Փսխածաղիկ բույսի մասին
Այլընտրանքային բժշկություն

Հակաբորբոքային փսխածաղիկը

— Խնդրում եմ գրել փսխածաղիկ բույսի մասին. ի՞նչ բուժիչ հատկություններով է այն օժտված:
Սիրանուշ

Այս բույսի ժողովրդական անվանումներն են աղեխոտ, ագռավի սապոն եւ այլն:
Փսխածաղկի բարձրությունը 5-25 սմ է: Տերեւները մանր են, մերկ, ձվածրաձեւ (էլիպտիկ) կամ երկարավուն, հակառակ` ձվաձեւ: Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, աննշան, ցողունի վերեւի տերեւանութներում հավաքված փոքր կծիկներով: Այս բույսը ծաղկում է մայիսից մինչեւ աշուն: Պտուղները երկարավուն են, միասերմ,  ընկույզի նման: Հանդիպում են փսխածաղիկի մերկ, բազմամուսնական կամ հոտավետ եւ թավամազ տեսակները: Դրանք բոլորն էլ ունեն նույն բուժական նշանակությունը:
Բույսը հիմնականում ունի միզամուղ հատկություն: Շատ երկրների ժողովրդական բժշկության մեջ փսխածաղիկը համարում են առանձնահատուկ միջոց` սուր բորբոքային գործընթացների եւ միզապարկի ջղաձգումների բուժման համար:

Բուժումը փսխածաղիկով
Փսխածաղկի թուրմը կիրառում են որպես միզամուղ միջոց երիկամների եւ սրտի հետ կապված այտուցների դեպքում: Ժողովրդական բժշկության մեջ փսխածաղկի թուրմը խորհուրդ է տրվում միզապարկի եւ երիկամների բորբոքման դեպքում, որպես կանխարգելիչ միջոց երիկամներում առաջացող քարերի դեմ, ինչպես նաեւ ստամոքսի ցավերի, ջրգողության, ռեւմատիզմի, հոդատապի, արյան բարձր ճնշման դեպքում: Համարում են, որ այն նվազեցնում է մկանային ցավերը ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունից հետո, հատկապես` չմարզված մարդկանց մոտ: Վերջին տարիներին փսխածաղիկը օգտագործվում է նաեւ ուռուցքային հիվանդությունների բուժման համար:
Փսխածաղկի եփուկն արտաքին ձեւով կիրառում են կատառային դիաթեզի, երեխաների մոտ էկզեմայի դեպքում (լոգանքների ձեւով): Հյութն օգտագործում են կոսմետիկայում:
Արեւմտաեվրոպական բժշկության մեջ օգտագործվում է որպես վերքերն ապաքինող, ինչպես նաեւ թոքերի, միզաքարային հիվանդությունների, երիկամախիթերի, միզակապության, միզապարկի քրոնիկական բորբոքումների դեպքում:
Փսխածաղկի թուրմը կամ եփուկը պատրաստվում է 1:20 հարաբերակցությամբ: Այն խմում են 1/4-1/3-ական բաժակ, օրական 3 անգամ` ուտելուց կես ժամ առաջ: Դրանք կիրառվում են եւ արտաքին ձեւով` որպես վերքերն ապաքինող միջոց: Եռման ջրով փափկեցրած բույսը տաք թրջոցի ձեւով դնում են ճողվածքի դեպքում:
Գոյություն ունեն բուժական հատկություններով օժտված այս զարմանալի  բույսի մի քանի տեսակներ` փսխածաղիկ մերկ, բազմամուսնական, թավամազ:

Մերկ փսխածաղիկն առավել տարածված է եւ արդյունավետորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ:
Բույսի խառնուրդը պատրաստում են ծաղկման եւ պտղակալման ողջ շրջանում: Այն սովորաբար չորացնում են ստվերոտ տեղում` բաց օդում: Պահպանման ժամկետը` 2 տարուց ոչ ավելի: Պատրաստի հումքը դեղնականաչավուն է յուրահատուկ բույրով: Փսխածաղիկը կիրառվում է շատ երկրների ժողովրդական բժշկության մեջ:
Բացի դրանից, թուրմը կիրառվում է գոնոռեայի, ռեւմատիզմի, հոդատապի, հոդացավերի եւ անմիզապահության դեպքում: Վերոնշյալ հիվանդությունների դեպքում կիրառման ձեւը հետեւյալն է.

30-50 գ չոր հումքին ավելացնել 1 լ եռման ջուր,  թրմել թերմոսում 2 ժամ, քամել, խմել 0,5-ական բաժակ, օրական 3 անգամ` ուտելուց առաջ:

10-15 գ մանրացրած բույսը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թրմել 30 րոպե եւ խմել 1-ական ճաշի գդալ, օրական 4-5 անգամ:

Անհրաժեշտ է հիշել, որ բույսը թունավոր է, եւ չարաշահումը կարող է հանգեցնել թունավորման:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։