Կարմրած աչք
Առողջություն եվ գեղեցկություն,  Փորձագետի խորհուրդներ

Ինչի՞ց են կարմրում աչքերը

— Ի՞նչ կարելի է անել,  եթե աչքերը կարմրում են: Իմ կարծիքով՝ պատճառն արեւի վնասակար ճառագայթներն են: Կա՞ն այլ պատճառներ:
Տիգրան

Արտաքին աշխարհի մասին մեր տեղեկությունների մեծ մասը կապված է տեսողության հետ: Տեսողությունը կարեւոր է յուրաքանչյուր աշխատանքային գործունեության համար: Աչքերի միջոցով ենք տարբերում առարկաները, գնահատում գեղեցիկն ու շքեղը, ընտրում լավագույնը:  Եվ ի վերջո, աչքերը մեր հմայքի կարեւոր մասն են կազմում: Մեր ընթերցողին հուզող հարցին սիրով պատասխանեց ակնաբույժ Քարամյան Նազանին:

-Ինչպիսի՞ կառուցվածք ունի աչքը, եւ ի՞նչն է պաշտպանում մեր աչքերն արտաքին ազդակներից:
-Աչքը գտնվում է գանգի ակնակապիճում: Աչքերը պաշտպանում են հոնքերը, որոնք ցրում են ճակատից հոսող քրտինքը: Կոպերը եւ թարթիչներն աչքերը պաշտպանում են փոշուց: Անկյունում գտնվող արցունքագեղձն արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, տաքացնում աչքը, հեռացնում նրա մեջ ընկած կողմնակի մասնիկները:

-Ինչի՞ց են ընդհանրապես կարմրում աչքերը:
-Մեծ մասամբ աչքերի կարմրությունը բորբոքային բնույթի է՝ վիրուսային, մանրէային, ալերգիկ: Պատճառներից է նաեւ ներակնային ճնշման բարձրացումը, եղջերաթաղանթի եւ ծիածանաթաղանթի բորբոքումը: Աչքերի կարմրության պատճառ կարող են հանդիսանալ նաեւ արեւի ճառագայթները, որոնք իսկապես բավականին վնասակար ներգործություն  ունեն:

-Ազդո՞ւմ է արդյոք կարմրությունը տեսողության վատթարացման վրա:
-Ո՛չ, աչքերի կարմրությունը տեսողության վրա չի ազդում, եթե այն վնասվածքի հետեւանք չէ:

-Որքանո՞վ են արեւի ճառագայթները  նպաստում աչքերի կարմրությանը եւ ի՞նչ վնաս կարող են հասցնել:
-Դրանք բավականին վնասակար ազդեցություն ունեն, ազդում են ակնահատակի, կենտրոնական հատվածների, մասնավորապես դեղին բծի վրա, որը հանդիսանում է կենտրոնական տեսողության օրգանը: Չափազանց վառ լուսավորությունը չափից ավելի գրգռում է աչքի զգայարանները եւ վնասում տեսողությունը:Տեսողության խանգարումներ կարող են առաջանալ նաեւ օրգանիզմում A վիտամինի անբավարարությունից: Վնասակար ներգործություն է ունենում նաեւ ծխելը: Նիկոտինի եւ ծխախոտի մյուս թույները երբեմն առաջ են բերումտեսողական նյարդի ծանր վնասվածք:
Արեւի ճառագայթներից կարող է առաջանալ ալերգիկ կոնյուկտիվիտ, հատկապես գարնանը եւ աշնանը: Նկատվում է քոր, ավազի զգացողություն, արցունքահոսություն, քթահոսություն, փռշտոց:

-Ո՞ր տարիքում է աչքերի կարմրությունը վտանգ ներկայացնում
-Բոլոր տարիքներում էլ այն վտանգավոր է, երբ վեր է ածվում հիվանդության: Այդպիսի հիվանդություններից են գարնանային կատարը, կոպաբորբը, որն ալերգիկ բնույթի է: Դրանք վտանգավոր են այնքանով, որ կարող են  կոպերի հաստության մեջ առաջացնել բորբոքային բնույթի փոփոխություններ: Մեծ տարիքում վնաս է հասցնում ճնշման բարձրացումը:

-Իսկ աչքերի կարմրությունը ժառանգական բնույթ կրո՞ւմ է:
-Այո՛, ժառանգական բնույթ կրում է ալերգիկ բնույթի կարմրությունը: Գոյություն ունի «կարմիր աչքեր» ախտանիշ, որը փոխանցվում է ժառանգաբար: Այդ ախտանիշով մարդկանց աչքերը մշտապես կարմիր են:

-Բժշկուհի՛ Քարամյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Նախ՝ աչքերի համար վնասակար աշխատանքները պետք է կատարել հասարակ ապակիներ ունեցող ակնոցներով:
Աչքերի մեջ փշուր ընկնելու դեպքում աչքերը լվացեք եւ կոպերից փշուրը հեռացրեք մաքուր խոնավ բամբակով կամ թաշկինակով: Նախապես լվացեք ձեռքերը:
Խորհուրդ կտամ բոլորին կրել որակյալ արեւային ակնոցներ, խուսափել արեւային ճառագայթներից հատկապես 1500-ից մինչեւ 1700-ը:
Անհրաժեշտ է ակնոց կրել նաեւ ուժեղ քամու ժամանակ, քանի որ փոշու հետ միասին աչքի մեջ կարող են  մտնել ախտահարույց մանրէներ: Խուսափեք անորակ կոսմետիկ միջոցներից: Եթե կզգաք աչքերի ցավ, կոպերի թրթռոց կամ գլխացավ, նշանակում է՝ ձեր աչքերի հետ ինչ-որ բան է կատարվում: Եվ այդ դեպքում անպայման այցելեք ակնաբույժին՝ կանխարգելիչ զննման նպատակով:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։