Փոքրիկ
Երեխաներ,  Հոգեբանություն

Վատ սովորություններ, թե՞ նևրոզներ

— Իմ երեխան 5 տարեկան է, նա անընդհատ գլխից պոկում է մազերը: Ինչի՞ հետ է դա կապված: Ի՞նչ անել:
Ա. Մկրտչյան, Երեւանից

Նեւրոզը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է: Այն համարվում է նյարդային համակարգի հիվանդություն եւ պայմանավորված է հոգեկան երկարատեւ գերլարվածությամբ: Նեւրոզն առաջանում է տարբեր նյարդահոգեկան խանգարումներից: Սովորաբար առանձնացնում են նեւրոզի երեք հիմնական տեսակներ` հիսթերիկ, կպչուն վիճակի նեւրոզներ եւ նեւրասթենիա (նյարդաթուլություն): Կպչուն վիճակի նեւրոզին բնորոշ են կպչուն, սեւեռուն մտքերը, հիշողությունները, գործողությունները, կասկածները, վախերը: Կպչուն վիճակի նեւրոզով տառապողներն անհանգիստ են, անվճռական, կասկածամիտ, անընդհատ վերստուգում են իրենց գործողությունները: Ինչպես պարզեցինք՝  այնպիսի սեւեռուն գործողությունները, ինչպիսիք են գլխից մազ պոկելը, եղունգներ  կրծելը  եւ այլն, բնորոշ են կպչուն վիճակի նեւրոզներով տառապող մարդկանց:    Մեր ընթերցողին հուզող հարցին պատասխանելու համար  դիմեցինք  հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյանին:

— Ի՞նչ են իրենցից ներկայացնում կպչուն վիճակի նեւրոզները: Ի՞նչ է տրիխոտիլոմանիան:
— Հիմնականում կպչուն վիճակի նեւրոզներն առաջանում են ներքին կոնֆլիկտի հետեւանքով, այսինքն՝ մարդու ենթագիտակցության մեջ կոնֆլիկտ կա, եւ այդ ներքին կոնֆլիկտի 2 մասերն էլ բավական ինքնատիպ են, որեւէ մեկը չի կարողանում հաղթել. իրար հակադիր ուժերից առաջանում է գերլարում եւ այդ գերլարումը թուլացնելու համար առաջանում են կպչուն վիճակներ:
Մարդու մոտ առաջանում է ինքնագնահատականի խնդիր. նա դադարում է իր ուժերի վրա վստահ լինել, որոշ իրավիճակներում չի կարողանում կողմնորոշվել: 2 իրարից տարբեր իրավիճակներում պետք է որոշում կայացնել, սակայն նա տատանվում է: Նույնը տեղի է ունենում նրա հոգու խորքում: Եթե երկու ցանկություններն էլ հավասար են, մարդն սկսում է տատանվել եւ առաջանում են կպչուն վիճակներ:
Նեւրոզի այս տեսակին բնորոշ են նաեւ սեւեռուն գործողությունները` եղունգներ կրծելը, գլխից մազերը պոկելը, անընդհատ ձեռքերը լվանալը: Գոյություն ունի կպչուն հաշիվ, կպչուն կերպով նայում են մեքենայի համարներին, կարող են կպչուն կերպով ծորակը կամ գազը փակել:
Տրիխոտիլոմանիան մազերը պոկելու ցանկությունն է, կպչուն միտում, վիճակ, որը շարունակական բնույթ է կրում: Դա իրենից ներկայացնում է նեւրոզ եւ կպչուն նեւրոզների տարատեսակներից է: Տրիխո բառը հունարենից թարգմանաբար նշանակում է մազ, այսինքն՝ մազապոկություն:

— Ո՞ր տարիքում է հիմնականում առաջանում տրիխոտիլոմանիան:
— Բոլոր, այդ թվում նաեւ կպչուն  վիճակի նեւրոզներն առաջանում են վաղ մանկական հասակում, մինչեւ 5-6 տարեկան երեխայի` մեծերի հետ ունեցած խնդիրներից: Այս վիճակը մարդու մոտ կարող է շարունակական բնույթ կրել եւ  չբուժվելու  դեպքում նույնիսկ կարող է շարունակվել մինչեւ 50-60 տարեկան: Ես ճանաչում եմ մեկին, ով 60 տարեկան է եւ պոկում է գլխի մազերը:

