Մասուր
Այլընտրանքային բժշկություն

Ի՞նչ գարուն առանց մասուրի

Իսկ գիտե՞ք, որ մասուրի  օգտագործումը հատկապես կարևոր է գարնանը։

Մասուրը  կանխում է թերվիտամինությունը, տարբեր հիվանդությունների առաջացումը, նաև քրոնիկական, քանի որ այն հարուստ է վիտամիններով, դաբաղանյութերով, օգտակար միացություններով: Հուրախություն մեզ, Հայաստանում այն աճում է  գրեթե ամենուրեք:  Մի խոսքով, սիրելի ընթերցողներ, եկե՛ք օգտվենք բնության բարիքներից, առողջացնենք մեզ եւ մեզ շրջապատողներին:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հայկական  տարանուններն են․
առվուկ, մասպար, մասրավարդ, մասուրա, վայրի վարդ, փշավարդ։

Դեղաբույսի նկարագրությունը
Մասրենին վարդազգիներին պատկանող բույս է, մինչեւ 2 մետր բարձրացող թուփ: Ունի փայտանման ամուր, չոր փշերով պատված, կանաչ դարչնագույն կամ գորշ շիվեր: Տերեւները հերթադիր են, բարդ, փետրաձեւ, ծաղիկները խոշոր են, երկսեռ, դուրեկան հոտով, սպիտակ, վարդագույն կամ դեղին: Պտուղն իլիկաձեւ է տանձաձեւ կամ ձվաձեւ, խակ վիճակում կանաչ, իսկ հասունանալուց հետո՝ կարմիր, սև կամ նարնջակարմիր: Այն կեղծ բազմակտիկ կամ բազմընկուզիկ է: Աճում է մեր հանրապետության անտառներում, թփերի մեջ, արտեզրերին, գետահովիտներում, լեռնալանջերում, գլխավորապես Մեղրու, Շամշադինի, Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ այլ շրջաններում:
Ունի շատ տարատեսակներ, մեր հանրապետությունում՝ մինչեւ 31 տեսակ: Դրանք բոլորն էլ ունեն այս կամ այն չափի բուժական նշանակություն:

Քիմիական բաղադրությունը
Պտուղները պարունակում են  վիտամիններ՝  C  P, B1, B2, K,E , A նախավիտամին, մինչեւ 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, լիկոպին, ֆլավոնոիդներ, անտոցիանային, պեկտինային եւ դաբաղիչ նյութեր, իսկ քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր եւ երկաթ: Սերմերում հայտնաբերված է կարոտին, E վիտամին, ճարպայուղ, օլիենաթթու, լինեոլաթթու եւ կարծր թթուներ: Տերեւները, արմատը եւ կեղեւը պարունակում են մեծ քանակությամբ դաբաղանյութեր: Երկաթի պարունակությամբ պտուղներն անհամեմատ գերազանցում են հաղարջը, ազնվամորին, նարինջը, խնձորը, կիտրոնը ու շատ այլ հատապտուղներ ու մրգեր:

Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում են պտուղները, որոշ չափով ծաղիկները, արմատը, կեղեւը: Պտուղները հավաքում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ դրանք արդեն կարմրած են լինում, բայց ոչ փափկած, չորացնում են արեւի տակ կամ վառարանում, պահում փայտե տուփերի մեջ՝ 2 տարի ժամկետով: 100 կգ թարմ պտուղներից ստացվում է 32-42 կգ չոր հումք: Ցրտահարված պտուղներն որոշ չափով կորցնում են իրենց հատկությունները: Տերեւները հավաքում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում հով տեղում՝ միջանցիկ քամու տակ: Նույն ձեւով չորացնում են ծաղիկները:

Դեռեւս իր ժամանկներում Հիպոկրատը նշել էր, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են, իսկ միջնադարում լայնորեն օգտագործում էին արյունախխումների ժամանակ: Ավիցեննան քթային արյունահոսությունների ժամանակ մասրենու տերեւները խառնում էր այլ դեղաբույսերի հետ, փոշու ձեւով ներշնչում նշանակում քթի խոռոչ, իսկ ծաղիկների հյութը թրջոցալաթի ձեւով, նշանակել է գարշահոտ հարբուխի դեպքում: Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները («նասրին», «մալահ» եւ :վայրի վարդ» անվանումներով) գինով եփված, ներքին ընդունման ձեւով, առաջ են բերում փորկապություն եւ միզակապություն: Եփուկը լոգանքի ձեւով օգնում է մաշկային հիվանդություններին:

