Պատվաստում
Այլընտրանքային բժշկություն,  Գիտական բժշկություն

Զգուշացեք բրուցելոզից

Բրուցելոզը վարակիչ հիվանդություն է, որը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից: Հիվանդությանը բնորոշ են երկարատեւ ընթացքը, նյարդային, սիրտ-անոթային, ինչպես նաեւ ոսկրահոդային համակարգերի ախտահարումները: Այս  հիվանդությամբ ավելի հաճախ հիվանդանում են կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը): Մարդը բրուցելոզով վարակվում է հիվանդ կենդանիների կաթնամթերք, ինչպես նաեւ կիսաեփ միս  օգտագործելու արդյունքում:

Սրացման շրջանում բրուցելոզի բուժումը պետք է անցկացվի ստացիոնար պայմաններում: Բրուցելոզի սուր ձևի, ինչպես նաև կրկնման ժամանակ նշանակում են հակաբիոտիկներ: Հիվանդության սուր նշանները չեզոքացնելուց հետո անցկացնում են պատվաստանյութերով բուժում, որը քրոնիկական մետաստատիկ ձևերի ժամանակ բուժման հիմնական միջոցն է: Պատվաստանյութն օրգանիզմ են ներմուծում  տարբեր եղանակներով` ներմաշկային, ենթամաշկային, ներմկանային, ներերակային: Պատվաստանյութի ներմուծման համար մշակված են համապատասխան սխեմաներ: Ենթամաշկային մեթոդի դեպքում կատարում են 3-4 օրվա ընդմիջմամբ 8-10 ներարկում: Առավել արդյունավետ է ներերակային ներարկումը, բայց այն պետք է զգուշությամբ կատարվի, քանի որ հնարավոր է հետպատվաստային հակազդեցություն: Ախտանշանային բուժման համար նշանակում են հակաբորբոքային միջոցներ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Լայնորեն կիրառվում են ֆիզիոթերապևտիկ արարողակարգեր (դիաթերմիա, սոլյուկս, ուլտրաբարձր հաճախականությամբ թերապիա, պարաֆինային ապլիկացիաներ): Ֆիզիոթերապևտիկ միջոցառումները ցուցաբերում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր ազդեցություն (ռեֆլեկտոր ճանապարհով)` նպաստելով ներծծմանը, բորբոքման վերացմանը, հյուսվածքների տրոֆիկ լավացմանը: Գերբարձր հաճախականությամբ հոսանքի դաշտն ուժեղացնում է նյութափոխանակությունը, լավացնում արյան և ավշի շրջանառությունը, նվազեցնում ցավը: Ուլտրամանուշակագույն ճառագայթումն ակտիվացնում է նյութափոխանակությունը, խթանում օրգանիզմի պաշտպանիչ ուժերը, նվազեցնում օրգանիզմի գերզգայունությունը տարբեր գրգիռների նկատմամբ, լավացնում է հյուսվածքների արյան շրջանառությունը: Հաճախ բրուցելոզի քրոնիկական ձևի դեպքում ախտահարված հոդի շրջանում կիրառվում է դեղամիջոցների էլեկտրոֆորեզ:

Քրոնիկական բրուցելոզով հիվանդներին ցուցվում է առողջարանային բուժում: Հանքաջրային բուժման կուրսը կազմում է 10-12 սուլֆիդային լոգանք՝ ծծմբաջրածնի միջին պարունակությամբ (60-80 մգ/լ) և ջրի 36-37oC ջերմաստիճանով: Արարողակարգի տևողությունը 5-15 րոպե է: Արարողակարգերն անցկացնում են 1-2 օրը մեկ:
Ցեխը կիրառում են 42-44oC ապլիկացիաների ձեւով: Արարողակարգի տևողությունը 10-15 րոպե է:
Հանքաջրային բուժումը թույլատրելի է կիրառել միայն մինչև 65 տարեկան հիվանդների դեպքում, 4 շաբաթից ոչ ավելի տևողությամբ: Դեռ Հիպոկրատն ասում էր. «Լոգանքներն օգնում են շատ հիվանդությունների ժամանակ, երբ մնացած բոլոր բաներն արդեն դադարել են օգնելուց»:

