Փոքրիկ աղջիկ հիվանդ ջրծաղիկով
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Ջրծաղիկը երբեմն կրկնվում է

Ջրծաղիկը, հատկապես երեխաների մոտ, ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է, այդ պատճառով համարվում է մանկական սուր վարակիչ հիվանդությունԸնդհանրապես ջրծաղիկով հիվանդանում են կյանքում մեկ անգամ, դրանից հետո մարդն իմունիտետ է ձեռք բերում տվյալ հիվանդության նկատմամբ, սակայն վերջին շրջանում արդեն հանդիպում են կրկնվող դեպքեր: Ուստի մեր խմբագրություն դիմած ընթերցողների խնդրանքով անդրադառնում ենք այս թեմային:

Այս խնդրի շուրջ զրուցեցինք մանկաբույժ Բերբերյան Արուսյակի  հետ:

-Ինչպիսի՞ հիվանդություն է ջրծաղիկը:
-Ջրծաղիկը վարակիչ հիվանդություն է, որով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները: Հիվանդանալուց հետո ձեռք է բերվում իմունիտետ, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդության հարուցիչը վիրուսն է: Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է:
Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է: Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում:

-Ինչպե՞ս է սկսվում հիվանդությունը:
-Հիվանդությունն սկսվում է ջերմության բարձրացումով (մինչեւ 38-390C), ցանավորմամբ: Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում: Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը փայլուն է, պարզ, թափանցիկ պարունակությամբ: Բշտիկն արագ չորանում է՝ առաջացնելով գորշավուն կեղեւ, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում:

-Իսկ կրկնվող դեպքեր լինու՞մ են եւ ինչո՞վ է դա  պայմանավորված:
-Կրկնակի հիվանդության դեպքերը խիստ հազվադեպ են, բայց կան: Կրկնակի վարակվում եւ հիվանդանում են օրգանիզմի ցածր դիմադրողականություն եւ, հատկապես, ջրծաղիկի նկատմամբ իմունիտետ չունեցող անձինք, անկախ տարիքից: Մեծ տարիքում, իհարկե, հիվանդությունն ընթանում է դժվար: Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում, սակայն երկրորդային վարակի հետեւանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր: Այդ դեպքում ջրծաղիկի ցան առաջանում է նաեւ բերանի ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա:

-Ջրծաղիկի կանխարգելման նպատակով պատվաստում արվո՞ւմ է:
-Ոչ, ջրծաղիկի դեմ պատվաստում չի արվում, քանի որ այն բարդ հիվանդություն չէ եւ հատուկ բուժում չունի: Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում:

-Ինչպե՞ս է իրականացվում բուժումը:
-Պետք է հիշել, որ ջրծաղիկը վարակ է, որը հակաբիոտիկներով չի բուժվում, բացի այն հազվադեպ դեպքերից, երբ ջրծաղիկի հետ վարակներ են առաջանում ու բշտերն սկսում են թարախակալել: Այդ դեպքում բժիշկը կարող է հատուկ նշանակումներ կատարել: Հեղուկով լի բշտերը ոչ մի դեպքում չի կարելի սեղմել, որովհետեւ թարախակալում առաջանում է հենց քորելու եւ պոկելու հետեւանքով: Բուժման առանձնահատկություն,  ինչպես  նաեւ տվյալ հիվանդության համար նախատեսված հատուկ դեղորայք չկա: Սակայն կարեկի է նվազագույնի հասցնել տհաճ զգացողությունը: Բշտերը թրջել չի կարելի, այն կերկարաձգի ցանի ապաքինումը: Թույլատրվում է կարճատեւ լոգանքը՝ կալիումի գերմանգանատի ջրային թույլ (վարդագույն) լուծույթով:

Պետք է հետեւել նաեւ սննդակարգին: Խորհուրդ է տրվում օգագործել կաթնային ու բուսական մթերք: Բարձր ջերմության հետեւանքով օրգանիզմը ջրազրկվում է, ուստի հեղուկի մեծ քանակը կօգնի պահպանել հավասարակշռությունը:
Ադամանդականաչ լուծույթը չի բուժում, այն ընդամենն ախտազերծում է բուշտը, նվազեցնում քորը:
Ցաները մշակեք կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով: Հիշե՛ք, ցանը ոչ մի դեպքում սպիրտով մշակել չի կարելի: Միայն բարդությունների եւ ծանր ձեւերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ: Հիվանդի  գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հանգստացնող դեղամիջոցներ, կալցիումի պատրաստուկներ, C վիտամին:

-Երբեմն ջրծաղիկը շփոթում են ծաղիկ հիվանդության հետ: Ինչպե՞ս կարելի դրանք տարբերել:
-Դրանք իրարից շատ ակնհայտորեն տարբերվող հիվանդություններ են, ընդ որում, դեռեւս 1980թ. արձանագրվել է ծաղկի իսպառ վերացում, եւ չեղյալ է հայտարարվել ծաղկապատվաստման դեկրետը:

-Զրույցի վերջում՝ Ձեր խոսքը մեր ընթերցողներին:
-Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի եւ բերանի լորձաթաղանթի խնամքին՝ երկրորդային վարակի կանխման նպատակով:
Հարկավոր է հետեւել ձեռքերի մաքրությանը եւ եղունգները կարճ կտրել: Հաճախակի փոխել անկողնային, ինչպես նաեւ մարմնի հետ անմիջապես շփվող սպիտակեղենը:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։