Կին
Փորձագետի խորհուրդներ

Խպիպը` հայերի խնդիր

— Խնդրում եմ գրել  տարածուն թունավոր խպիպի մասին:
Վարսենիկ, Երեւանից

Դեռևս վաղ ժամանակներից տեղաճարակային (էնդեմիկ) խպիպը տարածված է եղել աշխարհի գրեթե բոլոր վայրերում: Հիվանդությունն առավել շատ հանդիպում է լեռնային գոտիներում եւ նկատելիորեն քիչ` ծովերին ու օվկիանոսներին մոտ վայրերում:
Թունավոր խպիպը կանանց մոտ հանդիպում է 8 անգամ ավելի շատ, քան տղամարդկանց մոտ: Զարգանում է հիմնականում միջին տարիքում, սակայն հազվադեպ երեւույթ չէ նաեւ դեռահասների եւ երիտասարդների մոտ, հղիության ընթացքում, դաշտանադադարի շրջանում: Խպիպը վահանագեղձի ուռուցքանման մեծացումն է: Ուղեկցվում է այդ գեղձի ֆունկցիայի եւ օրգանիզմի ընդհանուր  վիճակի խանգարումներով: Տարբերում են խպիպի մի քանի  ձեւեր: Խպիպի առաջացման հնարավոր պատճառների եւ օրգանիզմում նյութափոխանակության բարելավման շուրջ զրուցեցինք  Էնդոկրին բաժանմունքի օրդինատոր Արմինե Մանուկյանի հետ:

-Ինչո՞վ է պայմանավորված խպիպի  առաջացումը:
— Օրգանիզմում յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների գոյացման համար: Նորմայում մարդն օրական յուրացնում է 120-140մկգ յոդ: Օրգանիզմում յոդի քանակի անբավարարությունը բերում է վահանաձև գեղձի գործունեության դժվարեցման, որի արդյունքում զարգանում են մի շարք հիվանդություններ, ինչպես օրինակ՝ տեղաճարակային խպիպը: Տեղաճարակային խպիպին  բնորոշ է վահանաձև գեղձի մեծացումը, հաճախ՝ բավականին զգալի: Տեղաճարակային խպիպով  հիվանդները նշում են պարանոցի շրջանում ճնշման և խեղդվելու զգացում, չոր հազ, ձայնի խռպոտում:
Բազեդովյան հիվանդությունը, որը բնակչության մեջ ունի թունավուր խպիպ անվանումը, աուտոիմուն հիվանդություն է: Աուտոիմուն հիվանդությունները զարգանում են, երբ օրգանիզմում առողջ, նորմալ հյուսվածքների նկատմամբ առաջանում են հակամարմիններ, որոնք բերում են նորմալ հյուսվածքների քայքայման և աուտոիմուն բորբոքման զարգացման: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 30-40 տարեկանում և կապված է վարակների, քրոնիկական տոնզիլիտներիի, տարած սթրեսների հետ: Մեծ դեր ունի նաև ժառանգականությունը: Բազեդովյան հիվանդության (տարածուն թունավոր խպիպ) ժամանակ օրգանիզմում ուժեղանում են նյութափոխանակության գործընթացները, ինչով էլ պայմանավորված են հիվանդության հիմնական կլինիկական նշանները` դյուրագրգիռ վիճակ, սրտխփոց, քրտնարտադրության ավելացում, ջերմության մշտական զգացողություն, ձեռքերի, երբեմն՝ ամբողջ մարմնի դող, քաշի անկում, արտաակնություն (էկզօֆթալմիա):

-Ինչպե՞ս է իրականացվում այս հիվանդության բուժումը:
— Քանի որ բազեդովյան հիվանդությունն աուտոիմուն գործընթաց է, հիմնական  բուժմանն ավելացնում են իմունոմոդուլյաորներ: Հիվանդը չպետք է կատարի ծանր ֆիզիկական աշխատանք, պիտի չկիրառի գրգռիչ սննդամթերքներ (կծու, թթու): Նշանակվում է վիտամիններով հարուստ սնունդ, լրացուցիչ քուն, զբոսանք մաքուր օդում: Վիրահատությունը ցուցված է հիվանդության ծանր ձևերի ժամանակ, երբ երկարատև բուժումը բավարար արդյունք չի տալիս, ինչպես նաև հանգուցավոր և խառը ձևերի ժամանակ: Տեղաճարակային խպիպի մեծ չափերի դեպքում կատարում են վիրահատություն: Կրկնվելուց խուսափելու համար որպես կանխարգելիչ միջոց նշանակում են յոդի պատրաստուկներ, բայց զգուշորեն, քանի որ յոդի գերդոզավորումը կարող է բերել թիրեոտոքսիկոզի (վահանաձև գեղձի գերֆունկցիա): Մյուս դեպքերում նշանակում են  փոխարինող թերապիա:

— Այս երեւույթը շատ տարածված է Հայաստանում: Ինչպե՞ս կարելի է լրացնել յոդի անբավարարությունը օրգանիզմում:
— Յոդի ավելցուկ օրգանիզմում հիմնականում չի լինում, քանի որ վահանաձև գեղձը կարգավորում է նրա քանակը և այն դուրս բերում երիկամներով: Յոդի անբավարարությունն ավելի շատ տարածված է լեռնային շրջաններում, դրանց անվանում են էնդեմիկ օջախներ, քանի որ խպիպով հիվանդների թիվն այդ վայրերում շատ է: Օրգանիզմում յոդի անբավարարությունից խուսափելու համար անհրաժեշտ է հաճախակի օգտագործել ծովային մթերքներ, որոնք մեծ քանակությամբ յոդ են պարունակում: Քանի որ Հայաստանը յոդով հարուստ չէ, պետք է յոդացված աղը միշտ պահել փակ տարաներում եւ օգտագործել 1 տարին լրանալուց հետո: Յոդի անբավարարության արդյունքում կարող է զարգանալ նաեւ մեկ այլ հիվանդություն` հիպոթիրեոզ, որը մի համախտանիշ է` պայմանավորված վահանաձև գեղձի հորմոնների քանակի նվազմամբ: Այս հիվանդության ժամանակ օրգանիզմում խանգարվում են նյութափոխանակության բոլոր գործընթացները: Հիպոթիրեոզով հիվանդները նշում են հիշողության վատացում,  ձայնի խռպոտում, մաշկի չորություն, մազաթափություն, քաշի ավելացում, քրոնիկական փորկապություն, հոգնածություն, մրսկանություն, ընդ որում, որքան հիվանդությունը  խորանում է, այնքան այս ախտանշաններն ավելի ցայտուն են դառնում:

— Բացի դեղամիջոցների կիրառումից, ինչպե՞ս  կարելի է բարելավել նյութափոխանակության գործընթացներն օրգանիզմում:
-Ժողովրդական բժշկության մեջ նշում են սմբուկի, լոլիկի, գազարի, մոռենու, խաղողի օգտագործումը` ցանկացած ձևով, ինչպես նաև մի շարք դեղաբույսերի` հազարատերևուկի, գայլուկի, ժենշենի օգտագործումը: Օրգանիզում նյութափոխանակությունը լավացնող միջոց է նաեւ մաքուր օդը, աշխատանքի եւ հանգստի ճիշտ կազմակերպումը:

Հեղինակ՝ Գայանե Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։