Ռուսական բժշկության մեջ պտուղները եփուկի, կիսելի եւ թեյի ձեւով տալիս են վարակիչ մի շարք հիվանդությունների, թոքային պալարախտի, երիկամային, լյարդի եւ աղեստամոքսային ուղու խանգարումների, ախտահարումների ժամանակ: Գտնում են, որ երիկամաքարային հիվանդության դեպքում պտուղների պարբերաբար ընդունումից լուծվում են քարերը:

Հայկական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկն օգտագործվում է լոգանքի ձեւով՝ հետանցքի ցավերի եւ թութքի, հոդային ախտահարումների եւ նյարդարմատաբորբի ժամանակ:

Մասրենու պտուղները համարվում են հիանալի հակալնդախտային միջոց, միաժամանակ օգտագործվում են աթերոսկլերոզի, լյարդաբորբի, լեղապարկի բորբոքման (հատկապես թերլեղարտադրությամբ պայմանավորված), ծերունական տկարության, ստամոքսաբորբերի, խոցային հիվանդությունների եւ արգանդային արյունահոսությունների ժամանակ: Մասուրի օգտագործումը հատկապես ձմռան ու վաղ գարնան ամիսներին, կանխում է թերվիտամինությունը եւ նրա հետ կապված օրգանիզմում առաջ եկած շեղումները:

Գիտական բժշկության մեջ պտուղները լայն կիրառում ունեն:

Պարզված է նրանց հակալնդախտային, լեղամուղ, հակակարծրախտային, հակաբորբոքիչ, միզամուղ, ֆիտոնցիդային, մածող, վիտամինային եւ մի շարք այլ օգտակար հատկություններ:
C վիտամինն  ունի վերականգնող, օրգանիզմի գործընթացներն ակտիվացնող,  փոխադարձ կենսական երեւույթներն ուժեղացնող հատկություն: Այն ցուցված չափաբաժիններով (15մգ/կգ քաշին) խթանում է արյունաստեղծ համակարգը: Լայնորեն կիրառվում է լնդախտի, արյունահոսական նախատրամադրվածության, հեմոֆիլիայի, քթային, թոքային, արգանդային, ստամոքսաղիքային արյունահոսությունների, արյունազեղումներով ընթացող ճառագայթային հիվանդությունների, հակամակարդուկներով թունավորման, բազմաթիվ վարակիչ հիվանդությունների, լեղապարկի բորբոքումների, Ադիսոնյան հիվանդության, երկարատեւ չբուժվող վերքերի ու խոցերի, ոսկրային կոտրվածքների, արտադրական թույներով թունավորման ժամանակ եւ շատ ու շատ այլ դեպքերում: Սական  մեծ չափաբաժինները (50 մգ/կգ քաշին) առաջ են քաշում օրգանիզմի դիմադրողականության ճնշում, սակավարյունություն, լեյկոցիտների ֆագոցիտային ակտիվության նվազում, ենթաստամոքսային գեղձի ինսուլինային համակարգի գործունեության  ընկճում, մակերիկամների  գործունեության  շեղումներ:

Այն ընդհանրապես հակացուցված է թրոմբոզների ժամանակ: Ինչպես մասրենու պտուղների, այնպես էլ մասրենու այլ բնամթերքի C վիտամինի մեծ չափերով օգտագործումը վնասակար է օրգանիզմի համար: Վիտամին  C-ի օրական պահանջը կարելի է լրացնել 15 մասուրով, պտուղների մեջ պարունակվող այս կարեւոր վիտամինի  առկայությամբ մասուրը  10 անգամ գերազանցում է սեւ հաղարջին, 100 անգամ՝ խնձորին: Այսպես, ընդհանուր տկարություն, վարակիչ հիվանդությունների նկատմամբ դյուրընկալություն, լնդերի փխրունություն եւ արյունահոսություններ, բորբոքում, խոցակալում եւ մի շարք հիվանդություններ  գարնան ամիսներին հաճախ ի հայտ են գալիս վիտամին C-ի անբավարարությունից, որի պահանջը հղիների, կերակրող մայրերի ու ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների համար նորմայի համեմատությամբ գրեթե կրկնապատիկ է: Հիշեցնենք, որ նորման է 15մգ/կգ քաշին:

