Սթրես
Հոգեբանություն

«Լվացեք» Ձեր սթրեսը

Բոլորիս ծանոթ են «Մեր կյանքը լի է սթրեսներով» կամ «Սթրեսն անխուսափելի է» եւ նմանատիպ այլ արտահայտությունները: Ցավոք, դա այդպես է: Սակայն ամենեւին էլ չի նշանակում, որ պետք է «զենքերը վայր դնել» եւ ենթարկվել սթրեսի հարվածներին, որոնք կարող են կործանարար անդրադառնալ Ձեր ինքնազգացողության եւ առողջության վրա: Իրականում կան արդյունավետ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է հաղթահարել սթրեսը:

Սթրեսը մեր օրգանիզմի պաշտպանողական հակազդեցությունն է շրջապատի փոփոխություններին:
Սթրես անգլերենից թարգմանաբար նշանակում է լարվածություն, օրգանիզմի յուրատեսակ հակազդեցություն արտաքին ուժեղ ազդակների նկատմամբ` լինի դա ֆիզիկական, թե հոգեբանական: Բժշկության, ֆիզիոլոգիայի եւ հոգեբանության մեջ գոյություն ունեն սթրեսի դրական եւ բացասական ձեւեր:
Կարեւոր է իրազեկ լինել սթրեսի ախտանշանների մասին, քանի որ այն շատ ժամանակ շփոթում են քրոնիկական գերհոգնածության, վիտամինային անբավարարության հետ:
Սթրեսի ախտանշաններն են գլխացավերը, ուժասպառությունը, հավատի, ինքնագնահատականի նվազումը, հիշողության տատանումները, տրամադրության անկումը, հոգնածությունը:
Կան մի քանի հստակ նշաններ, որոնց դեպքում կարելի է կողմնորոշվել եւ դիմել բժշկի՝ տեւական վատ տրամադրություն եւ հոգնածություն, տկարություն, լարվածություն եւ ընդհանուր գերզգայունություն, ինչպես նաեւ՝ երբ արդեն առավոտյան արթնանում եք հոգնած ու վատ տրամադրությամբ, ինքնազգացողության մասին սեւեռուն մտքերով:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Սթրեսային վիճակը բնորոշվում է թուլությամբ, բնական ֆունկցիաների խանգարումով. այն նյութափոխանակության խանգարում է, որը բխում է առկա գրգռիչ գործոններից: Դա հանդիսանում է կործանարար գործոն, խիստ բացասական հետեւանքներ է թողնում մարդու օրգանիզմի վրա՝ հանգեցնելով զանազան բարդ հիվանդությունների:
Ժամանակակից բժշկությունը հակված է կարծելու, որ բոլոր բարդ հիվանդությունների հիմքը սթրեսն է եւ նրա կուտակումները:
Սթրեսային վիճակի կարող են հանգեցնել հոգեկան վնասվածքները կամ անելանելի իրավիճակները, առօրյա մանր խնդիրները, կոնֆլիկտները, արգելքները, ճնշման զգացողությունը, սեփական անձի նկատմամբ չափազանց պահանջկոտությունը, աղմուկը, միատեսակ եւ լարված աշխատանքը, մշտական մեղադրանքները, ինքնաքննադատությունն ու ինքնադատապարտումը, ֆինանսական բարդությունները, անտեղի զգացմունքայնությունը, վեճերը, տեղափոխությունները:
Սթրեսային վիճակին ավելի հակված են կանայք, մեծահասակները, ցածր ինքնագնահատական ունեցողները,  նեւրոզով  հիվանդները, ալկոհոլամոլները:

Ինչպե՞ս  հաղթահարել  սթրեսը
. Օգնություն ստանալու նպատակով դիմել բժշկի (հոգեբան, հոգեբույժ)
.Ընդունել հանգստացնող թեյեր, եփուկներ
. Հաճախակի զբոսնել մաքուր օդում
. Ջրային արարողակարգեր կատարել, որոնց օգնությամբ կարելի է հաղթահարել սթրեսը
. Կոփել օրգանիզմը
. Հանգստանալ

