Կանխարգելեք դիսբակտերիոզը
— Խնդրում եմ մանրամասն գրել դիսբակտերիոզի առաջացման պատճառների մասին: Այն վերջնականապես բուժվո՞ւմ է, թե՞ ոչ:
Ամալյա, Երեւանից
Ցավոք, այսօր շատերն են տառապում դիսբակտերիոզից: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է առհասարակ նախ պարզել դիսբակտերիոզի առաջացման պատճառը եւ ըստ այդմ բուժում նշանակել:
Ընթերցողին հուզող հարցին պատասխանելու համար դիմեցինք բժիշկ-գաստրոէնտերոլոգ Սրբուհի Հրաչի Թարխանյանին:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Ի՞նչ է աղիքային դիսբակտերիոզը:
-Նախ սկսենք նրանից, որ աղիքային ֆլորան միկրոօրգանիզմների բարդ համախմբություն է: Իրենց կենսագործունեությամբ այդ միկրոօրգանիզմները փոխադարձաբար կապված են միմյանց եւ մարդու օրգանիզմի հետ: Նորմալ միկրոֆլորան պաշտպանողական դեր է կատարում օրգանիզմի համար, ունի բակտերիոցիդ եւ բակտերիոստատիկ հատկություններ, մասնակցում է ֆերմենտների եւ վիտամինների առաջացմանը: Աղիքային միկրոֆլորան ունի նաեւ իմունաբանական, դիմադրողականությունը խթանող, մարսողությանը նպաստող եւ այլ ֆունկցիաներ:
Դիսբակտերիոզը համախտանիշ է, որը բնորոշվում է աղիքային նորմալ միկրոֆլորայի որակական եւ քանակական փոփոխություններով: Աղիքներում հայտնաբերվում են մեծ քանակությամբ այնպիսի մանրէներ, որոնք նորմալ պայմաններում ավելի քիչ են:
— Որո՞նք են աղիքային դիսբակտերիոզի առաջացման պատճառները:
-Առաջացման հիմնական պատճառներն են օրգանիզմի դիմադրողականության անկումը եւ պաշտպանողական մեխանիզմների թուլացումը` կապված հակաբիոտիկների եւ հակաբակտերիալ պատրաստուկների օգտագործման, ինչպես նաեւ մարսողական, երբեմն էլ այլ օրգանների քրոնիկական ծանր հիվանդությունների եւ վիրահատությունների հետ: Առաջացմանը կարող են նպաստել նաեւ արհեստական սնուցումը (երեխաների մոտ), ոչ ռացիոնալ եւ միակողմանի սնունդը (ածխաջրային, ճարպային, սպիտակուցային),աղիքային վարակները, բնածին եւ ձեռքբերովի իմունային անբավարարության վիճակները, ֆերմենտային եւ վիտամինային անբավարարությունը, ակտիվ հորմոնային եւ ճառագայթային բուժումը, ինչպես նաեւ քաղցը եւ ալկոհոլի չարաշահումը:
Աղիքային քրոնիկական հիվանդությունների դեպքում դիտվող դիսբակտերիոզը ծանրացնում է ոչ միայն հիմնական հիվանդության ընթացքը, այլեւ հիվանդների ընդհանուր վիճակը, թուլացնում է մարսողական ֆերմենտների ակտիվությունը, վատացնում յուրացման եւ ներծծման գործընթացները աղիքներում, առաջացնում pH-ի փոփոխություններ եւ այլն:
-Որո՞նք են առհասարակ դիսբակտերիոզի ախտանշանները:
-Դիսբակտերիոզի հիմնական ախտանշաններն են մարսողության խանգարման երեւույթները, ինքնաթունավորումը, մարմնի զանգվածի կորուստը, փորափքանքը, սակավարյունության երեւույթները, լյարդի եւ փայծաղի մեծացումը, փորլուծությունը եւ այլն: Վաղ տարիքի երեխաների մոտ նկատվում են շփաբորբեր, կաթնախտ, բերանաբորբ, օջախային վարակի միացում եւ այլն:
Բարձր տարիքի մարդիկ գանգատվում են սրտխառնոցից, թուլությունից, բերանի տհաճ համից, ախորժակի վատացումից:
Դիսբակտերիոզն ախտորոշվում է անամնեզի, կլինիկական պատկերի հիման վրա: Ախտորոշումը հաստատվում է կղանքի միկրոֆլորայի կրկնակի քննությունից հետո:
-Ի՞նչ սննդակարգ է ցուցված կամ հակացուցված դիսբակտերիոզի դեպքում:
