Խանդոտ ամուսիններ
Հոգեբանություն,  Տղամարդ եվ կին

Խանդում է ու խանդում

— 60-ն անց տղամարդ եմ: Կնոջս հիվանդագին խանդում եմ, առիթ է տվել: Առհասարակ խանդս վերջին 10 տարվա ընթացքում սկսել է բուռն արտահայտվել: Ուզում եմ իմանալ՝ խանդոտությունը բնածի՞ն է, թե՞ ձեռքբերովի:
Մշտ.ընթ. Երեւանից
— Ինչպե՞ս վերացնեմ ընկերոջս խանդը, այն մեզ արդեն  հասցրել է բաժանման եզրին:
Լիաննա

Մեր ընթերցողներին մտահոգող այս խնդիրների շուրջ զրուցեցինք ընտանեկան հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Աննա Պողոսյանի հետ:

— Ինչո՞ւ է մեկը խանդում, իսկ մյուսը՝ ոչ:
— Առհասարակ խանդոտ և ոչ խանդոտ մարդկանց տեսակի ստորաբաժանում, որպես այդպիսին, գոյություն չունի: Խանդի զգացում ունի յուրաքանչյուրը, պարզապես մեկը կարողանում է այն թաքցնել, մյուսը ոչ` կախված խառնվածքից, բնավորության գծերից, դաստիարակությունից: Եթե մարդը մեծացել է քիչ հույզեր արտահայտող անձանցից բաղկացած ընտանիքում, սովորաբար իր խանդը և առհասարակ զգացմունքները շատ հազվադեպ է արտահայտում: Ասեմ նաև, որ խանդը հասուն տարիքի ձեռքբերումներից է (հասուն տարիք` 45-65 տարեկան): Եթե նախկինում խանդի փոքրիկ դրսևորումներ եղել են, այդ տարիքում հատկապես սկսում են ավելի վառ արտահայտվել. տեղի է ունենում արժեքային համակարգի փոփոխություն: Մարդն սկսում է մտածել, որ իր կյանքի մի մասն անցել է, վերլուծում է՝ ի՞նչ նվաճումների է ինքը հասել, ի՞նչ ունի, սկսում է գիտակցել նաև, որ իրենով արդեն ոչ բոլորը կհետաքրքրվեն (ֆիզիկական փոփոխությունների, սոմատիկ հիվանդությունների, կնճիռների պատճառով), իսկ եթե կողակիցն էլ սկսում է քիչ ուշադրություն դարձնել, ինքնագնահատականի անկում է տեղի ունենում, որն էլ հանգեցնում է խանդի դրսևորման:

— Իսկ ի՞նչ է խանդը:
— Խանդը զգացմունքների համակցություն է, որը չունի տարիքային և սեռային սահմանափակում, այն ընտանեկան կոնֆլիկտների առաջացման անխուսափելի պատճառներից է: Խանդը ներառում է հետևյալ 3 գործոնները` սեր, թշնամություն, տագնապ: Սեր՝ սիրելիի հանդեպ, տագնապ՝ նրան կորցնելու մտքից և թշնամանք՝ որպես երկակի, ամբիվալենտ հույզ: Օրինակ՝ կնոջը խանդող տղամարդը միաժամանակ և՛ սիրում է նրան, և՛ ցանկանում  է պատժել ուրիշ մեկով հետաքրքրվելու համար: Նշենք, որ թշնամանք կարող է դիտվել ինչպես իրական, այնպես էլ երևակայական մրցակիցների հանդեպ:

— Խանդի ինչպիսի՞ տեսակներ գոյություն ունեն:
— Նորմալ կամ չափավոր, պաթոլոգիկ կամ հիվանդագին: Նորմալ խանդը դրսևորվում է վարքի նորմայի սահմաններում, որտեղ չկան հիվանդագին գործողություններ: Պաթոլոգիկ խանդն ունի այլ հիմքեր` հոգեկան շեղում կամ հիվանդություն, որն ուղեկցվում է ագրեսիվ գործողություններով և անցնում է թույլատրելի սահմանները` քաոսի վերածելով և՛ խանդվողի, և՛ հենց իր` խանդողի կյանքը: Խանդի այս տեսակի ժամանակ մարդը մշտապես տարված է զուգընկերոջ հնարավոր կորստի գաղափարով և նույնիսկ առանց պատճառի  կարող է երևակայել ուրիշ մարդկանց հետ նրա կապի մասին: Խանդի մի տեսակ էլ ֆետիշացումն է` խանդ իրերի հանդեպ: Օրինակ՝ գիտնականի կինը կարող է ամուսնուն խանդել գրքերի հանդեպ: Նշենք, որ խանդի հիվանդագին դրսևորման ժամանակ ամենափոքր մանրուքն անգամ դավաճանության անհերքելի ապացույց է, նա կասկածում է, լրտեսում իր սիրած մարդուն անձամբ կամ ուրիշի միջոցով:

