Կաթ
Առողջություն եվ գեղեցկություն

Կաթն ամենից կարևորն է

— Ասում են, թե օրական չորս բաժակ կաթ խմելը շատ օգտակար է:  Այդպե՞ս է, թե՞ ոչ:
Կ.Ալեքսանյան Երևանից

Կաթն օգտակա՞ր է, թե՞ վնասակար: Այս հարցի շուրջ եղած իրարամերժ կարծիքները կարծես մասնատել են մարդկությանը 2 բանակի: Այդպես էլ գիտնականներն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ուստի կփորձենք  անաչառ լինել եւ  երկու տեսակետն էլ ներկայացնել մի փոքր վերապահումով, քանի որ կաթի օգտակար հատկությունների մասին մինչ այժմ շատ է խոսվել: Իսկ դուք, սիրելի՛ ընթերցողներ, ստիպված կլինեք ինքնուրույն որոշում կայացնել` այս տեսակետներից որը որդեգրել: Միայն թե մի՛ մոռացեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Ի՞նչ կա կաթի մեջ
Կաթը պարունակում է 200 օգտակար նյութեր: Այն իրավացիորեն կոչվում է գեղեցկության կենսաըմպելիք: Կաթի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ եւ մաշկի համար օգտակար այլ նյութեր: Այս ըմպելիքի մեջ ճարպը եւ ջուրը ներկա են էմուլսիա ձեւավորող մանրագույն կաթիլների ձեւով, ինչի շնորհիվ անարգել ներթափանցում են մաշկի խորին շերտեր:
Սպիտակուցներն անհրաժեշտ են մազերի եւ եղունգների ամրացման, A վիտամինը ՝ աչքերի, B խմբի վիտամինները՝ դեմքի լավ գույնի համար: Այսօր կաթի այս բոլոր հատկություններն օգտագործվում են ժամանակակից գեղամիջոցների մեջ:

Դիմակներ դրեք
Դիմակներն ամենահին կոսմետիկ արարողակարգերն են, որոնց շնորհիվ մեր մաշկը դառնում է ավելի երիտասարդ եւ լավ տեսք է ունենում: Բայց, ցանկալի արդյունքի հասնելու համար, անհրաժեշտ է պահպանել կոսմետիկ դիմակահանդեսի կանոնները:
Եթե դիմակն ինքներդ եք պատրաստում, ապա ընտրեք ամենաթարմ, այլ ոչ թե ժամկետանց մթերքը:
Դիմակը քսեք միայն մաքուր մաշկին: Լվացվեք եռացրած ջրով, օգտագործեք մաքրող տոնիկ կամ կոսմետիկ կաթ: Արդյունքն ավելին կլինի, եթե դիմակը քսեք շոգեհարած մաշկին:
Եթե դիմակի բաղադրամասերը հեղուկ են, ապա դրա մեջ թրջեք մի քանի շերտ ծալված թանզիֆը եւ այն դրեք դեմքին:
Դիմակը դեմքի վրա թողեք 15-20 րոպե: Պառկեք, թուլացեք: Մասնագետների կարծիքով այն, ինչը շեղում է ձեզ արարողակարգից, կրկնակի նվազեցնում է դրա արդյունավետությունը:
Դիմակը լվացեք տաք, եռացրած ջրով: Եթե մաշկը ճարպոտ է, ջրին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք, եթե չոր է՝  կիսով չափ կաթ խառնեք:
Այժմ անդրադառնանք ընթերցողի հարցին. թեման պարզաբանում է առողջագետ, բժշկագիտության թեկնածու Արուսյակ  Նալյանը:

— Ձեր և ձեր ընթերցողի հարցին պատասխանելուց առաջ ասեմ, որ ճիշտ սննդի մասին գիտելիքը մի ամբողջ գիտություն է իր դպրոցներով, ուղղություններով, որտեղից էլ ծագում է խորհուրդների տարբերությունը: Ես ելնելու եմ այն սինթեզից, որն արել եմ վերջին քսան տարիների ընթացքում, և որի արդյունքները հաստատվել են հազարավոր հիվանդների առողջացման ժամանակ: Այս տվյալների հիմքում ընկած են արևելյան բժշկության և ժամանակակից միջազգային առողջապահական կազմակերպությունների ձեռքբերումները սննդագիտության բնագավառում:

-Մեր ընթերցողներից մեկը հարցնում է. «Ճի՞շտ է արդյոք, որ օրական 4 բաժակ կաթ խմելը շատ օգտակար է»: Անկեղծ ասած, կաթի օգտակարության մասին հայտնի է բոլորին, իսկ բացասական կողմերի մասին գրեթե չի խոսվում, միգուցե սա համընդհանուր մոլորությո՞ւն է… Կխնդրեի մանրամասն բացատրել հենց բացասական կողմերը:
-Անկասկած` ոչ, օգտակար չէ: Միայն մեկ արդյունք կարող է տալ` նիհարեցում, գուցե այդ առումով էլ երբեմն կարելի է կիրառել. սակայն հաճախակի օգտագործելու դեպքում դա կտա կաթի և կաթնամթերքի կիրառմանը բնորոշ բոլոր հետևանքները:
Խնդիրն այն է, որ ըստ հին արևելյան բժշկության, առողջարար կարող է համարվել թերևս միայն թարմնորկթածկաթը, իսկ եռացրած, առավել ևս` պաստերացվածփոշիացրած և այլ տարբեր միջոցներով վերամշակվածը բոլորովին էլ օգտակար չէ, ոչ էլ կալցիումի աղբյուր է, ինչպես ընդունված է կարծել: Կաթն օրգանիզմում հաճախ լորձ է առաջացնում, այսպես ասած` լորձացնում է օրգանիզմը և հակացուցված է ամենատարբեր հիվանդությունների ժամանակ: Նախևառաջ դրանք սեզոնային հարբուխներն են, (հատկապես արտահայտված հազի դեպքում), բրոնխաբորբը, թոքաբորբը, նշագեղձերի բորբոքումները և այլն, այսինքն` հենց այն դեպքերը, երբ առավել հաճախ է ընդունված կաթի օգտագործումը: Այն երկարաձգում է թե՛ հիվանդությունը, թե՛ հենց բուն հազը, որքան էլ դա զարմանալի է և արտասովոր: Միակ դեպքը, երբ կաթը և կաթնային բաղադրատոմսերը ցուցված են` տուբերկուլոզի հազն է:  Ավելի հին և ավելի իմաստուն բժշկությունները կաթն ու կաթնամթերքը համարում են շատ հիվանդությունների` կիստաների, միոմաների, ալերգիաների զարգացման հիմնական պայմաններից մեկը: Պետք է ասեմ, որ այսօր արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ իր սննդային բուրգում կաթն ու կաթնամթերքը տեղադրում է դեղին, և ոչ թե կանաչ շերտում (որտեղ միրգը, բանջարեղենը և ցորենազգիներն են), ասել է թե` զգուշությամբ պետք է օգտագործել: Այսքանը այս հարցի վերաբերյալ, ավելի մանրամասն տեղեկություն կա տարբեր սկզբնաղբյուրներում:

— Շնորհակալություն հարցերի պարզաբանման համար:

Հեղինակ՝ Արփինե Անդրեասյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։