Էնդոմետրիոզով հիվանգ կին
Փորձագետի խորհուրդներ

Էնդոմետրիոզը սպառնում է կանանց

— Խնդրում եմ գրել էնդոմետրիոզ հիվանդության մասին, կարելի՞ է նման հիվանդության դեպքում ներարգանդային պարույր տեղադրել:
Նունե

Սեռական օրգանների հիվանդացության ցուցակում էնդոմետրիոզն իր հաճախականությամբ գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով միայն սեռական օրգանների բորբոքումներին եւ արգանդի միոմային:
Հարցի շուրջ զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Բուլոյան Սուսաննայի հետ:

-Ի՞նչ է էնդոմետրիոզը:
-Էնդոմետրիոզը արգանդի լորձաթաղանթին նմանվող հյուսվածքի աճն է նրա նորմալ տեղակայման սահմաններից դուրս: Տարբերակում են սեռական եւ արտասեռական էնդոմետրիոզ: Ներքին սեռական էնդոմետրիոզի թվին է պատկանում էնդոմետրիոիդային գործընթացը, որը տեղակայված է արգանդի մկանային շերտում, արգանդի վզիկում եւ փողի ներպատային հատվածում: Արտաքին սեռական էնդոմետրիոզի ժամանակ ախտահարվում են ձվարանները, հեշտոցը, վզիկի հեշտոցային մասը, արտաքին սեռական օրգանները:
Արտասեռական էնդոմետրիոզի թվին է պատկանում կանանց օրգանիզմի ցանկացած օրգանի ախտահարումը, օրինակ՝ միզապարկի, հաստ աղու, պորտի, թոքերի հետվիրահատական սպին:

-Ինչպիսի՞ գոյացություն է էնդոմետրիոզը:
-Էնդոմետրիոիդ աճն առաջացնում է տարբեր ձեւի եւ մեծության գեղձային գոյացություններ, որոնք լցված են արյունով, լորձով կամ շերտազատված էպիթելով: Դաշտանի ժամանակ գեղձերի լուսանցքը ձգվում է եւ լցվում արյունով:

-Ինչպիսի՞ կլինիկական ախտանիշներ ունի էնդոմետրիոզը:
-Էնդոմետրիոզին բնորոշ է երկարատեւ ընթացքը: Հակում ունի տարածվելու հարակից օրգանների վրա՝ գոյացնելով լայնածավալ կպումներ եւ փոփոխություններ օջախներում: Ամենաբնորոշ ախտանիշը ցավն է, որն արտահայտվում է եւ սաստկանում նախադաշտանային շրջանում եւ դաշտանի ժամանակ: Երկրորդ կարեւոր ախտանիշը դաշտանային ցիկլի խանգարումն է. մուգ-կարմրավուն երանգով, արյունային արտադրությունը հաճախակի է ի հայտ գալիս նաեւ դաշտանից առաջ:

-Ինչպե՞ս է իրականացվում բուժումը:
-Բուժումը պահպանողական է եւ վիրահատական: Նախ պետք է անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ կատարել բժշկի կարգադրությունները: Ինքնաբուժում խորհուրդ չի տրվում, քանի որ կանայք այն կատարում են թերի, կամ նույն դեղամիջոցն այնքան ժամանակ են օգտագործում, որ օրգանիզմն  այդ դեղամիջոցի հանդեպ ձեռք է բերում կայունություն:

-Մեր ընթերցողն ուզում է իմանալ՝ էնդոմետրիոզով հիվանդ ժամանակ կարո՞ղ է ներարգանդային պարույր տեղադրելով  պաշտպանվել հղիությունից: Ի՞նչ խորհուրդ կտաք:
-Հակաբեղմնավորիչների ընտրությունը կատարում է գինեկոլոգը՝ հետազոտելուց հետո միայն: Ներարգանդային պարույրը շատ հուսալի է եւ առողջությանը վնաս չի հասցնում, եթե կինն առողջ է: Իսկ այս դեպքում խորհուրդ չէի տա, քանի որ պարույրը բորբոքային հիվանդության հիմք է հանդիսանում: Կան շատ այլ հակաբեղմնավորիչ միջոցներ՝ կրեմներ, գելեր, մոմիկներ, պահպանակներ: Կա նաեւ կանացի պահպանակ՝ վզիկային թասակիկ, որն այս դեպքի համար շատ հուսալի է, սակայն այն տեղադրելու համար  հմտություն է պետք:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

6 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։