Թևատակի էպիլյացիա
Առողջություն եվ գեղեցկություն

Թևատակերի էպիլյացիա. անե՞լ, թե՞ չանել

— Լսել եմ, որ թեւատակի մազերը չի կարելի հեռացնել էպիլյացիայի միջոցով, արդյո՞ք դա այդպես է:
Կարինե, Երեւանից

Ամռանը մազահեռացման թեման ավելի արդիական է դառնում հայուհիների համար: Դրա մասին են վկայում այս խնդրին առնչվող բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցերը` ստացված “Տնային առողջարանի” ընթերցողներից: Շատ կանանց և աղջիկների շրջանում  խուճապ է առաջանում, երբ խոսք է գնում թևատակերի էպիլյացիայի մասին: Շատերն են խուսափում այդ շրջանում էպիլյացիա կատարելուց և, հիմք ընդունելով  բազմապիսի ասեկոսեները, կրկին կանգ առնում  այդ խնդրի առջև` անե՞լ, թե՞ չանել: Արդյո՞ք դա կարող է լուրջ հետևանքների, հիվանդությունների առաջացման  պատճառ հանդիսանալ: Բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգ Լիլիթ Գրիգորյանի օգնությամբ փորձենք լուծում տալ այս նուրբ և կարևոր հարցին:

-Ի՞նչ է  Էլեկտրոէպիլյացիան, ո՞րն է մազահեռացման այս մեթոդի էությունը:
-Բարակ էլեկտրոդը, թափանցելով մազապարկ, հաստատուն հոսանքի ցածր լարման ազդեցության տակ ջերմություն անջատելով, ոչնչացնում է մազարմատը` այրելով այն: Մեթոդի դրական ազդեցությունը կախված է ճիշտ ընտրված հոսանքի լարումից, ասեղի հաստությունից և խորությունից: Մեթոդը սխալ կիրառելու դեպքում կարող են առաջանալ այրվածքներ  և սպիներ: էպիլյացիայի այս տեսակը բավականին ցավոտ է, անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև տեղային ցավազրկում: Վերջնական արդյունքի հասնելու համար հարկավոր է էլեկտրոէպիլյացիայի մի քանի  արարողակարգ` կախված մազի հաստությունից  և  խտությունից:

-Արդյո՞ք ասեղային Էպիլյացիան թույլատրելի է թևատակերի շրջանում:
-Մազահեռացման ցանկացած միջոց ունի իր թերությունները, առավելություններն ու հակացուցումները:
Էպիլյացիայի բոլոր միջոցներն էլ կարելի է կիրառել թևատակերի շրջանում, սակայն նախքան որևիցե տարբերակի դիմելը պետք է  պարզել` արդյո՞ք անհատի մոտ մաշկային կամ այլ առողջական խնդիրներ առկա չեն:
Ընդհանրապես, բոլոր տեսակի էպիլյացիաները  հակացուցված են՝
Հղիության և կրծքով կերակրման շրջանում,
ինչպես նաեւ`
Քաղցկեղային հիվանդությունների.
Էպիլեպսիայի.
Շաքարախտի.
Տենդաբշտիկի.
Թեփատու որքինի, էկզեմայի.
Երակների վարիկոզ լայնացման.
Հիպերտոնիկ հիվանդության (բարձր ճնշում).
Սրտի իշեմիկ հիվանդության.
Բորբոքային սուր գործընթացների դեպքում,
Խալերի վրա:

— Էպիլյացիայի  ո՞ր  մեթոդն  է նախընտրելի   թևատակերի  հատվածի  մազահեռացման համար:
Էլեկտրոէպիլյացիան և բիոէպիլյացիան (մեղրամոմ) ցավոտ արարողակարգեր են, ուստի ոչ բոլորն են դիմում այս մեթոդի օգնությանը:
Թեւատակերի հատվածում ավելի նպատակահարմար են անցավ լուսային մեթոդները (ֆոտո և լազերային էպիլյացիաները, դեպիլյացիոն քսուքները):
Ֆոտո և լազերային   էպիլյացիաների ազդեցության մեխանիզմը գրեթե նույնն է: Մազերը հեռացվում են տարբեր սպեկտրի լուսային ճառագայթներով: Այս երկուսի դեպքում ևս գործ ունենք մազարմատի հետ:
Մազարմատում պարունակվող մելանին նյութը,  տեսնելով լույսը` կլանում է այն և վերածում ջերմային էներգիայի,  իսկ մազարմատը տաքանում ու հետևաբար` այրվում է: Ջերմաստիճանի վայրկենական բարձրացումը քայքայում է մազապարկը, և  արմատից զրկված մազը դադարում է աճել։
Նախքան լազերային էպիլյացիային դիմելը մոտ 2 շաբաթ մազածածկույթի տվյալ հատվածում խուսափեք արևի  ուղիղ ճառագայթներից  և մի օգտվեք սոլյարիից, որպեսզի լուսային էներգիան չայրի նաև մաշկը:
Ասենք նաև, որ այդ բոլոր սարքավորումներն  ունեն  մաշկի արագ սառեցման համակարգ՝ մազահեռացման արարողարգը դարձնելով էլ ավելի հարմարավետ:
Շատ կաևոր է իմանալ, որ ֆոտո և լազերային էպիլյացիաները վտանգավոր չեն, քանի որ լույսն իր  մեջ ռադիացիոն մասնիկներ չի պարունակում, և նուրբ հատվածներում (թևատակեր, բիկինի և այլն) նախընտրելի  միջոց են  հանդիսանում:
Այսօր լուսային  էպիլյացիան համարվում է  մազահեռացման ասպարեզում ամենաանվտանգ միջոցը, սակայն պետք է նշել, որ մեր քաղաքում առկա են եվրոպական և ամերիկյան վերահսկողության կառույցների կողմից չհաստատված, հետազոտություններ չանցած ու անվտանգությունն ու արդյունավետությունը չապացուցված սարքեր: Եղեք զգոն և աշխատեք զերծ մնալ դրանցից:

— Ի՞նչ պետք է գիտակցի ցանկացած ոք, ով դիմում է էպիլյացիայի:
— Կարևոր է իմանալ,  որ էպիլյացիան պետք է կրկնել՝ կախված մեթոդից (ունեն տարբեր ժամանակահատված): Էպիլյացիայից  հետո չի կարելի կիրառել սպիրտ պարունակող լոսյոններ, 24 ժամ չպետք է թրջել տվայլ հատվածը, պետք է զերծ մնալ արևի ուղիղ ճառագայթներից, գործածել արևապաշտպան քսուքներ` զերծ մնալու համար ջերմային այրվածքներից ու մուգ պիգմենտներից:
Նախքան որևիցե միջոցից օգտվելը հաշվի առեք բժշկի կարծիքը, հետևեք հակացուցումներին, որպեսզի չբախվեք լուրջ խնդիրների հետ:

 — Շնորհակալություն հարցերի պարզաբանման համար:
Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս, իսկ ընտրությունը թողնում են Ձեզ, սիրելի՛ ընթերցողներ:

Հեղինակ՝ Անահիտ Հունանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։