սրբիչով՝ տաքությունը պահպանելու համար: Պահել 20-25 րոպե, ապա լվանալ գոլ ջրով:
— Ինչքանո՞վ եք կարեւորում դեղաբույսերի առկայությունը կոսմետոլոգիայում:
— Դեղաբույսերով բուժումը կիրառվել է դեռեւս հնուց: Վերջին ժամանակներս հետաքրքրություն է նկատվում դեղաբուսերի նկատմամբ, որոնք օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Դեղաբույսերը կիրառվում են մի շարք կոսմետիկական թերությունների շտկման, բուժման համար, ինչպես անմշակ վիճակում՝ կոմպրեսների, դիմակների, շոգեբաղնիքների համար, այնպես էլ վերամշակված պատրաստուկների ձեւով:
Այդ տեսակետից խորհուրդ կտամ մաշկի համար շատ օգտակար մի միջոց.
հավասար քանակությամբ խառնել երիցուկի, լորենու ծաղիկները, անանուխի եւ ուռենու տերեւներն ու կաղնու կեղեւը: Այս խառնուրդից 1 ճ.գ. լցնել արծնապատ ամանի մեջ, ավելացնել 2 լիտր սառը ջուր եւ 15 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Նախապես լավ լվանալ դեմքը եւ հենց գոլորշին բարձրանա՝ գլուխը ծածկել խավոտ սրբիչով, 20 սմ հեռավորության վրա դեմքը պահել գոլորշու վրա այնքան, մինչեւ գոլորշին անհետանա, մոտ 10-15 րոպե: Այնուհետեւ դեմքը լվանալ սառը ջրով կամ լոսյոնով: Շոգեբաղնիքը կատարել շաբաթական 1 անգամ:
Սնուցող եւ հարթեցնող դիմակ.
1 ճ.գ. մանր կտրատած սամիթը խառնել 1 թ.գ. ձիթապտղի յուղի հետ, ավելացնել մի քիչ վարսակի ալյուր, մինչեւ խյուսանման զանգված դառնալը լավ խառնել: Դիմակը հաստ շերտով քսել դեմքին եւ 20 րոպե անց լվանալ գոլ ջրով:
Գեղեցկությունը տրվում է ի վերուստ, բայց այն նույնպես կարիք ունի ուշադրության եւ խնամքի: Սիրելի՛ կանայք, եղե՜ք էլ ավելի հմայիչ՝ մի փոքր ժամանակ հատկացնելով ինքներդ ձեզ: Դուք դրան արժանի եք: