Ծերեր
Հոգեբանություն

Մի վախեցեք ծերությունից

Ժամանակակից բժշկությունը ծեր մարդկանց խորհուրդ է տալիս զբաղվել որեւէ աշխատանքով: Դա ֆիզիկապես առողջ լինելու եւ հոգեկան  խանգարումներից խուսափելու լավագույն եղանակ է:

Բացատրենք մանրամասնորեն.
Աշխատող մարդն արթնանում է միեւնույն ժամին, գնում է աշխատանքի, լինում է մարդկանց միջավայրում եւ զբաղվում աշխատանքով: Դա նրան օգնում է ուշադրությունը սեփական անձից փոխադրել հասարակական հետաքրքրությունների վրա: Իսկ երբ մարդն  անցնում է թոշակի, նրա առօրյան փոխվում է, եւ դա հաճախ բացասաբար է անդրադառնում նրա ինքնազգացողության վրա: Շատերը, երբ աշխատում էին, իրենց առողջ եւ կենսուրախ էին զգում, իսկ թոշակի անցնելուց հետո սկսում են գանգատվել առողջությունից: Նրանք կորցնում են աշխարհի հետ կապը եւ պարփակվում իրենք իրենց մեջ: Թեթեւ ցավերը, որոնց նախկինում ուշադրություն չէին դարձնում, այժմ դառնում են նրանց կյանքի իմաստը: Որոշ մարդիկ, այնուամենայնիվ, առողջական վիճակից կամ այլ պատճառներից ելնելով, որոշում են գնալ թոշակի: Եվ մեծ սխալ է հանգստությունը անգործության մեջ փնտրելը: Դա թուլացնում է օրգանիզմը, բացասաբար է ազդում ինտելեկտի վրա, ժամանակից շուտ ծերացնում է:

Եթե չկա այլ ելք, ապա ընտրեք ձեզ համապատասխան նախասիրություն: Դա միայն զվարճություն չէ, դա այն է, ինչը ձեզ կապում է մարդկանց, բնության, աշխարհի հետ: Այդպիսի զբաղմունքներից շատերը նպաստում են կենսախինդ լինելուն, առողջության ամրապնդմանը, տալիս են դրական հույզեր, մյուսները կարող են տալ նյութական օգուտ: Սակայն երբեք մի՛ գերագնահատեք ձեր ուժերը եւ հիշե՛ք կանոնավոր հանգստի մասին:

Եթե տառապում եք անքնությամբ՝ մտածեք,  թե արդյո՞ք ճիշտ է ձեր ապրելակերպը: Բավականաչա՞փ եք շարժվում  մաքուր օդում, ճաշից հետո շատ չե՞ք քնում:
60 տարեկանից հետո լավ կլինի ճաշից հետո մի փոքր ննջել, բայց 30 րոպեից ավելի քունը թուլացնում է, նպաստում մարմնի քաշի ավելացմանը եւ կարող է դառնալ գիշերային անքնության պատճառ: Նախասիրություն կամ զբաղմունք ունենալը  լավ է ցանկացած տարիքում, հատկապես՝ ծերության ժամանակ: Այն հանգստացնում է, հանում հոգնածությունը, լարվածությունը, թուլացնում, մխիթարում եւ ուրախություն պատճառում:

Ծերությունից մի՛ վախեցեք, ֆիզիկական փոփոխությունները հիվանդագին մի՛ ընդունեք: Ձեր երեխաները ձեզ գնահատում են ձեր բնավորության առանձնահատկության եւ հոգեկան հատկություններին համապատասխան, բայց  բոլորովին ոչ այն բանի համար, թե ինչպես է պահպանվել ձեր դեմքը կամ կազմվածքը:
Գոյություն ունեն տարբեր նախասիրություններ: Ընտրե՛ք ձեզ համար առավել հարմարը: Ընտրությունը կախված է, մի կողմից՝ այն բանից, թե ինչն է ձեզ հետաքրքրում, իսկ մյուս կողմից՝ ձեր հնարավորություններից՝ ունեցած ժամանակից, բնակարանային պայմաններից:
Սիրե՛ք կյանքը եւ եղե՛ք երիտասարդ՝ անկախ  տարիքից:

Հեղինակ՝  Կարինե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։