պորտ
Երեխաներ

Նորածնի առաջին օրերի խնամքի գաղտնիքը

Ահա և Ձեր հրաշքը տանն է։ Եվ շատ շուտով դուք զգում եք, թե ինչպես է երջանկությունը ձեր աչքի առջև  հօդս ցնդում` վերածվելով  անհանգստության, գուցե՝ տագնապի։ Գլխում պտտվում են բազմաթիվ մտքեր և հարցեր. ինչպե՞ս խնամել հրաշք բալիկին, ինչպե՞ս բարուրել , պե՞տք է արդյոք, իսկ գուցե պետք չէ՞, ինչպե՞ս լողացնել, հիվանդանոցից դուրս գրվելիս ասացին, որ կարող եմ լողացնել։ Ստոպ, կա՛նգ առ, հենց այ դա դեռևս անել պետք չէ։

Ինչպես տեսնում եք, նորածնի պորտի մշակման հարցը ձեզ մոտ նույնիսկ չառաջացավ։ Իսկ գաղտնիքն այն է, որ պորտի մշակումը կենսական նշանակություն ունի նորածնի խնամքի հարցում։
Իսկ արդյո՞ք պետք է, չէ՞ որ ծննդատնից դուր գրելիս ասացին, որ ամեն ինչ կարգին է։ Դե այդպես բոլորին են ասում։ Իսկ արդյո՞ք Ձեր երեխայի պորտի վերքը լիարժեք ապաքինված է։ Բանն այն է, որ ծննդատանը պորտը մշակում են տարբեր քիմիական նյութերով, ինչի արդյունքում ավելցուկային հատվածն արագ ընկնում է, սակայն իրականում մեծամասնության մոտ պորտի լիարժեք կպում դեռ տեղի չի ունեցել, այն դեռևս բաց վերք է և բազմաթիվ մանրէների համար պարարտ հող։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի~ վտանգներ կան այդ իրավիճակում՝ թե՛ երեխայի հագուստի հետ շփման արդյունքում, թե՛ առավել ևս լվացումների կամ լողացնելու ժամանակ։

Եվ այսպես, ի՞նչ պետք է անել։
Առաջին հերթին պետք է օբյեկտիվ գնահատել, թե ինչ վիճակում է պորտը։ Այդ նպատակով վերցնում եք 3%–ոց ջրածնի գերօքսիդ, առատորեն թրջում եք ստերիլ բամբակի փոքր կտոր և քսում եք պորտին կամ ուղղակի կաթացնում պորտի վրա 1–2 կաթիլ։ Եթե հեղուկը մնա անփոփոխ, պղպջակներ չառաջանան, ես Ձեզ շնորհավուրում եմ: Դուք հանգիստ կարող եք լողացնել երեխային։ Իսկ եթե հեղուկը վերածվեց պղպջակների, ուրեմն Դուք անպայման պետք է կարդաք այս հոդվածը մինչև վերջ և դեռևս խուսափեք երեխային լողացնելուց՝ փոխարինելով լվացումներով։ Եվ դա այնքան էլ վատ չէ, քանի որ Դուք ունեք հնարավորություն խուսափելու երեխայի հետ կապված լուրջ խնդիրներից։ Չեմ ուզում Ձեզ վախեցնել, բայց եթե ժամանակին չհայտնաբերեք այդ բաց դարպասը վարակի համար, դա ավելի քան լուրջ սպառնալիք կդառնա։

Անցնենք գործի։
Նախօրոք ձեռք բերեք  ստերիլ բամբակ կամ ինքներդ պատրաստեք ստերիլ բամբակյա գնդիկներ և տամպոններ թանզիֆից։ Այդ նպատակով պետք է ջրում եռացնել երկու ապակյա փոքր բանկա ամուր փակվող, պտտվող կափարիչներով, չորացնել և ամուր փակել։ Բամբակյա գնդիկներն արդուկել երկու կողմից շատ տաք արդուկով և դնել դրանցից մեկի մեջ։

Կարող եք ինքնուրույն նաև ստերիլ բինտ պատրաստել։ Այդ դեպքում պետք է վերցնել սովորական բինտ կամ թանզիֆ, կտրտել այն ոչ մեծ ուղղանկյունների, նույնպես արդուկել 2 կողմից և ծալել տամպոնների տեսքով այնպես, որ կտրտած կողմերը ծալված լինեն դեպի ներս։ Թանզիֆե տամպոնները դնել մյուս բանկայի մեջ։ Երկու բանկաներն էլ միշտ պահել փակ վիճակում։

Օրը 3 անգամ երեխային մաքրելուց, տակդիրը փոխելուց անհրաժեշտ է մշակել երեխայի պորտի վերքը, իսկ արյան դեպքում՝ ամեն մաքրելուց։

Հիշե՛ք, եթե երեխայի պորտից արյուն է եկել, անհապաղ դիմեք բժշկի։

Ձեռքի տակ ունեցեք հիգիենիկ փայտիկներ։

Հիմա անցնենք կատարման կարգին։
1. Հիգիենիկ փայտիկը  թրջեք 3%-ոց ջրածնի գերօքսիդի մեջ և մանրակրկիտ ձևով քսեք վերքին և պորտի հատակին։

2. Հաջորդ փայտիկը թրջեք 5%–ոց կալիումի պերմանգանատի լուծույթով և նույնպես մշակեք պորտը և պորտի հատակը։ Վրան դրեք ստերիլ թանզիֆ, վիրակապ և ամրացրեք տակդիրը։ Պորտի ապաքինման տևողությունը կարող է բավականին երկար լինել։ Կարևորը՝ հետևողական եղեք։

3. Ապաքինման ընթացքում պարբերաբար ստուգեք պորտի վիճակը ջրածնի գերօքսիդով վերոնշյալ ձևով։

 Ինչպե՞ս հասկանալ` լավացել  է արդյոք վերքը։
Ստուգվում է շատ պարզ եղանակով։ Օգտագործեք նույն 3%-ոց ջրածնի գերօքսիդը. եթե կաթիլը պորտի վրա չի փրփրում, ուրեմն մշակումները կարելի է ավարտել։

Սակայն ես խորհուրդ կտամ ևս մեկ ամսվա ընթացքում ամեն լողացնելուց հետո երեխայի պորտը մշակել Ձեզ արդեն հայտնի եղանակով։

 Եվս մեկ շատ կարևոր խորհուրդ

Ելնելով իմ փորձից՝  խորհուրդ կտամ մինչև երեխայի 1 տարին լրանալը ժամանակ առ ժամանակ վերահսկել պորտի վիճակը ջրածնի գերօքսիդի օգնությամբ, հատկապես եթե երեխան շատ է լաց լինում կամ աղիները վատ են գործում։ Լինում են դեպքեր, երբ թվացյալ առողջ պորտն սկսում է խոնավանալ, լինում են նաև դեպքեր, երբ խնդիրն անտեսանելի է, սակայն գոյություն ունի։ Այդ դեպքում պետք է ամեն ինչ սկսել զրոյից։  Եվ շատ լավ կլինի, եթե մայրիկը դա ժամանակին նկատի, հակառակ դեպքում բարդություններն անխուսափելի կլինեն, ընդհուպ մինչև արյան վարակումը։

Հուսամ` այժմ Դուք կհամաձայնեք ինձ հետ, որ նորածնի խնամքն սկսվում է հենց պորտի մշակումից, և առողջ պորտը նորածնի ճիշտ խնամքի կարևոր բաղադրիչն է։

Հեղինակ՝ Աննա Պետրոսյան

2 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։