Մազեր
Առողջություն եվ գեղեցկություն

Մազաթափությունը` ազգային խնդիր

Մազաթափությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկությանն անհանգստացնող խնդիրներից մեկը:  Խիտ և առողջ մազեր ունենալը յուրաքանչյուրիս երազանքն է:

Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն բնական միջոցները,  որոնց օգնությամբ կարող եք պայքարել մազաթափության դեմ, ունենալ առողջ եւ գեղեցիկ վարսեր:
Բռնչին եզակի հատապտուղ է: Առողջության համար օգտակարության աստիճանով շատ քիչ բույսեր կարող են համեմատվել դրա հետ: Զարմանալի չէ, որ բռնչին օգնում է հաղթահարել մազաթափությունը եւ հիանալի ամրացնում է մազածածկույթը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բռնչին հարուստ է C վիտամինով եւ երկաթով, ինչպես նաեւ ֆոսֆորով եւ A վիտամինով: Դրանում շատ են P եւ K վիտամինները: Հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ օրգանական թթուներ եւ  բազմաթիվ այլ օգտակար նյութեր, որոնք առողջարար են օրգանիզմի համար:

Բռնչիի վիտամինային ըմպելիքը, որը խորհուրդ են տալիս մաշկաբաններն ու տրիխոլոգները, շատ հեշտ է պատրաստել: Դրա համար պետք է վերցնել 20գ բռնչիի հատապտուղներ եւ լավ տրորել: Ստացված շիլային անհրաժեշտ է ավելացնել 1 գդալ մեղր եւ 1 բաժակ  եռացրած տաք ջուր: Բազմաթիվ վիտամիններով ու միկրոտարրերով հարուստ այս հրաշք ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ՝ ուտելուց առաջ, մեկ ամիս: Որոշ ժամանակ անց կուրսը կարելի է կրկնել: Միայն թե նկատի ունեցեք, որ բռնչիով եփուկներն ու թուրմերը արյան ցածր ճնշումից տառապողները պետք է մեծ զգուշությամբ ընդունեն, քանի որ դրանք կարող են իջեցնել զարկերակային ճնշումը:

Կա բռնչիի հիմքով մազերը խոնավացնող դիմակի մի շատ հետաքրքիր բաղադրատոմս: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 2ճ.գ. թարմ հատապտուղ, լավ ճզմել ու քամել: Ստացված հյութին պետք է ավելացնել 1ճ.գ. լավ կարմիր գինի եւ 1թ.գ. ձեթ կամ ձիթապտղի յուղ: Այս դիմակը մազերի վրա պետք է թողնել կես ժամ, այնուհետեւ լվանալ տաք ջրով եւ շամպունով:

Հաջորդ բույսը, որը շատ արդյունավետ է մազաթափության դեպքում, հալվեն է: Մարդիկ հալվեն բուժիչ նպատակներով օգտագործում են 3 հազար տարուց ավելի: Դեռեւս հին բուժակներն ամենատարբեր հիվանդություններ բուժում էին հալվեի տերեւների, հյութի միջոցով: Զարմանալի չէ, որ այդ բույսի բուժիչ հատկություններն ակտիվորեն օգտագործվում են ժամանակակից կոսմետոլոգիայում: Կանաչ հալվեի մզվածքն ընդգրկվում է բազմաթիվ գեղամիջոցների բաղադրության, այդ թվում նաեւ շամպունների, բալասանների, դիմակների եւ մազերը վերականգնող այլ միջոցների մեջ: Հալվե պարունակող դիմակները շատ արդյունավետ են մազաթափության դեմ: Հալվեի տերեւներն ու ցողունը պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, նախ եւ առաջ՝ B խմբի, C եւ E վիտամիններ: Դրանցում շատ է ալանտոինը եւ բետա կարոտինը: Հալվե պարունակող մազերի դիմակները հիանալի խոնավացնում եւ հանգստացնում են գլխամաշկը: Հալվեի հյութն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով: Այն հանգստացնում է քորը, վերացնում գրգռվածությունը եւ վերականգնում վնասված մաշկը: Ըստ այդմ, այն բարենպաստ ազդեցություն է թողնում մազարմատների վիճակի վրա եւ խթանում է մազերի աճը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դիմակի 3 բաղադրատոմս, որոնցում կիրառվում է հալվե:

Մազերի բուժումը հալվեի հյութով: Այդ նպատակով պետք է կտրել հալվեի մի քանի տերեւ, լավ լվանալ եւ չորացնել սրբիչով, ապա  12 ժամ թողնել սառնարանում: Այն տերեւները, որոնք կպահպանեն կանաչ գույնը, անհրաժեշտ է մանր կտրատել, մզել բուժիչ հյութը, քերել: Հալվեի հյութը մազերին պետք է քսել շաբաթական 1-2 անգամ, դրանով լավ ներմերսել գլխամաշկը եւ մազարմատները:

Մազերի դիմակ ձվի դեղնուցով, սերուցքով, մանանեխով եւ հալվեով: Այս դիմակն ունի ամրացնող եւ սնուցող ազդեցություն: Դրա պատրաստման համար անհրաժեշտ է 2 դեղնուց, 1ճ.գ. հալվեի մաքուր հյութ, 1 ճ.գ. մանանեխի փոշի եւ 2 ճ.գ. սերուցք: Բոլոր բաղադրիչները լավ խառնել: Դիմակը խորհուրդ է տրվում քսել չոր, չլվացված մազերին: Արդյունքի ուժեղացման համար կարելի է գլուխը ծածկել պոլիէթիլենով եւ փաթաթել տաք սրբիչով: Դիմակն անհրաժեշտ է պահել 15-20 րոպե, այնուհետեւ մազերը լվանալ տաք ջրով եւ շամպունով:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։