Կյանքը 40-ից հետո
Հոգեբանություն

Կյանքը սկսվում է 40-ից հետո

— 40-ն անց կին եմ, ապահովված եմ աշխատանքով: Կարելի է ասել` խնդիրներ չունեմ, բայց կորցրել եմ ինքնավստահությունս: Արդեն մեկ տարի է՝ անհանգիստ եմ, ունեմ տագնապի, վախի զգացողություն: Դյուրագրգիռ եմ, չեմ կարողանում նույն բանի մասին երկար մտածել, մտքերս խառնվում են իրար, եւ ամեն ինչ ինձ նյարդայնացնում է: Անհաշտ եմ ինքս ինձ հետ: Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այս իրավիճակից:
Արաքս, Երեւանից

Մեր ընթերցողի նամակին պատասխանում է հոգեբան Նատալի Գոնչար-Խանջյանը:

Մինչեւ 40 տարեկանը մարդկանց մոտ իմացության, տեղեկատվության եւ փորձի կուտակման ժամանակաշրջան է: 40-ից հետո գալիս է գիտակցության, կտրուկ փոփոխությունների եւ ինքնաիրացման ժամանակաշրջանը: Կյանքում յուրաքանչյուր էական փոփոխություն բերում է անհանգստություն, մտահոգություն եւ սթրես: Ինչպես տհաճ, այնպես էլ հաճելի իրադարձությունները կարող են դառնալ ներքին լարվածության, տագնապի պատճառ:
40-ից հետո կնոջ օրգանիզմում էստրոգենները (իգածին հորմոններ) սկսում են նվազել, եւ դրանից առաջանում են հոգեբանական անհարմարություն, նյարդայնացում: Դրանից կանանց մոտ ի հայտ է գալիս անհանգստություն, վախի զգացողություն, ճնշվածություն, կարծես «հողը ոտքերի տակից փախչում է»: Սա հոգեբանական խնդիր է, որը կապվում է նաեւ մի շարք առասպելների եւ միֆերի հետ, որոնք թեեւ վաղուց հնացել են, բայց մեր ենթագիտակցության մեջ են:

Որոշ կանանց մոտ այդ ապրումներն առաջանում են այն պատճառով, որ նրանք չեն մայրացել, առաջ է գալիս տրված հնարավորության կորստի զգացողություն: Կանացիությունը, կին լինելն առաջին հերթին կապվում է մայրանալու գաղափարի հետ, եւ դա խորն է նստած կնոջ գիտակցության մեջ, հատկապես մեզ մոտ, ուր մինչեւ վերջերս կնոջ ազատ, անկախ, գործունյա կերպարը մերժվում էր: Ամուսնացած կանանց մոտ 40-ից հետո գալիս է հասունացած երեխաներից բաժանվելու սթրեսը, քանի որ զավակները սկսում են ինքնուրույն կյանք վարել եւ չեն ցուցաբերում նախկին կապվածությունը:

Կյանքի նոր փուլի անցման եւ ամրապնդման հաջողությունները մեծ մասամբ կախված են կնոջ հարմարվելու ունակությունից, նրա մասնագիտական եւ այլ հետաքրքրությունների խորությունից, «պահանջարկի» մակարդակից:
Որպես կանոն, առաջին տեղում մասնագիտությունն է: Հավաքված է մեծ փորձ, ուժերը բավարար են, նոր ինքնագիտակցումը հնարավորություն է տալիս ռացիոնալ կազմակերպել փոխհարաբերությունները շրջապատող աշխարհի հետ: Լրջորեն խանգարել կարող են սեփական ուժերին չհավատալը եւ վախը, որը կարելի է եւ պետք է հաղթահարել: Ցավոք, մեր կանայք հազվադեպ են դիմում հոգեբանի, որի պատճառը ամաչկոտությունն է, ֆինանսական նեղվածությունը: Բայց պետք է հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն իր լավագույն հոգեբանն է: Միշտ լինում են այլընտրանքային միջոցներ (յոգա, շեյփինգ, պարի դասեր)՝ վերագտնելու համար ոգեշնչումը եւ կենսուրախությունը:
Ցանկալին եւ երազածը, որը դեռ չի իրականացել, անպայման կիրականա:

Հիշեք, Դուք Ձեր կյանքի ռեժիսորն եք: Ձեր գիտելիքները, հմտություններն ու փորձը կարող եք կիսել աճող սերնդի հետ, եւ նրանք Ձեզ կարձագանքեն շնորհակալությամբ եւ ուշադրությամբ:  Ընդլայնեք Ձեր մասնագիտական հնարավորությունները, յուրացրեք համակարգչային նոր ծրագրեր, օտար լեզուներ կամ էլ նույնիսկ նոր մասնագիտություն, որը Ձեզ համար կլինի հետաքրքրաշարժ զբաղմունք: Տանը կենդանի պահեք: Ապացուցված է, որ նրանք, ովքեր շուն ունեն, իրենց զգում են  առույգ եւ կենսաբանական տարիքից 3-4 տարի երիտասարդ:

Ձեր անցած 40 տարիները դիտեք ոչ թե որպես անցյալում եղած հնարավորությունների կորուստ, այլ կապիտալ` ապագա մուտք գործելու համար: Հայտնի բանաձեւ կա. «Կյանքը սկսվում է 40-ից հետո»:

Հեղինակ՝  Վլադ Մուրադյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։