Գաթա
Առողջարար սնունդ

Արագ գաթաների բաղադրատոմսեր

Գաթա բազմաշերտ ու փխրուն

Վերցնել 5 ձու, լավ հարել արծնապատ ամանի մեջ, ավելացնել կես թեյի գդալ կիտրոնաթթու (կամ կես կիտրոնի հյութ), 1.5 բաժակ ջուր, լավ հարել, մինչեւ դառնա միասեռ հեղուկ: Հենց  կիտրոնաթթուն լուծվի, ավելացնել ալյուր եւ հունցել. պետք է ստացվի փափուկ խմոր: Պատրաստ լինելուց հետո թողնել, որ հանգստանա 15 րոպե:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Սեղանին  1 բաժակ ալյուր լցնել եւ դրա վրա 0.5կգ կարագը դանակով կտրատել (ոչ շատ մանր), կտորները լավ ալյուրապատել (չհունցել): Խմորը գրտնակով բացել, մեջը տեղավորել կտրատած կարագը, կողքերից խմորը վրա բերել, փակել ու նորից գրտնակել, ապա փաթաթել ռուլետաձեւ (կամ քառակուսի) եւ 40 րոպե դնել սառը տեղ, որ  հանգստանա:
40 րոպե անց խմորը գրտնակով բացել սեղանի վրա ոչ բարակ շերտով, նորից փաթաթել ռուլետաձեւ եւ նորից դնել սառը տեղ 30 րոպե, հետո նույնը կրկնել ևս մեկ անգամ ու դնել սառը տեղ՝  այս անգամ թողնելով 20 րոպե:

Խորիզ
3 ճաշի գդալ հալած յուղը քիչ տաքացնել, ավելացնել 1 բաժակ շաքարավազ,  վանիլին ու հարել այնքան, մինչեւ  զանգվածի գույնը սպիտակի, ապա ավելացնել ալյուրը եւ հունցել: Դառնում է ոչ թե սովորական խմոր, այլ փխրուն շաղախ: Պատրաստի խորիզը բաժանել մասերի, գունդ անել եւ դնել սառը տեղ:
Երբ խմորը կհանգստանա, այն բաժանել 4 գնդի, ապա հերթով գնդերը բացել, մեջը փռել խորիզը, կողմերից խմորը վրա բերել, փակել եւ գրտնակով բացել ոչ շատ բարակ շերտով:

1 ձու լավ հարել, քսել պատրաստի շերտերի երեսին, կտրատել փախլավաձեւ կամ քառակուսի, դասավորել թիթեղյա ամանի  մեջ (հատակին նախապես յուղ քսել կամ ալյուր շաղ տալ) ու թխել:
Այս ձեւով պատրաստված գաթան ստացվում է բազմաշերտ ու փխրուն:

Գաթա կաթնաշոռով

1 տուփ կաթնաշոռը խառնել 1 տուփ կարագի հետ, ավելացնել 1/2 թեյի գդալ սոդա, մեկ պտղունց աղ եւ այնքան ալյուր, որ ստացվի միջին պնդության խմոր: Խմորը բաժանել 3 մասի եւ թողնել 30 րոպե:
Յուրաքանչյուր գունդը գրտնակել, մեջը դնել խորիզ, փաթաթել, կտրատել, վրան ձու քսել եւ թխել:

Խորիզ
3 ճաշի գդալ յուղը, 1 բաժակ շաքարավազն ու 1 բաժակ ալյուրը լավ խառնել եւ խորիզը բաժանել 3 մասի:

Գաթա առանց ձվի

400գ մարգարինը 4 բաժակ ալյուրով սեղանի վրա դանակներով կտրատելլ այնքան, մինչեւ դառնա միատարր զանգված:
1 բաժակ գոլ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ  խնձորի քացախ, 1 թեյի գդալ կերակրի սոդա, ապա ստացված զանգվածի մեջ փոս անել եւ այդ հեղուկը քիչ-քիչ լցնեով խմոր հունցել: Կպչուն խմոր է ստացվում, որն ալյուրի օգնությամբ մի թեթեւ պետք է գունդ անել ու բաժանել 4 մասի: 100գ մարգարինը եւս բաժանել 4 մասի: Խմորի ամեն  մասը բացել քառակուսաձեւ, քսել մարգարինի մի բաժինը (25գ), ծրարաձեւ ծալել եւ դնել սառչելու: Այդ նույնը կրկնել երկու անգամ (առանց մարգարինի):

Խորիզը
Վերցնել 2 ճաշի գդալ հալած յուղ, 3/4 բաժակ շաքարավազ, կես բաժակ ալյուր, կես թեյի գդա կերակրի սոդա եւ միասին լավ հարել: Ստացվում է ոչ պինդ խորիզ: Բաժանել 4 մասի:

Խմորի յուրաքանչյուր մասը բացել 3մմ հաստություն եւ 20սմ լայնություն ունեցող երկար շերտերի: Շերտի ամբողջ երկարությամբ, 10սմ լայնքով դանակով քսել խորիզը, մյուս կեսը վրա բերել եւ եզրերն ամրացնել: Կտրատել ուղղանկյունաձեւ, ձու քսել եւ եփել: Ջեռոցը նախապես լավ տաքացնել, իսկ գաթաները դնելիս կրակը պակասեցնել:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։