Հոգեբանի մոտ
Հոգեբանություն

Մի խուսափեք հոգեբանից

Մեր հասարակության մեջ այնքան էլ ընդունված չէ անձնական հոգեբան ունենալը: Երբեմն մարդիկ հոգեբանին շփոթում են հոգեբույժի հետ եւ խուսափում նրան այցելելուց:
Թեմայի  շուրջ զրուցեցինք  հոգեբան Արամայիս Մշեցյանի հետ:

— Պարոն Մշեցյան, ըստ Ձեզ` ինչո՞ւ է անհրաժեշտ հոգեբանին դիմելը:
— Հոգեբանն օգնում է մարդուն ճանաչել ինքն իրեն եւ սեփական անձի առանձնահատկությունները: Մի քանի տարի առաջ մեզ էր դիմել Հայաստանի ձյուդոյի հավաքականի մարզիկներից մեկը, ով որոշ խնդիրների պատճառով չէր կարողանում մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Կատարվեց հոգեվերլուծություն եւ որոշ ժամանակ նրա հետ աշխատելուց հետո վերականգնվեց նրա նորմալ հոգեվիճակը: Դրանից հետո արդեն նա կայուն հոգեվիճակով կարողացավ մասնակցել մրցումներին եւ Եվրոպայի առաջնության ժամանակ գրավեց երկրորդ պատվավոր տեղը: Անհրաժեշտ  է, որ հոգեվերլուծության միջոցով մարդը կարողանա ազատվել ավելորդ, իրեն անհանգստացնող հոգեվիճակներից: Արդյունքում, երբ մարդն սկսում է ազատ  մտածել,  նշանակում է հոգեբանը ճիշտ է աշխատել, այսինքն՝ կարողացել է պարզաբանել մարդու ներաշխարհը:

— Մարդը  ե՞րբ պետք է գիտակցի, որ իրեն հոգեբանի օգնությունն է անհրաժեշտ:
— Յուրաքանչյուր մարդ առանձին անհատականություն է: Եվ այդ անհատներից ամեն մեկի հետ հոգեբանն աշխատում է յուրովի: Որեւէ մեկի հոգեկերտվածքը նման չէ մեկ ուրիշի հոգեկերտվածքին: Վերցնենք, օրինակ, կարմիր գույնը: Մեկի համար շատ հաճելի, հանգստացնող գույն է, իսկ մյուսին նյարդայնացնում է: Երբ մարդ զգում է, որ ունի խնդիրներ, որոնք թվում են անլուծելի, կամ երբ խճճվել է մարդկային հարաբերություններում, ուրեմն նա ունի հոգեբանի կարիք: Իհարկե, բացի վերը նշվածից, այլ պատճառներ եւս կարող են լինել: Այսպիսով, երբ մարդու նորմալ կենսագործունեության մեջ առաջանում են որոշակի արգելքներ, ուրեմն նա պետք է դիմի հոգեբանին:

— Ո՞րն է հոգեբանի գլխավոր նպատակը:
— Լինել հոգեբան, դեռ չի նշանակում առաջնորդվել միայն տեսություններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մարդ ունի միայն իրեն հատուկ խառնվածք՝ հոգեբանը պետք է ճիշտ ճանաչի մարդուն, բացահայտի նրա հոգեկերտվածքը, ներաշխարհը: Հոգեբանի գլխավոր նպատակն է կիրառելով տեսությունն անձի առանձնահատկությունների հետ եւ ընդհանրացնելով դրանք՝ ճիշտ ուղին ցույց տալ մարդուն:

— Կարծիք կա, որ անձնական հոգեբան անհրաժեշտ է հատկապես հղի կանանց: Դա այդպե՞ս է, եւ կա՞ ն արդյոք տարիքային առանձնահատկություններ:
— Հղի կանանց, այո, անհրաժեշտ է հոգեբան, որոշ դեպքերում նույնիսկ պարտադիր, օրինակ,  երբ հղիությունն անցանկալի է, կամ երեխան ոչ այն սեռի է, ինչ ծնողները ցանկանում էին եւ բազում այլ խնդիրներ: Այդպիսի դեպքերում հոգեբանին դիմելը դառնում է անհրաժեշտություն: Իսկ ինչ վերաբերում է տարիքային առանձնահատկություններին, ասեմ, որ հոգեբանին պետք է այցելեն ե‘ւ երիտասարդները, ե‘ւ միջին տարիքի անձինք, ե‘ւ մեծահասակները: Բոլորիս էլ հայտնի է այն փաստը, որ երիտասարդները եւ մեծահասակները ունեն տարբեր աշխարհայացքներ:  Դրա հետեւանքով նրանց միջեւ հաճախ են առաջանում տարաձայնություններ, ինչի պատճառով տուժում են ոչ միայն իրենք, այլեւ շրջապատի մարդիկ: Այդ ժամանակ միանշանակ անհրաժեշտ է հոգեբանի միջամտությունը: Հոգեբանի շնորհիվ յուրաքանչյուրը կարողանում է ճիշտ ճանաչել իր անձը, արթնացնել իր մեջ ապրող բժշկին եւ լինել հնարավորինս առողջ:

— Հայաստանում ե՞րբ է ձեւավորվել հոգեբանությունը:
— Ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում հոգեբանությունն ունի դարերի պատմություն: Այն յուրաքանչյուր մարդու մեջ է, այսինքն՝ եթե կա մարդ, կա նաեւ հոգեբանություն:

— Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
— Ապրեք հնարավորինս թեթեւ, ձեզ համար մի ստեղծեք  ավելորդ խնդիրներ, իսկ եթե, այնուամենայնիվ, կզգաք, որ ձեզ մոտ թեկուզ փոքր-ինչ հոգեկան խնդիրներ են առաջացել, առանց երկար մտածելու դիմեք հոգեբանի օգնությանը: Նա կօգնի, որ ինքներդ ձեզ լիարժեք առողջ զգաք: Վստահեք ձեր հոգեբանին եւ խնայեք ամենաթանկն այս աշխարհում՝ առողջությունը:

Հեղինակ՝ Յանա Գալստյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։