Գեղեցիկ եղունգներ
Առողջություն եվ գեղեցկություն

Երբ եղունգներն առողջ են

— Հարգելի՛ խմբագրություն, խնդրում եմ գրել, թե ինչո՞ւ են եղունգները շերտավորվում եւ գունափոխվում: Դա  ինչ-որ հիվանդության հետ կապվա՞ծ է, թե՞ ոչ:
Անիկ, ք. Սիսիան։

Եղունգների շերտավորումն այսօր կանանց մոտ հաճախակի հանդիպող խնդիրներց է: Բոլորն էլ ցանկանում են ունենալ գեղեցիկ  եւ խնամված եղունգներ:
Իհարկե,  այդ թերությունները կարելի է շտկել` արհեստականորեն երկարացնելով եղունգներն ու գեղեցիկ ձեւավորելով, սակայն այդպիսով եղունգներն էլ ավելի են վնասվում: Ի՞նչ անել, որպեսզի եղունգները դադարեն շերտազատվել: Խնդրի եւ դրանից խուսափելու մասին մեզ տեղեկատվութուն է տրամադրում մաշկաբան Հարութ Տանիելյանը:

-Ինչո՞ւ են եղունգները շերտավորվում: Այս երեւույթն ավելի  հատուկ է կանա՞նց, թե՞ տղամարդկանց:
-Շերտավորումը եղունգների հիմնական խնդիրներից է: Այն հաճախ հանդիպում է կանանց եւ աղջիկների մոտ: Իսկ տղամարդկանց մոտ այս խնդիրը գրեթե չի նկատվում: Այստեղից պետք է ենթադրել, որ եղունգների շերտավորումը սովորույթների, արտաքին գործոնների ազդեցությամբ է պայմանավորված: Առաջին հերթին եղունգների շերտավորմանն են նպաստում օգտագործվող տարբեր քիմիական նյութերը: Կարեւոր է եղունգների ճիշտ խնամքը: Այստեղ  էական է, թե որքանով է մատնահարդարը  տիրապետում իր մասնագիտությանը: Նշանակություն ունի,  թե ինչպես են մաքրում ետեւի կուտիկուլաները (եղունգն ու մաշկը միացնող բարակ շերտ): Որպես կանոն, այդ հատվածը ետ են տանում: Երբ կուտիկուլան  վնասվում է, եղունգները սկսում են ախտահարվել: Թեթեւակի վնասումը կարող է նպաստել եղունգների շերտավորմանը:
Եղունգների շերտավորմանը կարող են նպաստել ացետոնը, որոշ տեսակի փայլեցնող նյութերը, որոնք հաճախ են օգտագործվում: Եղունգի լաքերի մեջ կա եւ որակյալը, եւ անորակը: Անորակ նյութերը կարող են նպաստել նման երեւույթների ի հայտ գալուն: Սակայն երբեմն որակյալ լաքերը նույնպես կարող են եղունգների շերտավորման խթան հանդիսանալ` կախված այդ նյութի նկատմամբ մարդու օրգանիզմի նախատրամադրվածությունից:
Եղունգի շերտավորում կարող է առաջանալ նաեւ սնուցման որոշ խանգարումներից, երբ մատերը հաճախ են սառչում, կամ անընդհատ ջրի մեջ են:

Եղունգերը կրծելը նույնպես նպաստում է շերտավորմանը: Եվ վերջապես, սննդակարգը: Եթե սննդամթերքի մեջ նվազում է ժելատինի քանակը, եղունգները փափկում են: Շատերն ասում են, թե դա կալցիումի անբավարարության հետեւանք է, սակայն սա թյուր կարծիք է. քանի որ իրականում ժելատինի անբավարարության հետեւանք է: Ժելատին պարունակող սննդամթերքները մրգային դոնդողներն են եւ խաշը: Ահա եւս մեկ պատճառ, թե ինչու է տղամարդկանց մոտ շերտավորումն ավելի հազվադեպ հանդիպում:

— Իսկ կարո՞ղ է եղունգների շերտավորումը որեւէ հիվանդության  հետեւանք լինել:
— Այո, իհարկե: Օրինակ` ճիճվակրությունը, շաքարախտը կարող են հանգեցնել եղունգների շերտավորման: Ինչպես նաեւ, եթե մարդու մոտ առկա են հյուծման երեւույթներ, հիվանդագին վիճակներ են եղել ամիսներ առաջ, ապա կարող է առաջանալ եղունգների շերտազատում:  Եթե տվյալ անձն ունեցել է բարձր ջերմություն` 1 շաբաթ տեւողությամբ, հնարավոր է, որ 3-4 ամիս հետո եղունգները  շերտազատվեն:
Եղունգների շերտազատում կարող է առաջանալ նաեւ որոշ մաշկային հիվանդությունների ժամանակ:
Ամեն դեպքում պետք է բուժվի բուն հիվանդությունը, որպեսզի վերանա հետեւանքը:

— Եղունգների շերտավորումը կարո՞ղ է ժառանգական բնույթ կրել:
— Նախատրամադրվածությունը կարող է կրել ժառանգական բնույթ, սակայն ոչ հիվանդությունը: Այսինքն` մարդու օրգանիզմը նախատրամադրված է, որպեսզի նման երեւույթներ տեղի ունենան, եւ նպաստավոր պայմանների դեպքում դրանք կարող են ի հայտ գալ:

— Նորաձեւ դարձած` եղունգների արհեստական երկարացումը որքանո՞վ է վնասում եղունգը:
— Արհեստական եղունգների կիրառումը սովորաբար երկու դեպքում է կատարվում. առաջինը կոսմետոլոգիական`  եղունգին  գեղեցիկ տեսք տալու համար է, երկրորդը` բժշկական պրոթեզավորումը: Վերջինը կատարվում է այն դեպքում, երբ եղունգները տգեղ են կամ  ընդհանրապես բացակայում են եւ չեն աճում, կամ դեֆորմացված են: Գիտենք, թե արտաքին տեսքը որքան կարեւոր է մարդու համար:
Եթե արհեստական եղունգների կիրառումը ճիշտ տեխնիկայով  է կատարվում, ապա ոչ մի խնդիր չկա, բայց եթե չեն պահպանվում մաքրության, ախտահանման կանոնները, ապա կարող է առաջանալ եղունգի սովորական ախտահարումից մինչեւ սնկային ախտահարում: Արդյունքում եղունգը կարող է սեւանալ, սպիտակել, շերտազատվել, եղունգի մեջ կարող են ելիզներ առաջանալ` խողովակի, թելիկների պես, եւ վերջիվերջո եղունգը կարող է քայքայվել, փշրվել:

— Եղունգների շերտազատման դեմ մատնահարդարները խորհուրդ են տալիս որոշ միջոցներ  (մատները դնել աղաջրի մեջ, յոդ քսել եւ այլն), որքանո՞վ են դրանք արդյունավետ:  
— Գիտությունը զարգանում է: Այսօր եղունգների խնամքի համար կան շատ լավ լաքեր, որոնք սնուցում են եղունգը, նույնիսկ մեր հայկականը կա, որը շատ արդյունավետ է:
Սիրելի՛ ընթերցողներ, եղեք ուշադիր, թե ինչպես է աշխատում ձեր մատնահարդարը, հետեւեք բժշկի խորհուրդներին եւ եղեք առողջ:

— Կա՞ն խորհուրդներ, որոնց կարելի է հետեւել տնային պայմաններում` խնդիրը վերացնելու համար:
— Իհարկե. առաջին հերթին ժելատինային բաղադրամասը պետք է սննդում առկա լինի, խոսքը չի վերաբերում ամենօրյա սննդին, այլ ընդհանրապես: Պարբերաբար պետք է օգտագործվեն սնուցող լաքեր: Դրանք եղունգին են քսում շաբաթական 1,2, առավելագույնը` 3 անգամ, եւ սովորաբար խնդիրը վերանում է: Եթե Ձեր ձեռքերն ունեն սառչելու հակում, պետք է  հաճախակի կատարել դաստակի վարժություններ.  մերթընդմերթ ձեռքերը մտցնել տաք ջրի եւ ապա սառի մեջ, որպեսզի անոթները  լայնանան, նեղանան, սնուցումը լինի նորմալ:

— Եվ վերջում, Ձեր խոսքը` ուղղված մեր ընթերցողներին:
— Հարգելի՛ ընթերցողներ, ցանկացած փոփոխության  դեպքում պետք է դիմել մասնագետի, քանի որ եթե դա հիվանդության հետ է կապված, ապա անհրաժեշտ է բուժել բուն հիվանդությունը:

Հեղինակ՝ Արաքս Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։