Նյարդայնացած կին
Հոգեբանություն

Պահպանեք ձեր նյարդերը

— Վերջերս ամեն ինչ ինձ նյարդայնացնում եւ հունից հանում է: Խնդրում եմ խորհուրդ տվեք ի՞նչ անեմ, կամ ո՞ւմ դիմեմ նման իրավիճակից դուրս գալու համար:
Անահիտ:

Խմբագրություն դիմած ընթերցողին որեւէ կերպ օգնելու համար դիմեցինք նյարդաբան Լարիսա Պողոսյանին:

-Հարգելի՛ բժշկուհի, կխնդրեի ներկայացնել այն դրդապատճառները, որոնք կարող են մարդու մոտ առաջացնել նմանատիպ պահվածք:
-Ցանկացած մարդու մոտ նյարդային համակարգը բավականին լավ է զարգացած, իսկ եթե այն սկսում է խախտվել, թուլանալ եւ անձի մոտ առաջացնել նյարդային զանազան խախտումներ, ապա դա կարող է ունենալ մի քանի պատճառ:  Ցավոք, ընթերցողը չի նշել տարիքը, քանի որ, եթե կինը գտնվում է հիսունն անց տարիքում, ուրեմն նրա մոտ կարող է դաշտանադադար  լինել, որը կնոջ օրգանիզմի բնական գործունեության կարեւոր նախապայմանն է: Դաշտանադադարը շատ հաճախ կարող է ունենալ բավականին լուրջ բարդություններ: Կլիմաքսը կնոջ մոտ առաջացնում է ավելի ջղաձիգ եւ լարված նյարդային վիճակ: Դա է պատճառը, որ նա կարող է անմիջապես բորբոքվել: ՈՒստի այս դեպքում չափազանց կարեւոր է իմանալ՝ տվյալ ընթերցողը կլիմաքսի մե՞ջ է, թե ո՞չ: Եթե այո, ապա այդպիսի երեւույթները կշարունակվեն դեռ 3-4 տարի (այդքան է տեւում կլիմաքսը): Կլիմաքսին հաջորդում են մի քանի խնդիրներ, ինչպիսին են՝ տաքության զգացումը, մարմնի քորը, կոկորդի չորացումը, շնչառության դանդաղումը, սրտի ծակոցները եւ կծկումները: Դա բնական երեւույթ է, եւ այդ ժամանակ պարզապես պետք է աչալուրջ եւ հետեւողական լինել:

-Եթե խմբագրություն դիմած ընթերցողի մոտ նյարդային խախտումները կլիմաքսի հետեւանքով չեն եղել, ապա կա՞ն արդյոք այլ պատճառներ, որոնք կարող ենք հիմք ընդունել:
-Կլիմաքսը պատճառներից միայն մեկն է, որ ես նշեցի: Կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք հանգեցնում են լուրջ նյարդային խախտումների: Առաջին հերթին պետք է նշել այն հանգամանքը, որ տվյալ անձի ընտանեկան մթնոլորտը կարող է ոչ այնքան էլ ջերմ լինել: Շատ հնարավոր է, որ նա անտեսված է իրեն զգում ամուսնու կողմից եւ երեխաներից չի ստանում համապատասխան վերաբերմունք: Միգուցե այդ կինն ապրում է միայնակ եւ կարիք ունի ուշադրության, հոգատարության եւ ջերմության:
Գուցե նա ժամանակին չի ստացել կրթություն, որը նույնպես կարող է ազդել նրա նյարդային համակարգի վրա, քանի որ կրթություն չստացած մարդը, հասնելով միջին տարիքի, գիտակցում է դրա կարեւորությունը եւ  կարող է հետզհետե կորցնել երազելու եւ մտածելու ընդունակությունը, որն այդ տարիքում չափազանց կարեւոր է: Չի բացառվում նաեւ, որ նա ցանկանում է բոլորի ուշադրությունը կենտրոնացնել իր անձի վրա, այստեղ արդեն խոսում է նրա ես-ը:
Հնարավոր է՝ ավելի երիտասարդ է, ունի խնդիրներ՝ կապված անձնական կյանքի, ուսման, աշխատանքի հետ: Ինչպես տեսնում եք, պատճառներ բազմաթիվ կարող են լինել, ընթերցողն ինքը պետք է հասկանա, թե իր կյանքում ի՞նչն է, որ չի բավարարվում, ի՞նչը չի գոհացնում եւ փորձի շտկել դրանք: Հնարավոր է նաեւ, որ հոգեբանի, նյարդաբանի միջամտության կարիք լինի:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին օգնելու համար, ինչպիսի՞ քայլերի պետք է դիմի, որպեսզի դուրս գա նման վիճակից:
-Յուրաքանչյուր բժիշկ առանց հիվանդին տեսնելու դժվարանում է որեւէ խորհուրդ տալ: Սակայն կարող եմ ասել, որ նման դեպքերում բժիշկներն առաջարկում են 2-ամսյա կուրս, որի ժամանակ պետք է հիվանդն օգտագործի որոշակի վիտամիններ, որոնցից շատ կարեւոր է նշել B եւ C վիտամինները, ինչպես նաեւ  նյարդային համակարգը հանգստացնող եւ տրամադրությունը բարձրացնող դեղորայք եւ այլն:
Բժշկի նշանակմամբ պետք է ընդունել կլիմաքսի երեւույթները մեղմացնող միջոցներ: Տվյալ հիվանդը զուգահեռ պետք է նաեւ այցելի հոգեբանի եւ անցնի հոգեբանական կուրս: Եթե այդ ամբողջ բուժման կուրսն անցնելուց հետո հիվանդի մոտ փոփոխություն չի զգացվում, ապա նա արդեն պետք է բուժումն ստանա հիվանդանոցային պայմաններում:

-Զրույցի վերջում ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ հուզական երեւույթները եւ սթրեսները մեր կյանքում շատ հաճախ են լինում, սակայն պետք է այդպիսի երեւույթներին մի փոքր անտարբերություն ցուցաբերել, քանի որ ցանկացած հուզում, վախ, կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:

Սիրելիներս,  եկե՛ք փորձենք կյանքին նայել վարդագույն ակնոցներով եւ պահպանենք մեր թանկագին  առողջությունը:

Հեղինակ՝ Մանե Դավթյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։