-Հարցը շատ հարաբերական է: Ինչպես արդեն ասացի, դիսբակտերիոզը (եթե առաջացել է ոչ թե հակաբիոտիկների չարաշահումից, այլ վերը թվարկված պատճառներից որեւէ մեկի հետեւանքով) համախտանիշ է, եւ մինչ այս կամ այն սննդակարգ նշանակելը, նախ հարկ է պարզել, թե ի՞նչ հիվանդության հետեւանքով է առաջացել, դիսբակտերիոզի ո՞ր խմբին է դասվում եւ այլն: Երբեմն հարկ է լինում սննդակարգի մեջ ավելացնել կաթնամթերքի քանակությունը, կամ հակառակը՝ պակասեցնել: Կապված այն երեւույթի հետ, թե աղիքներում որ միկրոֆլորան է գերակշռում եւ որն է ընկճված` սննդակարգերը տարբեր են:
-Իսկ դիսբակտերիոզը կարո՞ղ է որեւէ մաշկային հիվանդության պատճառ հանդիսանալ:
-Դիսբակտերիոզը կարող է ունենալ մաշկային դրսեւորումներ (գրգռվածություն, քոր եւ այլն): Եվ այս դեպքում մաշկի վիճակի մասին անհանգստանալու փոխարեն, անհրաժեշտ է նախ եւ առաջ զբաղվել աղիքների հետազոտմամբ եւ ախտորոշված հիվանդության բուժմամբ: Աղիքների լիարժեք եւ ճիշտ բուժումը կնպաստի նաեւ մաշկային դրսեւորումների վերացմանը: Իսկ եթե աղիքները մնան չբուժված, ապա որքան էլ փորձեք վերացնել մաշկային խնդիրը, միեւնույն է, որոշ ժամանակ անց խնդիրը կրկին գլուխ կբարձրացնի:
-Ինչպիսի՞ն է դիսբակտերիոզի բուժումը:
Աղիքային դիսբակտերիոզի բուժումը պետք է ուղղված լինի հիմնական հիվանդության բուժմանը` այն միկրոօրգանիզմների դեմ, որոնք առաջացրել են գործընթացը, միաժամանակ պետք է կարգավորի աղիքային միկրոֆլորան ընդհանուր առմամբ: Նախ պետք է դադարեցնել հակաբիոտիկների օգտագործումը: Կիրառում ենք օրգանիզմի ոչ սպեցիֆիկ գործոնները խթանող դեղամիջոցներ եւ կենսաբանական միջոցներ, որոնք կարգավորում են աղիքային միկրոֆլորան:
Վաղ տարիքի երեխաներին ցուցված է կրծքի կաթով կերակրումը, իսկ կաթի բացակայության դեպքում տրվում են թթու խառնուրդներ` “Նարինե”, մածուն եւ այլն: Սնունդը պետք է լինի դյուրամարս, վիտամիններով եւ հանքային աղերով հարուստ: Բուժման նպատակով կիրառվում են հակաբակտերիալներ, հականեխիչ նյութեր, պրեբիոտիկներ, պրոբիոտիկներ, հակասնկային միջոցներ եւ այլն: Աղիքային ֆլորայի կարգավորման նպատակով ցուցված են կենսաբանական պատրաստուկներ (կոլիբակտերին, բիֆիդումբակտերին, բիֆիկոլ եւ այլն):
Բուժման բաղկացուցիչ մասը վիտամինաբուժությունն է՝ C, B1, B6, B12 եւ այլն:
-Այնուամենայնիվ, դիսբակտերիոզը վերջնական բուժվու՞մ է, թե՞ ոչ:
Եվ եթե հիվանդին նշանակվում է հակաբիոտիկ, ի՞նչ դեղորայք պետք է օգտագործել հակաբիոտիկների հետ միաժամանակ՝ հետագայում նման խնդրի առաջացումից զերծ մնալու համար:
-Այո՛, դիսբակտերիոզը վերջնական բուժվում է հիվանդության ճիշտ ախտորոշումից եւ համապատասխան ճիշտ բուժում ստանալուց հետո: Իսկ հակաբիոտիկների հետ զուգահեռ անհրաժեշտ է ընդունել տվյալ հակաբիոտիկին պատասխան դեղահաբերը, դա կարող է լինել «Նարինե». «Նիստատին», «Միկոսիստ» եւ այլն:
—Եվ ո՞րն է ձեր խորհուրդը՝ ուղղված մեր ընթերցողներին:
-Նախ` ասեմ, որ շատ հաճախ դիսբակտերիոզով հիվանդանում են նրանք, ովքեր “սիրում” են զբաղվել ինքնաբուժությամբ: Շատերը նույնիսկ հասարակ գրիպի ժամանակ բժշկի դիմելու փոխարեն հակաբիոտիկ են ընդունում: Հետեւաբար խորհուրդ եմ տալիս չխուսափել բժիշկներից, մենք աշխատում ենք միայն ու միայն ձեր առողջության պահպանման ու վերականգնման համար: Չէ՞ որ յուրաքանչյուր բժիշկ, տարիներով կուտակած գիտելիքների եւ փորձառության շնորհի, նախկինում` հիվանդ, իսկ այսօր` արդեն առողջացած մարդու հետ ապրում է գոհունակության, հպարտության եւ բերկրանքի մեծ զգացում:
Եղե՛ք առողջ:
Մեկ մեկնաբանություն
Samvel
Bjishk jan arnandamis cayramsum verq e exel kashvi vra ev artadrutyun e galis inchice