Վարակիչ հիվանդության ժամանակ ավելորդ ջերմություն արտադրելով՝ օրգանիզմն այդ անում է իր ջերմային պաշարների հաշվին: Հիպերթերմիկ լոգանքներն արտաքինից օրգանիզմ են մտցնում վարակազերծ ջերմություն՝ չդիպչելով օրգանիզմի սեփական պաշարներին:
Բրուցելոզի դեպքում նշանակում են կազդուրող բուժում, աշխատանքի ու հանգստի խիստ ռեժիմ, մնացորդային երևույթների դեպքում՝ մերսում և բուժական գիմնաստիկա: Արյան և ավշի շրջանառության լավացման, մկանների հիվանդագին լարվածության թուլացման համար նշանակում են բուժական մերսում: Ախտահարված հոդերի ֆունկցիոնալ վերականգնման նպատակներով բուժական մարմնամարզությունը  պարտադիր է:

Հին ժամանակներում բժիշկները բրուցելոզը բուժում էին գինիով ու բուսական միջոցներով:
Անհրաժեշտ է վերցնել պարիլյակի 100 գ արմատ և 2 լիտր ամենաբարձր որակի խաղողի գինի: Ցածրորակ գինիները պիտանի չեն, քանի որ պարունակում են տանին, իսկ վերջինս նվազեցնում է պարիլյակի բուժիչ ազդեցությունը: Պետք է թրմել 20-23oC ջերմաստիճանով սենյակում 2 շաբաթ, ամեն օր թափահարելով: Չափաբաժինը. խմել 1-ական օղու բաժակ, օրական 3 անգամ, ցանկալի է ուտելուց 1 ժամ առաջ:

Հոդային բրուցելոզով հիվանդների համար շատ օգտակար է խմել մեծ քանակությամբ գազարի ու նեխուրի հյութ: Չափաբաժինը. 300 գ նեխուրի հյութին ավելացնել 700 գ գազարի հյութ:

Խորհուրդ է տրվում հաճախակի ընդունել արևային լոգանքներ:
Բուժումն անհրաժեշտ է սկսել օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Մասնագետները խորհուրդ են տալիս օրգանիզմի մաքրումն ու քաղցը սկսել հետևյալ եղանակով: Առավոտյան 1 լիտր անգլիական աղը լուծել 1/2 բաժակ եփջրում, ավելացնել 2 կիտրոնի հյութ, վրայից սառը ջուր լցնել: 20 րոպե անց վերցնել 0,5-ական բաժակ գազարի ու նեխուրի հյութ կամ նույնքան ցիտրուսների (նարինջ, կիտրոն) հյութ, ավելացնել 1/2 բաժակ թորած ջուր ու խմել: Օրվա ընթացքում թորած ջրով հյութը խմել ամեն կես ժամը մեկ:
Մեկ օր մաքրումից հետո հարկավոր է անցնել քաղցին: 1-5 օր պետք է ընդունել միայն բանջարեղենային հյութեր: Ամեն երեկո հոգնա կատարել՝ արգասիքներից ազատվելու համար:

Բրուցելոզի ժամանակ ռևմատիզմի ծանր ձևերի, հատկապես հոդայինի բուժման ժամանակ հսկայական դեր ունեն նաև ռուսական և ֆիննական բաղնիքները, անպայման գոլորշով ու կեչու ավելով: Հիվանդ հատվածները պետք է շոգեհարել հնարավորինս ուժեղ ու երկար: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս հոդաբորբի բուժման համար բրուցելոզի ժամանակ խմել գրեյպֆրուտի հյութ: Այն ոչնչացնում է հոդերում ու խոռոչներում կուտակված հեղուկը: Պետք է խմել օրական երեք անգամ, 0.5-ական բաժակ:

Կոմպրեսների և շփումների համար կարելի է օգտագործել տարբեր միջոցներ:
Վերցնել 200 գրամանոց շիշը, մեջը դնել 1/4 շաքարի չափի քափուր: Շշի 1/3-ի չափով բևեկն ավելացնել, 1/3-ի չափով ձիթապտղի յուղ, իսկ մնացած 1/3-ն էլ լցնել 96-98oթնդության գինու սպիրտ: Օգտագործելուց առաջ թափահարել: Այս խառնուրդը քնելուց առաջ շփելով ներմերսել մինչև չորանալը, ապա փաթաթել բրդե շալով ու այդպես թողնել ողջ գիշեր:

Ամեն դեպքում, բուժումը պետք է իրականացնել միայն բժշկի հսկողությամբ: Իսկ հիվանդության կանխարգելման համար կաթնամթերքը պետք է պատրաստել եռացրած, մանրէազերծված կաթից, պանիրը  պահել աղաջրում 40-60 օրից ոչ պակաս, միսն էլ բավականաչափ եփել:

Հեղինակ՝  Լուսինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։