Սթրեսը՝ հիվանդությունների պատճառ
Սթրեսը բազմաթիվ հիվանդությունների պատճառ է հանդիսանում։
Դրա մասին շատ ենք լսում, բայց լսելը մի բան է, իսկ իրականում սեփական փորձով բախվելը՝ բոլորովին այլ։
Իրականում շատ բան կախված է մարդու խառնվածքից: Սթրեսը յուրաքանչյուրի մոտ տարբեր դրսեւորումների պատճառ կարող է դառնալ՝ դեպրեսիայի, վախի կամ ներքին օրգանների որեւիցե հիվանդության:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Խոլերիկների մոտ սթրեսը հաճախ քողարկվում է սիրտանոթային հիվանդություններով, ինչպիսիք են՝ արյան բարձր ճնշումը, կաթվածներն ու տասներկումատնյա աղիքի խոցը: Սթրեսն ունակ է առաջացնել շաքարախտ, նևրոզ, դաշտանի խանգարում, հորմոնալ խանգարումներ, տեսողության վատացում և այլն։
Սթրեսն օրգանիզմի եւ մարդու հոգեկանի լարվածությունն է, որն առաջանում է ներքին եւ արտաքին գործոնների՝ սթրեսորների ազդեցության տակ: Սթրեսորները լինում են ե՛ւ տհաճ, տառապանք պատճառող, ե՛ւ հաճելի:
Տհաճ սթրեսոր է, օրինակ, բարձր ջերմաստիճանը, որը մարդուց եռանդ է խլում եւ թույլ չի տալիս նորմալ ու արդյունավետ աշխատել:
Հաճելի սթրեսներ մենք ապրում ենք այն ժամանակ, երբ, օրինակ, լավ աշխատանք ենք գտնում, տեղափոխվում ենք նոր բնակարան, ձեռք ենք բերում այնպիսի առարկաներ, որոնք մեզ համար շատ ցանկալի են եւ այլն: Դրանք, անկասկած, հաճելի իրադրություններ են, բայց, գումարվելով, կարող են հանգեցնել օրգանիզմի ֆիզիոլոգիական եւ հոգեբանական գերլարվածության: Այդպիսի վիճակի նշաններից են զարկերակային բարձր ճնշումը, գլխացավերը, անհանգստությունն ու որեւէ աշխատանքի վրա ուշադրությունը կենտրոնացնելու անընդունակությունը եւ այլն:
Սթրեսորների հիմնական տեսակներն են՝ առօրյա կյանքի փոքրիկ տհաճությունները (վեճեր, բախումներ, կռիվներ, բամբասանքներ եւ այլն), ցավերն ու անհարմարավետ վիճակները, կոնֆլիկտներն ու այլ դրդապատճառներ, շրջակա միջավայրի գործոնները:
Այդ բոլոր տհաճ իրադրությունների եւ խնդիրների դեպքում մարդն ունենում է այնպիսի հոգեբանական ախտանշաններ, ինչպիսիք են` նյարդայնությունը, շտապողականությունն ու տագնապախռովությունը, գործերն արդյունավետորեն առաջ մղելու անընդունակությունը, թախիծն ու դառնացածությունը, միայնության ու լքվածության զգացումը եւ այլն:
Կյանքի պայմանների փոփոխություններ՝ սթրեսորներ
Կյանքի փոփոխություններն առօրյա կյանքի տհաճություններից տարբերվում են առնվազն երկու առանձնահատկությամբ.
ա) Դրանք կարող են լինել ե՛ւ տհաճ, ե՛ւ հաճելի իրադարձություններ.
բ) Այդ փոփոխություններն ամենօրյա երեւույթներ չեն: Օրինակ՝ ամուսնանալը, բնակության վայրը փոխելը, հարազատին կորցնելը եւ այլն:
Ինչպես առօրյա կյանքի տհաճությունները, այնպես էլ լուրջ փոփոխությունները, հանգեցնում են ոչ միայն հոգեվիճակների, այլեւ ֆիզիկական առողջության վատացմանը: Կյանքի դրական փոփոխությունները եւս կարող են վնաս պատճառել առողջությանը:
Իմանալով այս ամենը` սիրելի՛ ընթերցողներ, եկեք սովորենք վերահսկել մեզ, հետաքրքիր եւ բովանդակալից դարձնենք մեր օրը, ապրենք բնության օրենքներին համահունչ, ջանանք բնական միջոցներով ամրապնդել մեր օրգանիզմը:
Դրականորեն տրամադրվենք, եւ այդժամ գուցե այդքան խոցելի չենք լինի եւ կկարողանանք արժանի հակահարված տալ սթրեսին:
«Տնային Առողջարան»