Անպտղություն
Փորձագետի խորհուրդներ

Անպտղություն պատճառները

-Որո՞նք են անպտղության պատճառները:
Անանուն

Լեհ նշանավոր սեքսոլոգ Մ. Վիսլոցկայան ասում էր. «Անպտղությունը հիվանդություն չէ, դա անակնկալ տարերային աղետ է, որի համար հաճախ ոչ ոք մեղավոր չէ: Այն ոչ միայն քայքայում է երկու մտերիմների ֆիզիկական առողջությունը, այլև ժանգի պես, հետզհետե քայքայում է նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը  ամուսիններին պարգևում է էրոտիկ զգացումը, հաճախ դառնում է ամուսնալուծության, նաեւ՝ նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ»:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Անպտղության մասին մանրամասներ իմանալու համար  զրուցեցինք բժիշկ-գինեկոլոգ Խաչատրյան Լաուրայի հետ:

— Լաուրա Գաբրիելովնա, ո՞ր ամուսնությունն է  համարվում անպտուղ:
 — Անպտուղ է այն ամուսնությունը, երբ հղիություն չի լինում համատեղ ամուսնական կյանքի մեկ տարվա ընթացքում: Նախկինում սերունդ չունենալու համար մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության պատճառ կարող են լինել հավասարապես  ինչպես կինը, այնպես էլ տղամարդը: Անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:

Տղամարդկանց ամլությունը լինում է առաջնային եւ երկրորդային:
Առաջնային անպտղությունը՝ երբ առկա է բեղմնավորման անկարողություն, առնչվում է սերմի հիվանդագին փոփոխությունների հետ, պայմանավորված է սերմնաբջիջների ոչ բավարար քանակությամբ եւ շարժունակության պակասով, երբեմն էլ՝ լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնալ խանգարումները, թունավորումները, զարգացման բնածին արատները:  Տղամարդկանց ամլության հաճախակի հանդիպող պատճառներից է գաղտնամորձությունը, երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում եւ չեն իջնում ամորձապարկ:

Երկրորդային անպտղությունը որպես կանոն, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաեւ՝ խոզուկ, տուբերկուլոզ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաեւ վնասվածքների հետեւանք է: Սակայն, ավելի հաճախ  պատճառը սեռավարակներն են` սուսանակ (գոնոռեա), տրիխոմոնոզ, խլամիդիոզ:

Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբջիջների եւ գեղձերի բորբոքում, հաճախ իրենց հետ բերում են կպումներ ու կոշտացումներ, որոնց հետեւանքով սերմնաբջիջների դուրս գալուն խանգարող մեխանիկական արգելք է ստեղծվում եւ սերմը դառնում է անկենսունակ:

— Մի փոքր էլ պատմեք կանանց անպտղության մասին:
— Տարբեր են նաեւ կանանց անպտղության պատճառները, որոնք նույնպես լինում են առաջնային եւ երկրորդային:
Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում:
Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինն անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:

Առաջնային անպտղության առաջացման գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի ֆունկցիայի թերացումը կամ բացակայությունը, նյարդահոգեկան խանգարումները, ներզատիչ գեղձերի հիվանդությունները, հորմոնալ խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երեւույթները, այդ թվում՝ զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորված է երկրորդային անպտղությունը: Սովորաբար բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլեւս չեն կրճատվում եւ արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին, բորբոքման հետեւանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում են փողերի լուսանցքերը եւ սերմնաբջիջներն անկարող են լինում հաղթահարել այդ արգելքը:

Երկրորդային անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Սակայն, եթե արհեստական վիժումն անգամ չի առաջացրել բորբոքում, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը, ներզատիչ գեղձերի գործունեության մեջ աններդաշնակություն է առաջանում: Լինում են դեպքեր, երբ հղիությունը սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով, ինքնաբեր վիժումով: Այս դեպքում խոսում են պտուղը կրելու անկարողունակության մասին: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է եւ պահանջում է տեւական ու հետեւողական բուժում:

Ի՞նչ եք կարծում, ավելի դժվար է կանա՞նց անպտղության պատճառների բացահայտումը , թե՞ տղամարդկանց:
— Անկասկած` կանանց մոտ անպտղության պատճառների բացահայտումն ավելի դժվար է, քան տղամարդկանց մոտ: Ցավոք, անպտղության ոչ բոլոր դեպքերն են բուժվում: Սակայն, չի կարելի շտապել եւ անզավակ ընտանիքին նախապես դժբախտ համարել, հարկավոր է բուժվել, երբեք չկորցնել  հույսը:

Հ․Գ․ խմբագրության կողմից

Այո, հենց հույսն ու հավատը երբեք մի՛ կորցրեք, հիշեք նաև բնության հզոր հնարավորությունների մասին, դիմե՛ք նաև բնական միջոցների օգնությանը, որոնք զերծ են կողմնակի ազդեցություններից և ի զորու են բարելավել առողջական վիճակը։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։