Աղ
Այլընտրանքային բժշկություն,  Առողջարար սնունդ

Աղ. «սպիտակ մա՞հ», թե՞ փրկություն

Աղը  մեր խոհանոցային համեմունքներից ամենապահանջվածն ու սիրվածն է: Առանց աղի չենք պատկերացնում ոչ մի ճաշատեսակ, այն վաղուց մեր սեղանի փոքրիկ, բայց շատ կարեւոր ու անբաժանելի մասն է կազմում:

Մի ժամանակ աղի նկատմամբ ստեղծվել եւ իշխում էր  մի կարծիք, թե այն թույն է, «սպիտակ մահ», եւ անհրաժեշտ է այն բացառել սննդակարգից: Ճիշտ է, կան հիվանդություններ, որոնց դեպքում պետք է խիստ սահմանափակել աղի օգտագործումը, մասնավորապես սիրտ-անոթային, ճարպակալման, թոքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների դեպքում, արյան բաձր ճնշման ժամանակ: Սակայն սննդում ընդհանրապես աղ չօգտագործելը եւս բացասաբար է անդրադառնում մեր առողջության վրա:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սննդում աղի բացակայությունից ստամոքսը վատ է գործում, որովայնն սկսում է ուռչել, մաշկի ամենաաննշան քերծվածքները սկսում են թարախակալվել եւ երկար ժամանակ չեն ապաքինվում, անգամ անզոր են լինում յոդի եւ գերօքսիդի օգնությամբ կատարվող միջամտությունները:
Նշված հետազոտությունների ընթացքում ի հայտ էին եկել ներզատիչ համակարգի հետ կապված հիվանդություններ: Ամենաշատը տուժել էր վահանաձեւ գեղձը, առաջացել էին նաեւ մաշկի, եղունգների, մազերի հետ կապված խնդիրներ: Երկարատեւ փորձերի արդյունքում գիտնականներն ու բժիշկները համոզվեցին, որ չափահաս մարդն օրական պետք է օգտագործի առնվազն 4-5 գրամ աղ: Նախապատվությունը տրվում է քարաղին կամ բյուրեղային աղին, ծովային աղին, իսկ օգտագործվող աղն անպայման պետք է յոդային լինի:
Աղի կիրառության ոլորտը շատ բազմազան է, չի սահմանափակվում միայն սննդի մեջ օգտագործմամբ:

Ատամնացավի ժամանակ կամ ատամի հեռացումից հետո արդյունավետ է հետեւյալ միջոցը. 1 բաժակ ջրին ավելացնել 1թ.գ. աղ, կես թեյի գդալ սոդա, 2-3 կաթիլ յոդ: Այս միջոցով օրը մի քանի անգամ  պետք է ողողել բերանը:

Անգինայի, կոկորդի ցավի ժամանակ 1թ.գ. աղը լուծել 1 բաժակ գոլ ջրում եւ օրվա մեջ մի քանի անգամ ողողել կոկորդը:

Վահանաձեւ  գեղձի կիստայի դեպքում խորհուրդ է տրվում այդ հատվածին դնել աղի լուծույթով թրջոցներ, վրայից փաթաթել տաք կտորով:

Ռեւմատիկ ցավերը հանգստացնելու համար  աղը խառնում են  մեղրի կամ սպիրտի հետ, քսում ցավոտ հատվածներին:

Ճիճվակրության ժամանակ առաջացած սրտխառնոցը վերացնում են աղի լուծույթի օգնությամբ: 0,5-1 թ.գ. աղը լուծել 1 բաժակ ջրի մեջ եւ խմել:

Աչքերի տակի սեւ բծերը եւ պարկերը անցկացվում են աղի լուծույթի օգնությամբ: Բավական է թանզիֆի թրջված, քամված կտորով թրջոց դնել, թողնել 10-15 րոպե, եւ այդ երեւույթները կվերանան:

Փորլուծություն: Հնուց հայտնի է, որ աղն օժտված է կապող հատկությամբ:

Սովորաբար ներքին ընդունման համար օգտագործում են նրա լուծույթը՝ 1 ճաշի գդալ աղը 1 բաժակ ջրին հաշվարկով:

Մաշկի վրա երիտասարդացնող  եւ մաքրող ազդեցություն է ունենում  աղի եւ մեղրի հավասար քանակությամբ խառնուրդը, որը պետք է  քսել մաշկին, թողնել 15-20 րոպե, լվանալ գոլ ջրով:

Գրիպի դեպքում ճակատի եւ ծոծրակի հատվածում փաթաթան կապել, իսկ մեջքի հատվածում աղի լուծույթի մեջ թրջած կտոր դնել եւ վրայից կապել չոր սավանով:
Հարբուխի ժամանակ ամբողջ գիշերվա ընթացքում ճակատին եւ ծոծրակին դնել աղի լուծույթով կոմպրեսներ:

Պարանոցի հատվածի ցավերի դեպքում կիրառել հետեւյալ բուժամիջոցը. 1 բաժակ ջրին խառնել 1-1.5 ճաշի գդալ աղ եւ 3-4 կաթիլ յոդի լուծույթ, թրջոցներ դնել պարանոցին:

Հարատամնաբորբի բուժման համար մեղրը խառնում են աղի հետ եւ դրանով մշակում են լնդերը:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։