Սուրճ կոֆեին
Առողջ ապրելակերպ

Սուրճի օգտակար եւ վնասակար հատկությունները

-Խնդրում եմ գրել սուրճի օգտակար եւ վնասակար հատկությունների մասին:
Սվետլանա, Երեւանից

Տասնամյակներ առաջ գիտնականները հարցականի տակ դրեցին սուրճի՝ որպես ըմպելիքի,  անվտանգության հարցը: Ոմանք պնդում էին, որ սուրճի օգտագործումը զարկերակային բարձր ճնշման, սրտի առիթմիայի եւ սրտանոթային այլ հիվանդությունների, օստեոխոնդրոզի առաջացման պատճառ է դառնում, էլ չենք խոսում քաղցկեղի մասին: Ավելի ուշ, գիտնականների կողմից անցկացրած հետազոտությունների արդյունքում,  բոլոր մեղադրանքները հանվեցին: Այդ հետազոտությունները երկարատեւ էին եւ ընդգրկել էին առողջության տարբեր ուղղություններ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Մի փոքր կոֆեինի մասին
Սուրճի ազդող գլխավոր նյութը կոֆեինն է (1, 3, 7 տրիմետիլկսանտին): Այդ ալկալոիդը մտնում է թեյի տերեւների, սուրճի հատիկների, ընկույզի պարունակության մեջ: Այն ստանում են նաեւ սինթետիկ ճանապարհով: Կառուցվածքով եւ դեղաբանական հատկություններով կոֆեինը մոտ է թեոբրոմինին եւ թեոֆիլինին, բայց այն կենտրոնական նյարդային համակարգը գրգռող ավելի ուժեղ ազդեցություն ունի, մասամբ կիրառվում է որպես խթանիչ:

Կոֆեինի ֆիզիոլոգիական ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա ուսումնասիրվել է Ի. Պ. Պավլովի եւ նրա աշխատակիցների կողմից: Հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեինը խթանում եւ կարգավորում է գլխուղեղի կեղեւի գրգռման գործընթացները: Համապատասխան չափաբաժիններով այն ուժեղացնում է դրական պայմանական ռեֆլեքսները, բարձրացնում է շարժողական ակտիվությունը, մտավոր եւ ֆիզիկական աշխատունակությունը, վերացնում է հոգնածությունն ու քնկոտությունը, բայց մեծ չափաբաժինները կարող են հանգեցնել նյարդաբջիջների հյուծման: Կոֆեինի, ինչպես եւ այլ հոգեխթան միջոցների ազդեցությունը մեծ մասամբ կախված է բարձրագույն նյարդային գործունեության տիպից: Այդ իսկ պատճառով չափաբաժինը որոշելիս հարկ է հաշվի առնել մարդու նյարդային համակարգի առանձնահատկությունը: Կոֆեինը թուլացնում է թմրեցնող եւ քնաբեր միջոցների ազդեցությունը, բարձրացնում է ողնուղեղի ռեֆլեկտորային դյուրագրգռությունը, գրգռում է շնչառական եւ անոթաշարժիչ կենտրոնները: Կոֆեինը խթանում է սրտի գործունեությունը, սրտամկանի կծկումները դառնում են ավելի ինտենսիվ եւ հաճախակի:

Կոլապտոիդային եւ շոկային իրավիճակներում կոֆեինի ներգործությունից բարձրանում է զարկերակային ճնշումը: Նորմալ զարկերակային ճնշման դեպքում էական փոփոխություններ չեն նկատվում, քանի որ անոթաշարժիչ կենտրոնի գրգռման հետ միաժամանակ լայնանում են կմախքամկանների եւ մյուս օրգանների (գլխուղեղի, սրտի, երիկամների) արյունատար անոթները, սակայն որովայնախոռոչի օրգանների (բացառությամբ երիկամների) անոթները նեղանում են:
Ադենոզինը համարվում է ուղեղը խթանող գործընթացները թուլացնող գործոն, դրա փոխարինումը կոֆեինով բերում է խթանող արդյունքի: Կոֆեինի տեւական կիրառման դեպքում ուղեղի բջիջներում հնարավոր է ադենոզային նոր ռեցեպտորների առաջացում եւ կոֆեինի ներգործության աստիճանաբար թուլացում: Դրան զուգահեռ կոֆեինի ներմուծման հանկարծակի դադարեցման դեպքում ադենոզինը զբաղեցնում է բոլոր հասանելի ռեցեպտորները, ինչը կարող է նպաստել արգելակումը, որը դրսեւորվում է հոգնածությամբ, քնկոտությամբ, դեպրեսիայով:

Կոֆեինը (կոֆեին նատրիումի բենզոնատ) կիրառում են վարակիչ եւ այլ հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են կենտրոնական նյարդային եւ սրտանոթային համակարգերի գործառույթների հյուծմամբ,  թմրանյութերով եւ այլ թույներով թունավորումների, գլխուղեղի անոթների կծկանքի (անգար  եւ այլն) դեպքերում՝ հոգեկան եւ ֆիզիկական աշխատունակությունը բարձրացնելու եւ քնկոտությունը թոթափելու համար:
Սուրճի հատիկը  միջինը պարունակում է 13.9 %  ճարպեր, 4.1 %  յուրացվող ածխաջրեր, 1.5 %  կոֆեին (տրիմետիլքսանտին), 5.5 % դաբաղանյութեր, 6.5 %  սուրճի եթերային եւ քինաքինայի թթուներ, 1 % կիտրոնաթթու, 1  %  տրիգոնելին, 5 % միկրոտարրեր եւ հանքանյութեր, 1.2 %  պուրիններ, 0.4 % թրթնջուկաթթու, մնացածը չբոված սրճահատիկի չյուրացվող պոլիսախարիդներ են:

Սուրճի փոխազդեցությունն այլ նյութերի հետ
Կոֆեինը ավելացնում է շրջանառվող ճարպաթթուների մակարդակը, ինչը նպաստում է դրանց թթվեցմանը եւ ուտիլիզացմանը: Վազքով զբաղվող մարզիկները երկար տարիներ կոֆեինն օգտագործում են ճարպերի մետաբոլիզմի ուժեղացման նպատակով: Այդ առումով սուրճը շատ արդյունավետ է նրանց համար, ովքեր դեռ չեն վարժվել դրան, եւ կարող է օգնել ազատվելու ավելորդ ճարպերից: Սակայն կոֆեինը չի փակում ախորժակը, ընդհակառակը, գրգռում է այն: Բացի դրանից, այն խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, այնպես որ կոֆեինի օգտագործումն առանց սննդի կարող է հանգեցնել ստամոքսաբորբի եւ որպես հետեւանք` խոցային հիվանդության:
Որոշ հետազոտությունների տվյալների համաձայն կոֆեինն ասպիրինի տիպի անալգետիկների համադրությամբ լայնորեն կիրառվում է սովորական գլխացավի բուժման ժամանակ: Սակայն, այս առումով կոֆեինի արդյունավետությունը հաստատելու համար եղած տվյալները շատ քիչ են:
Եղջերասնկի ալկալոիդների (էրգոտամին) համադրությամբ կոֆեինը կիրառվում է անգարի  բուժման մեջ: Կոֆեինի ներծծումը ենթալեզվային կիրառմամբ լիարժեք չէ եւ հաճախ չի համապատասխանում թերապեւտիկ նպատակներին, այն դեպքում, երբ կոֆեինի հետ էրգոտամինի համաժամանակյա նշանակումը մեծացնում է ներծծման արագությունն ու լիարժեքությունը:

Սուրճը եւ սրտանոթային հիվանդությունները
Սրտանոթային համակարգի վրա սուրճի գլխավոր ազդեցություններից են զարկերակային ճնշման  կարճատեւ բարձրացումն ու անոթազարկի հաճախակիացումը: Սրա հիման վրա բժիշկները համարում էին, որ սուրճը նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, եւ այն կտրականապես արգելում էին խմել արյան բարձր ճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն եւ աթերոսկլերոզի այլ դրսեւորումներ ունեցող մարդկանց:

Զարկերակային բարձր ճնշման  իվանդություն
Կոֆեին չպարունակող սուրճի ի հայտ գալուն պես ենթադրվեց, որ այն չի բարձրացնի զարկերակային ճնշումը, եւ այդ իսկ պատճառով այն կարող են խմել նաեւ դրանից տառապող հիվանդները: Սակայն, հետազոտությունները ցույց տվեցին, որ 250մգ կոֆեինի ներերակային ընդունումը զարկերակային ճնշումը բարձրացնում է միայն այն մարդկանց մոտ, ովքեր սուրճ ընդհանրապես չեն խմում: Պարբերաբար սուրճ օգտագործողների զարկերակային ճնշումը կոֆեինի ներարկումից հետո չի բարձրանում: Ոչ պարբերաբար սուրճ օգտագործողների զարկերակային ճնշումը բարձրանում է  ինչպես կոֆեինի, այնպես էլ   սուրճի կամ կոֆեինից զուրկ սուրճի ընդունումից հետո: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ զարկերակային ճնշման բարձրացում առաջանում է ոչ թե կոֆեինից, այլ սուրճի մյուս բաղադրիչներից:

Շարունակությունը ՝ հագորդ հոդվածում։

Աղբյուր` Տնային Առողջարան

Մեկ մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։