.
Լիցքաթափվել

-Օրական առնվազն 1,5 լիտր ջուր խմել։

«Լվացեք» Ձեր սթրեսը ծորակի ջրով
Ոչ մի միջոց այնքան արագ չի կարող «լվանալ» սթրեսը, որքան՝ ջուրը: Տաք լոգանք ընդունեք կամ կանգնեք ցնցուղի տակ, եւ տաք ջրի հաճելի շիթը կլվանա-կտանի  օրվա ընթացքում կուտակված լարվածությունը: Լոգանք ընդունելիս խորը շունչ քաշեք, կզակը եւ քիթն ընկղմեք ջրի մեջ եւ արտաշնչեք քիչ բացված շրթունքների արանքից. մտածեք, որ Դուք արտամղում եք օրվա ընթացքում կուտակված զայրույթը, լարվածությունը:
Եթե լոգանքի կամ ցնցուղի հնարավորություն չունեք, ապա լայն շիթով բացեք ծորակը եւ թողեք, որ ջուրը հոսի՝ ցայտեր անելով: Նստեք լվացարանին այնքան մոտ, որ կաթիլները ցայտեն ձեզ վրա, շնչեք այդ օդը 10 րոպե: Կատարեք ամենապարզ ու հասարակ հակասթրեսային վարժությունը. փակեք աչքերը եւ ժպտացեք 5-10 րոպե՝ կրկնելով կախարդական արտահայտությունը. «Ամեն ինչ լավ կլինի»: Եվ համոզված եղեք, որ անպայման լավ կլինի:

Գիտնականները պարզել են, որ արցունքները շատ հուսալի  բուժամիջոց են սթրեսի դեմ:
Այն տղաները, ում մանկուց ներշնչում են, որ լաց լինելն ամոթ է եւ վայել չէ տղամարդուն, մեծանալով սկսում են տառապել փնջաձեւ գլխացավերից, որը կոչվում է արական անգար: Գլխացավի այս տեսակը կանանց չի սպառնում, որովհետեւ նրանց չի արգելվում լաց լինելը: Նրանք կարող են արցունքներին ազատություն տալ թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին: Մինչդեռ տղամարդն իրավունք չունի թեկուզ մեկ կաթիլ արցունք թափելու: Նման դեպքերում խորհուրդ է տրվում բարձր բղավել: Դա նույնպես օգնում է թոթափել ներսում կուտակված լարվածությունը: Բարձր ձայնը սարսափեցնելու միջոց չէ, այլ` արցունքների հոգեբանական այլընտրանք:

Շատերը փորձում են սթրեսի դեմ պայքարել ալկոհոլի օգնությամբ, սակայն այն ոչ թե մարդուն հանում է սթրեսային վիճակից, այլ հակառակը՝ կարող է կախվածություն առաջացնել: Այնպես որ, հարբածության աստիճանի հասնելը վտանգավոր է:
Շատերը սթրեսի ժամանակ դիմում են ֆիզիկական աշխատանքի օգնությանը: Ակտիվ ֆիզիկական աշխատանքն ու ցուրտը սթրեսների ժամանակ խստիվ հակացուցված են, որովհետեւ կլանում են էներգիայի լրացուցիչ քանակ:
Առհասարակ, նման դեպքերում ցանկալի չէ օգտագործել սուրճ եւ կոֆեին պարունակող ըմպելիք, յուղոտ ու տապակած մթերքներ եւ չի կարելի չարաշահել կենդանական ծագում ունեցող սպիտակուցները: Սթրեսի ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում են մեծ քանակությամբ ադրենալին ու կորտիկոստերոիդներ, որոնց համար անհրաժեշտ են վիտամիններ (C,B), մագնեզիում, ցինկ եւ այլ հանքային նյութեր: Սթրեսային իրավիճակներում օրգանիզմում այս տարրերի սակավություն է զգացվում: Հետեւաբար, սթրեսի դեմ առաջին հակահարվածը կարող է հանդիսանալ այն կերակրացանկը, որը կնպաստի օրգանիզմն այս տարրերով հագեցնելուն: Այդպիսի մթերքներ են կանաչեղենը, գազարը, դդումը, բոլոր տեսակի ընդեղենը, ձուկը, ընկույզը, ձեթը, բոլոր տեսակի, հատկապես՝ արեւադարձային ծագում ունեցող մրգերը, մասուրը, սեւ հաղարջը, մեղրը:

Մարդկանց մեծ մասը նյարդային լարվածության հիմնական պատճառ է համարում ժամանակի սղությունն ու այդ սուղ ժամանակում չտեղավորվելու խնդիրը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր մարդը տարեկան 300 ժամ ավելի շատ է աշխատում, քան քառորդ դար առաջ: Այսօր հալածված ձիու զգացողությունը շատերին է ծանոթ, որը նպաստեց քրոնիկական հոգնածություն բառեզրի առաջ գալուն, եւ ինչն էլ իր հերթին անհատին սթրեսի հանդեպ զգայուն է դարձնում: Տնտեսական ու կենցաղային խնդիրները եւս կարող են սթրեսի պատճառ հանդիսանալ:

Հեղինակ՝ Ռուզաննա Հեպոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։