— Փաստորեն, մեր ընթերցողի խանդը նորմայի սահմաններու՞մ  է, նա նշում է, որ կինը խանդելու առիթ է տվել:
— Եթե նրա խանդը չի ուղեկցվում պաթոլոգիկ կամ զառանցական խանդերին բնորոշ առանձնահատկություններով, ուրեմն նորմալ է: Հաճախ խանդի առաջացման իրավիճակը մենք շատ սուբյեկտիվ տեսանկյունից ենք ընկալում` երևակայությամբ պատճառներ հորինելով: Օրինակ՝ երբ կնոջն ուղղված այլ տղամարդու զանգը դավաճանության ակնարկ է դիտարկվում:

— Գոյություն ունի՞ տղամարդու և կնոջ խանդերի տարբերություն:
— Այո՛: Տղամարդը խանդելիս թշնամանք է զգում իր կնոջ հանդեպ, կինն իր թշնամանքը տարածում է ոչ թե ամուսնու, այլ հակառակորդ կնոջ վրա: Խանդի արտահայտման այս հստակ տարբերությունը բնական է, քանզի տարբեր են նաև տղամարդն ու կինն իրենց խառնվածքով, բնավորությամբ, երևույթների ընկալմամբ:
Տղամարդը խանդում է շատ բուռն և հուզական: Նա պատրաստ է խանդի առիթ գտնել նույնիսկ դատարկ պատճառներով, բայց եթե այդ խանդը հիվանդագին չէ, խելացի կինը կարող է այն հեշտությամբ հանգցնել:
Կնոջ խանդի զգացումը մինչև վերջ ուսումնասիրված ու բացահայտված չէ, բայց այն ևս պակաս ընդգրկուն չէ:
Եթե տղամարդու համար փոքրիկ սիրախաղը ոչինչ է և չարժե դրան ուշադրություն դարձնել, կնոջ համար դա սարսափելի մեղք է, որը ոչ մի արդարացում չունի: Կինը սիրո մեջ սեփականատեր է. կամ ամեն ինչ, կամ` ոչինչ: Եվ եթե նա ունակ է հանդուրժելու խանդի օբյեկտին տարիներով` իր կյանքը վերածելով դժոխքի, ապա տղամարդու խանդը երկար չի պահպանվում, այն ակնթարթորեն ծնվում է և հանկարծակի մարում:

— Ի՞նչն է բորբոքում տղամարդու խանդը:
— Պարզվում է` հիմնականում կնոջ այն գիծը, որ նա փորձում է շրջապատում դուր գալ: Տղամարդը դրան նայում է որպես նորին գտնելու ձգտում: Այդ է պատճառը, որ նա չի սիրում, երբ կինը կոլեկտիվում առաջնորդ է լինում: Որքան եսասեր է տղամարդը, այնքան ուժեղ է նրան վիրավորում խանդի զգացման առաջացումը. սա աքսիոմա է: Նա անգամ մտքում չի կարող պատկերացնել, որ իր նման անկրկնելիին կինը կարող է մեկ ուրիշի հետ փոխել: Ու հենց այստեղից էլ ծնվում է հարցերի հետևյալ շղթան` ու՞ր ես գնում, քանիսի՞ն կգաս, ու՞մ համար ես գեղեցկացել:

— Իսկ ինչու՞ են տղամարդիկ և կանայք խանդում տարբեր պատճառներով:
— Խաբեությունը և դավաճանությունը հաճախ դառնում են խանդի և վիրավորանքի պատճառ: Բայց տղամարդկանց և կանանց միջև տարբերությունն այն է, թե նրանք այդ խաբեության մեջ որն են համարում ամենասարսափելին: Տղամարդն ավելի շուտ մտահոգվում է սեքսուալ դավաճանությունից, կինը` զգացմունքային, հոգևոր: Դերերի մեկնաբանությունն ունի էվոլյուցիոն բնույթ` ցեղերով ապրելիս տղամարդիկ սեռական հարաբերություններ ունենում էին շատ տարբեր կանանց հետ և առաջանում էր խնդիր ու կասկած, թե տվյալ երեխան արդյո՞ք իրենն է, իսկ կանանց մտահոգում էր զգացմունքային դավաճանությունը, որովհետև նրանց պետք էր վստահելի կողակից` պատրաստ օգնելու երեխաների դաստիարակության հարցում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք մեղքի զգացում են ունենում հոգևոր դավաճանությունից, տղամարդիկ` ֆիզիկական:

 — Խանդը միայն կոնֆլիկտոգե՞ն է, թե՞ դրական կողմ ևս ունի:
— Խանդն այն երևույթներից է, որին միանշանակ դրական կամ բացասական գնահատական տալ հնարավոր չէ: Դրա դրսևորման որոշ չափաբաժինը կարող է թարմություն հաղորդել ամուսնական փոխհարաբերություններին, բայց պաթոլոգիկ դրսևորման դեպքում դառնում է քայքայիչ:

— Որքանո՞վ է իրական “Ով սիրում է, անպայման խանդում է” արտահայտությունը:
— Կա տեսակետ, որ խանդն առաջանում է միայն այն դեպքում, երբ սիրում ես, և որ այն սիրո դրսևորման բաղադրատարր է: Խանդն առանց սիրո չի լինում, բայց դա  չի նշանակում, որ խանդի ուժը համեմատական է սիրո ուժին` խանդել կարելի է նույնիսկ չսիրած մարդուն: Օրինակ՝ կինը կարող է չսիրել ամուսնուն, բայց խանդել նրան, երբ նրա կյանքում ուրիշ կին հայտնվի: Բայց կա նաև մեկ այլ տեսակետ, ըստ որի խանդը ցածր ինքնագնահատականի հետևանք է, այսինքն` դրա առաջացումը սիրո հետ կապ չունի: Օրինակ՝  “Ես խանդում եմ, որովհետև համոզված չեմ, որ այնքան լավն եմ, որ կկարողանամ կնոջս կողքիս պահել”: Այս դեպքում տղամարդը խանդում է, որովհետև վստահ չէ իր ուժերին, համոզված չէ, որ այնքան լավն է, որ կկարողանա կնոջը կամ սիրած էակին իր կողքին պահել:

— Հնարավո՞ր է, որ մարդու եսասիրությունը խանդի դրսևորման պատճառ դառնա:
— Առհասարակ սիրո հոգեբանության ներկայացուցիչները գտնում են, որ խանդը ուժեղ է լինում այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են ոչ թե այլասիրական, այլ եսասիրական սիրով: Այս ժամանակ նկատվում է սեփականատիրական ընդգծված զգացում, որը դրսևորվում է հետևյալ սկզբունքով և մտածելակերպով` սիրո մեջ առաջին հերթին ես  պետք է երջանկանամ, հետո նոր երջանկացնեմ: Այնինչ պետք է լրիվ հակառակը լինի:

— Կա՞ միջոց, որով կարելի է խանդը վերացնել կամ գոնե հասցնել նվազագույնի:
— Խանդը լիովին վերացնել հնարավոր չէ: Դրա հաղթահարման համար անհրաժեշտ է ամուր կամք և պատրաստակամություն: Պետք է փորձել լինել ավելի նրբանկատ, շրջահայաց, խոհեմ ու համբերատար: Անհրաժեշտ է խիզախություն ունենալ ներողություն հայցելու դիմացինից, եթե պարզվի, որ կասկածներն անհիմն էին, ու խանդը` անտեղի:
Խանդից խուսափելու միջոց է նաև ինքնագնահատականի բարձրացումը: Քանի դեռ մարդն ունի սեփական անձի անլիարժեքության զգացման հետ կապված խնդիրներ, խանդի զգացումը կշարունակի տանջել մարդուն:

— Ձեր խոսքը երիտասարդներին սեր-խանդ կոնտեքստում:
— Սիրեք և եղեք սիրված: Վստահեք միմյանց` տալով սիրելիին սեփական կյանք ունենալու իրավունք: Եղեք խելամիտ և խանդի դրսևորմանը դիմեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մի սահմանափակեք Ձեր սիրելիի ազատությունը, թույլ տվեք, որ նա էլ կարողանա շրջապատում ինքնահաստատվել և կայանալ:  Թող, որ Ձեր սերը նպաստի զուգընկերոջ կատարելագործմանը, այլ ոչ թե Ձեր անձի քայքայմանը:

Հեղինակ՝ Էթերի Մամուլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։