Բանջարեղեն
Առողջ ապրելակերպ

Զգուշացեք նիտրատներից

Նիտրատները, ինչպես հայտնի է, բնության մեջ ազոտի շրջապտույտի անբաժան մասն են, բույսերի ազոտով սնվելու անհրաժեշտ տարրը, առանց որի անհնար է սպիտակուցների սինթեզի հույժ բարդ գործընթացների իրականացումը: Նիտրատները եղել են, կան եւ կլինեն, անգամ եթե բոլորը կտրականապես հրաժարվեն հողերը պարարտացնելուց:

Ի՞նչ անել, որպեսզի նիտրատների քանակը մթերքի մեջ կրճատվի, պարզապես պետք է 1 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանի ջրում:
Բանջարեղենում նիտրատների կուտակումը կախված է ոչ միայն հանքային պարարտանյութերի ներմուծման քանակից, այլեւ ժամկետից: Նրանց քանակը պայմանավորված է նյութի կենսաբանական ակտիվությամբ, եղանակային տվյալներով, նաեւ նրանով, թե բույսերն աճել են արեւի տա՞կ,  ստվերո՞ւմ, ջերմոցներո՞ւմ, թե՞ բացօթյա:

Գնելով միրգը, բանջարեղենը, բնականաբար, այս բոլորը չենք տեսնում, սակայն հետեւելով հայտնի արտահայտությանը՝ “Օգտագործեք որքան հնարավոր է շատ բանջարեղեն”, անտեսում ենք նիտրատների եւ նիտրիտների առկայության քանակը, նրանց վնասակարությունը: Ինչպես նաեւ հաշվի չենք առնում, որ նիտրատների ընդունման թույլատրելի նորման մեկ օրում 300-325 մգ է:
Նիտրատների հիմնական աղբյուր են հանդիսանում սամիթը, մաղադանոսը, գազարը, հազարը, բողկը, կանաչ սոխը, խմելու ջուրը, քիչ  քանակով նիտրատներ կան նաեւ մսի, կաթի, պանրի մեջ:

Նիտրատների քանակությունը որոշելու համար պարտադիր չէ ունենալ թանկարժեք ցուցիչ թղթեր՝ “ինդամ”, “նիտրան”:
Բավական է իմանալ, թե բույսի որ մասում են կուտակվում նիտրատները: Տարբեր բույսերի տարբեր մասերում նիտրատների քանակը տարբեր է: Նիտրատներով հարուստ են արմատներին մոտ հատվածը, ցողունները եւ այլն: Ամենաքիչ նիտրատներ պարունակում են  տերեւները: Մաղադանոսի, սամիթի, սպիտակագլուխ կաղամբի տերեւներում նիտրատները 80%-ով  պակաս են, քան, օրինակ, արմատներում կամ կաղամբի կոթում: Իսկ վարունգի եւ ամսական բողկի մեջ հակառակը՝ արտաքին շերտը 70% ավելի հարուստ է նիտրատներով, քան միջուկը: Այդ իմանալը շատ կարեւոր է հում աղցաններ պատրաստելիս:
Աղցանները սառնարանում կարելի է պահել առավելագույնը 2 օր: Դրանից հետո նիտրատները վերածվում են առողջության համար առավել վտանգավոր նիտրիտների:

Աղցանների համար նախընտրելի է օգտագործել ձեթ, քան մայոնեզ կամ սերուցք, որոնցում նիտրատներն արագ են վերածվում նիտրիտների:
Այս նախազգուշացումներն ամենեւին չեն նշանակում, որ նիտրատներից պետք է ամբողջովին հրաժարվել: Գործնականորեն դա անհնար է, իսկ տեսականորեն՝ նույնիսկ վնասակար: Նիտրատների դեմ պայքարելով՝ մենք պայքարում ենք նաեւ վիտամինների,  հատկապես C վիտամինի դեմ:
Պետք է ուղղակի պահպանել որոշ կանոններ եւ աշխատել սննդի մեջ ներառել սեւ եւ կարմիր հաղարջ,  վիտամիններով հարուստ այլ հատապտուղներ եւ մրգեր, խմել կանաչ թեյ: Վերջիններս չեզոքացնում են մարդու օրգանիզմ ներխուժած նիտրատների ազդեցությունը:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։