— Արդյո՞ք այդ կպչուն վիճակներն առաջանում են միայն այն ժամանակ, երբ մարդու հոգում կա կոնֆլիկտ:
— Կոնֆլիկտները նրա մեջ են գիշեր թե ցերեկ: Այս` անընդհատ կրկնվող գործողությունների միջոցով, նա ենթագիտակցորեն պաշտպանում է իրեն: Օրինակ՝ եթե մայրն ու հայրը վիճում են, նա չգիտի՝ պաշտպանի մո՞րը, թե՞ հորը: Դա ներքին կոնֆլիկտ է ու նա չի կարողանում լուծել: Դա կարող է շարունակվել տասնյակ տարիներ, մինչեւ մասնագիտական օգնություն կցուցաբերվի կամ կողմերից մեկն ու մեկը  կհեռանա. այդ դեպքում կոնֆլիկտը կարող է լուծվել ինքնաբերաբար:

— Գլխից  մազ պոկելը միայն կոսմետի՞կ խնդիր է, թե՞ …
— Դա ոչ միայն կոսմետիկ, այլեւ շատ բարդ նեւրոտիկ խնդիր է եւ Աստված գիտե, թե ինչի կհանգեցնի: Սա բավական լուրջ հոգեկան հիվանդություն է, որի համար նույնիսկ ազատում են զինվորական ծառայությունից:

-Ձեզ դիմու՞մ են  նման խնդրով:
-Այո, իհարկե, դիմում են: Եթե մարդը կիրթ  է եւ հասկանում է, որ այդ խնդիրը լուծում է պահանջում, անպայման դիմում է մասնագետի օգնությանը: Սա բավականին աշխատատար գործընթաց է, սակայն 100 %- անոց արդյունք է ապահովում:

— Ինչպե՞ս է իրականացվում բուժումը, ի՞նչ խորհուրդ կտաք:
— Իհարկե, ցանկալի է, որ ծնողն առաջին հերթին  երեխային տանի մասնագետի մոտ: Վերջինս կօգնի  գտնել ներքին կոնֆլիկտները: Ցանկալի է, որ գտնվեն նեւրոզի պատճառահետեւանքային կապերը, որովհետեւ ներշնչանքի միջոցով կպչուն վիճակի նեւրոզները չեն անցնի: Բացի մասնագետին դիմելու խորհրդից ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Այստեղ ամենակարեւորը հիվանդի ցանկությունն ու իր խնդիրները լուծելու պատրաստակամությունն է: Հարկ է նշել, որ նեւրոզի բուժումն իրականացվում է անհատական մոտեցմամբ:  Պետք է շեշտել, որ եթե հիվանդը պարտադրաբար փորձում է հրաժարվել այդ գործողություններից,  ապա ավելանում է նրա հոգեկան լարումը: Նման մոտեցումը երկարատեւ շարունակվելու դեպքում հոգեկան լարումը կարող է <<ճնշվել դեպի ներս>> եւ, <<ներխուժելով մարմնական մակարդակ>>, կարող է առաջացնել մի շարք արդեն  հոգեմարմնական հիվանդություններ` կաթված, ինֆարկտ, շաքարախտ, քաղցկեղ, ալերգիաներ եւ այլն:
Սիրելի՛ ծնողներ, եղեք առավել ուշադիր Ձեր փոքրիկի վարքագծի, սովորությունների նկատմամբ: Ինչպես համոզվեցինք, դրանք կարող են <<խոսել>> ձեր փոքրիկի մոտ առկա լուրջ խնդիրների մասին: Հիշեք, որ այդ խնդիրների ժամանակին հայտնաբերման եւ բուժման գործում առաջին հերթին կարեւոր է ձեր մասնակցությունը:

Հեղինակ՝ Արաքս Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։