Հայր ու տղա
Հոգեբանություն,  Փորձագետի խորհուրդներ

Սեռական դաստիարակության սխալները

Սեռական դաստիարակության տարածված սխալների մասին  խոսել է բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Շահրամանյանի դասախոսությունը բավականին հետաքրիր ընթացք է ունեցել, այն ուղեկցվել  է սլայդերի ցուցադրմամբ, հետաքրքիր օրինակներով, ինչպես նաեւ հումորային ինքնատիպ ակնարկներով: Այդ ամենի շնորհիվ մատուցվող նյութն էլ ավելի մատչելի ու հետաքրքիր էր դառնում:  Օրինակ՝ երբ բժիշկը խոսել է սեռական դաստիարակության տարածված եւ արմատացած սխալների մասին, շատ ծանոթ պատկեր է ներկայացրել, երբ արու զավակին հայերը խնջույքի սեղանի ժամանակ կանչում են եւ ասում. «Հապա մի ցույց տուր պասպորտդ…»: Այս արտահայտությանը կարող են գումարվել ոչ պակաս «ջիգյարով»  «պասպորտդ պոկեմ…»,  «ուտեմ էն քո…» եւ նման կարգի, ժողովրդական խոսակցական լեզվում լայն տարածում գտած անհեթեթ արտահայտությունները:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

«Մարդու օրգանիզմն ամոթալի օրգաններ եւ ֆունկցիաներ չունի: Առաջին հերթին՝ դա վերաբերում է կյանքի վերարտադրմանն առնչվող օրգաններին: Ամոթ կարող են հարուցել միայն սեռական փոխհարաբերությունների անգիտությունն ու նախապաշարմունքները, այսօրինակ հարցերին կեղծ բարեպաշտ մոտեցումները», -նշել է բժիշկն ու հավելել, որ սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր դաստիարակության մի մասն է կազմում, բայց թեմայի անհասանելիության լինելու պատճառով տարբերվում է մեծ անորոշությամբ:

«Եթե դաստիարակության այլ ուղղությունները շատ թե քիչ արտահայտված են ու կարող են սեփական փորձով փոխանցվել, ինչպես նաեւ ուղղվել խորհուրդներով ու կարգադրումներով, ապա  նույնը չի կարելի ասել սեռական դաստիարակության վերաբերյալ:
«Փողոցի լեզուն», ցավոք,  հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը», — փաստել է բժիշկ-սեքսոպաթոլոգը:
Բժիշկը ներկաների ուշադրությանն է ներկայացրել   նաեւ մի քանի նամակ, որոնք իրեն էին հղվել  էլեկտրոնային փոստով: Ի դեպ, նամակներ Շահրամանյանը բավականին շատ է ստանում: Բժիշկն ընդգծել է, որ շատ են հատկապես կուսության եւ ձեռնաշարժության վերաբերյալ նամակները:

Սեքսոպաթոլոգի փոխանցմամբ՝ թեպետ տեղեկատվության դար է եւ, կարծես թե, տեղեկատվության պակաս չկա, այնուամենայնիվ, համաքաղաքացիներից շատերը պարզապես չգիտեն համացանցից օգտվելու միջոցները, տարրական կանոնները:
Վ. Շահրամանյանը մանրակրկիտ քննարկել է նաեւ առաջին ամուսնական գիշերվա, սեռական հիգիենայի հետ կապված արդիական հարցերը. «Հայ տղամարդիկ իրենց ամուսնական պարտքը կատարելով՝ խոշորացույցը ձեռքին փորձում են արյան օվկիանոսներ տեսնել անկողնում…»,-հումորով ասել է բժիշկն ու անդրադաձել զանգվածային լրատվամիջոցներում այսօր անչափ կարևոր՝ սեքսի մասին պատմող խորագրերին: Բժիշկն արձանագրել է, որ այստեղ էլ երբեմն լրատվամիջոցը զլանում է զրուցել մասնագետի հետ եւ ներկայացնում է համացանցի եղած-չեղածը: Արդյունքում սխալ տեղեկատվություն է հաղորդում ընթերցողին, կամ նյութի մասին խոսում է ոչ մասնագետը:

Ի դեպ, այդ բացը լրացնելու նպատակով ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը բժշկին առաջարկել է նման ձեւաչափով հատուկ դասընթաց անցկացնել ԶԼՄ-ների համար: Առաջարկը  հաշվի է  առնվել:
Դասախոսության վերջում տեղի է  ունեցել քննարկում: Դահլիճում ներկաներն ակտիվորեն հնչեցրել են իրենց հուզող հարցերն ու բժիշկ Շահրամանյանից ստացել մատչելի պատասխաններ: Մեզ հետ զրույցում մասնակիցներից շատերը նշել են, որ նմանատիպ դասախոսությունը չափազանց կարեւոր էր, հետաքրքիր եւ արդիական:
Շնորհակալություն, պարոն Շահրամանյանին:

Հեղինակ՝  Վլադ Մուրադյան

3 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։