Պիլինգ
Առողջություն եվ գեղեցկություն,  Փորձագետի խորհուրդներ

Պիլինգն ունի հակացուցումներ

Մաշկը մեր խնամքի կարիքն ունի: Առողջ եւ հարթ մաշկ ունենալու համար կոսմետոլոգներն առաջարկում են զանազան միջոցներ եւ արարողակարգեր: Այսօր կխոսենք պիլինգի հակացուցումների մասին, կբացահայտենք տան պայմաններում մաշկը խնամելու որոշ գաղտնիքներ:

Այդ հարցում մեզ կօգնի կոսմետոլոգ Ելենա  Սահակյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Պիլինգն ունի՞ հակացուցումներ:
-Իհարկե, այն եւս ունի հակացուցումներ: Մասնավորապես պիլինգը հակացուցված է հորմոնալ խախտումների պատճառով առաջացած պզուկների, բորբոքային գործընթացների, վարակիչ հիվանդությունների, վահանագեղձի հիվանդությունների, ներքին օրգանների հետ կապված խնդիրների դեպքում, ինչպես նաեւ բարձր ճնշում ունեցողներին, ռազացեա` մուգ կարմիր դեմք ունեցող անձանց: Սակայն հիմնական հիվանդությունը բուժելուց հետո արդեն կարելի է պիլինգը կիրառել:

Գոյություն ունի՞ հետպիլինգային խնամք:
-Մինչ հետպիլինգային խնամքի մասին խոսելը պետք է նշել, որ յուրաքանչյուր մաշկ, անկախ ամեն ինչից, խնամքի կարիք ունի: Այդ նպատակով չի թույլատրվում դեմքն օճառով լվանալ, առանց այն էլ մեր ջուրը շատ «կոշտ» է, եւ այն փափկացնելու համար կարելի է լվացվելիս ջրի մեջ մի փոքր մրգային քացախ կաթեցնել կամ կիտրոնի աղ լուծել: Իսկ հետպիլինգային շրջանում պետք է նաև մաշկը լոսյոնով մաքրել (յուղոտ մաշկը` լոսյոնով, չորը` դեմքի կաթիկով): Խորհուրդ է տրվում նաև ձմռանը յուղոտ, սնուցող կրեմներ օգտագործել, իսկ ամռանը` խոնավացնող:

Գարունը մաշկի համար ավելորդ խնդիրներ բերու՞մ է, արդյո՞ք զգացվում է պիլինգի անհրաժեշտությունը:
-Այո, իսկապես, պիլինգը մաշկի համար առավել պահանջված գործընթաց է դառնում հենց գարնանը` մաշկը արթնացնելու, թարմացնելու նպատակով: Այն մաշկին օգնում է նաև պաշտպանվել գարնան արևից ու նրա առաջացրած հետևանքներից` պիգմենտային բծերից, լաքաներից:

Մի փոքր էլ խոսենք մարմնի պիլինգի մասին: Կարո՞ղ է այն ցելյուլիտի դեպքում ևս օգտակար լինել:
-Ինչպես մարդու դեմքը, այնպես էլ մարմինը, խնամք է պահանջում, նույնիսկ՝ ավելի հաճախակի: Մարմնի պիլինգի շնորհիվ մարմինն սկսում է շնչել, մկանները բացվում են, նյարդերը` թուլանում: Սագամաշկ ունեցողներին այս արարողակարգն օգնում է հարթեցնել մաշկը:
Իսկ ահա ցելյուլիտից ազատվելու համար համալիր աշխատանք է պետք: Եթե պիլինգին գումարվի առողջ սնունդ, ակտիվ կենսակերպ, լող, պիլինգը միգուցե օգնի, բայց ցեյլուլիտի դեպքում միայն պիլինգը  արդյունավետ չի կարող լինել:
Նշեմ, որ նույնիսկ առանց մասնագետի դիմելու, տնային պայմաններում կարելի է մարմնի պիլինգին փոխարինող սկրաբներ օգտագործել` շաբաթը 1 անգամ, լոգանք ընդունելիս: Արդյունքն իսկապես ակնհայտ կլինի:

Իսկ դեմքի պիլինգին փոխարինող ի՞նչ միջոց կառաջարկեք, որը հնարավոր կլինի տնային պայմաններում կիրառել:

-Սերուցքին կամ թթվասերին մի փոքր խմորիչ ավելացնել, թողնել մի քանի րոպե, այնուհետեւ քսել մաքուր, լոսյոնով կամ կաթիկով մաքրած խոնավ դեմքին: Եթե սերուցք եք կիրառում, այն պետք է քսել 3 շերտով, թթվասերը` 1 շերտով: Հետո մանրացրած վարսակաձավար կամ սպիտակաձավար տարածել ամբողջ դեմքով: Թողնել 2 րոպե և լվանալ: Այս արարողակարգը կատարել շաբաթը 1 անգամ: Այս միջոցը նաեւ դեմքը սնուցում է B խմբի վիտամիններով:

Մեկ այլ տարբերակ ևս , որը սնուցում է մաշկը և ձգում այն: Ձվի դեղնուցին ավելացնել ձիթապտղի յուղ և խնձորի հյութ, բամբակով քսել դեմքին և 7 րոպե թողնելուց հետո գոլ ջրով լվանալ: Իսկ սպիտակուցին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնելով ևս շատ օգտակար դիմակ կարելի է ստանալ ու կիրառել:

Մեր մյուս ընթերցողին հետաքրքրում է, թե ինչպե՞ս կարելի է պայքարել կորյակներից հետո դեմքին առաջացած հետքերի դեմ:
-Նախ պետք է պարզել` ինչ աստիճանի են այդ հետքերը: Խորացված սպիների ու ծակոտիների դեպքում տնային պայմաններում արված ոչ մի միջամտություն արդյունավետ լինել չի կարող, միայն քիմիական պիլինգով կարելի է դա հարթել, և անպայման՝ մասնագետի միջամտությամբ: Իսկ եթե այդ հետքերը լաքաների տեսքով են, կարելի է պարզապես դրանց գույնը բացելով հավասարեցնել դեմքի գույնին և խնդրից ազատվել:

Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար: Հուսով ենք, մեր ընթերցողները կհետեւեն Ձեր խորհուրդներին:

Հեղինակ` Էթերի Մամուլյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։