Պտուղներից ստացվող, փոքր-ինչ շաքարով, իսկ ավելի լավ է մեղրով համեմված  ջրաթուրմը, հիանալի հագեցնում է ծարավը, վերացնում փորի վքնածությունը, ճնշման ու ծանրության զգացումը: Մեկ ամիս տեւողությամբ այն ընդունելով՝ քրոնիկական թերսեկրետոր ստամոքսաբորբի դեպքում տեղի է ունենում ստամոքսի  գործունեության զգալի աշխուժացում, ստամոքսահյութի ժամային լարվածության, աղաթթվի ակտիվության որոշակի բարձրացում, մարսողության որոշ խանգարումների երեւույթների՝ այրոցների, բղկոցների, սրտխառնոցի ու ցավերի մեղմացում կամ վերացում:

Կիրառման եղանակները

Պտուղներից թուրմ պատրաստելու համար
40-50 պտղահատիկ 1 ժամ թրմել 1 լ եռման ջրում ու ըմպել օրվա ընթացքում։

10 գ պտուղ 30 րոպե թրմել 200մլ եռման ջրում, ապա ըմպել 1/4-1/2 բաժակ՝ օրական 2 անգամ:

Երեխաներին այս թուրմը տալիս են կես չափաբաժնով, կամ մեկ ճաշի գդալ (20 մգ) մանր փշրված պտղահումքի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր ու էմալապատ փակ ամանով 15 րոպե դնել ջրային բաղնիք, որտեղից հանելով թողնել 24 ժամ թրմելու, հետո քամել, ըմպել 1/4-1/2 բաժակ՝ օրական 2 անգամ:

20գ հումքը 1 ժամ թրմել 500 մլ եռման ջրում, այնուհետեւ քամել ու ըմպել՝ ուտելուց կես ժամ առաջ, 100ական մլ, օրը 2 անգամ:

20գ հումքը 1 բաժակ ջրում եփել 10 րոպե, ապա ըմպել 1/2-1 բաժակ, օրը 2 անգամ: Երեխաներին տալ այս եփուկի կես չափաբաժինը:

Տերեւներից թուրմ պատրաստելու համար
1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում եփել 10 րոպե, ապա թրմել 4 ժամ, քամել ու ըմպել 1/2 բաժակ, օրական 2-3 անգամ:

Պտուղները մանրացնելով վերածել փոշու, որից վերցնելով 1 ճաշի գդալ, 3-4 բաժակ ջրի մեջ եփել 8 րոպե, ապա  ընդունել թեյի ձեւով որպես վիտամինային ըմպելիք:

Տրորված պտուղներից 1 թեյի գդալ կես բաժակ ջրում եփել 7-10 րոպե, հովանալուց հետո ըմպել օրական 2 անգամ:

1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ ջրում եռացնել 10 րոպե, ապա թրմել 2-3 ժամ ու ըմպել 1/4-1/2 բաժակ՝ օրական 2 անգամ:

Մասրենու արմատներից եփուկ պատրաստելու համար
2 ճաշի գդալ մանր կտրատված հումքը եփել 200մլ ջրում, ապա հովացնել ու ըմպել մեկական բաժակ ՝ օրական 3 անգամ:

Մասրենու ծաղիկներից եփուկ պատրաստելու համար
1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եփել 20 րոպե, հովանալուց հետո օգտագործել թրջոցների ձեւով՝ աչքերի հիվանդությունների ժամանակ:

Լյարդի ցիռոզների ժամանակ
Վերցնել երկուական մաս սիզախոտի կոճղարմատ, մասուր եւ մեկ մաս եղինջ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմել մեկ բաժակ եռման ջրում, ապա ըմպել օրական 3 անգամ:

Որպես վիտամինային միջոց
Վերցնել 4 մաս մասուր եւ 5 մաս ազնվամորի: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 2 բաժակ եռման ջրի մեջ ու եռացնել 10 րոպե լավ փակված ամանի մեջ, 1 օր թողնել մութ սենյակում, հետո քամել ու ըմպել կես բաժակ, օրը 2 անգամ՝ ուտելուց առաջ:

 

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։