Արյան հետազոտություն
Գիտական բժշկություն,  Փորձագետի խորհուրդներ

Արյան ռեզուսն ու անպտղությունը

— Ամուսնուս արյան ռեզուսը բացասական է, դա կարո՞ղ է անտղության պատճառ լինել:
Նարինե, Երևանից

Մեր ընթերցողին հետաքրքրող ու մտահոգող հարցի շուրջ զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Քրիստինա Այվազյանի  հետ:

-Ի՞նչ է արյան ռեզուսը:
-Ռեզուս գործոնը կամ ռեզուս հակագենը սպիտակուց է, որը կարող է գտնվել էրիթրոցիտների մակերևույթին: Էրիթրոցիտներն  արյան բջիջներ են, որոնք հյուսվածքներին թթվածին են մատակարարում:
Նրանց հաճախ անվանում են նաեւ արյան կարմիր գնդիկներ: Մարդկանց էրիթրոցիտներում ռեզուս գործոնի առկայությունը կամ բացակայությունը պայմանավորում է նրանց պատկանելիությունը ռեզուս դրական կամ ռեզուս բացասական խմբերին: Մարդկանց մոտ 85%-ն ունի ռեզուս հակագեն և համապատասխանաբար պատկանում է ռեզուս դրական խմբին: Մնացած 15%-ը, որոնց արյան մեջ այն չկա, պատկանում են ռեզուս բացասական խմբին:

-Բժշկուհի՛ Այվազյան, հնարավո՞ր  է, որ տղամարդու արյան ռեզուսի բացասական լինելը անպտղության պատճառ հանդիսանա:
-Նման խնդիրն ավելի խոր ակունքային պատճառ ունի: Միայն տղամարդու ռեզուսի բացասական լինելն անպտղության պատճառ չի կարող հանդիսանալ, ուստի համալիր  հետազոտություն է անհրաժեշտ, ընդ որում ոչ միայն ամուսնուն, այլ նաև՝ կնոջը, որովհետև միգուցե պատճառն իմունալ խանգարումներն են կամ զույգի արյան ռեզուսների անհամատեղելիությունը: Եթե հակառակը լիներ՝ կնոջ արյան ռեզուսը լիներ բացասական, և հղիանալու խնդիր առաջանար, դա կարող էր մտահոգության տեղիք տալ և այդպիսի խնդրի համար ավելի հավանական լինել:

-Գինեկոլոգիայի տեսանկյունից գոյություն ունի՞ ամուսինների արյան ռեզուսների իդեալական համադրություն:
-Եթե ամուսիններից երկուսի արյան ռեզուսն էլ կամ բացասական է, կամ դրական, իմունալ ռեզուս կոնֆլիկտ չի զարգանում, և կնոջ օրգանիզմում հղիությանը խանգարող մարմիններ չեն արտադրվում: Եթե կարելի է արյան ռեզուսների միությունը իդեալական անվանել, ուրեմն կարելի է ասել, որ դրանք պետք է միախումբ լինեն:

-Կնոջ արյան խմբի բացասական լինելն ի՞նչ հավանական խնդիրներ կարող է առաջ բերել:
-Ռեզուս բացասական արյուն ունեցող կնոջը, որի զուգընկերոջ ռեզուսը դրական է, հղիության 28-30 շաբաթում ներարկվում է հակառեզուս իմունոգլոբուլին D պարունակող պատրաստուկ: Ծննդաբերությունից հետո, 72 ժամվա ընթացքում, կրկին ներարկվում է այդ պատրաստուկը, եթե նորածինն ունի ռեզուս դրական արյուն, որպեսզի կնոջ  հաջորդ հղիությունների ընթացքում կանխարգելվի հեմոլիտիկ հիվանդության առաջացումը:
Եթե երեխան ժառանգել է հոր դրական ռեզուսը, բայց սկսում է աճել բացասական ռեզուս ունեցող մոր արգանդում, նրա արյան մի մասն ընկերքի միջոցով կարող է թափանցել մոր օրգանիզմ, մանավանդ ծննդաբերական ուղիներով շարժվելիս: Այդ դեպքում մոր օրգանիզմը կարող է հակամարմիններ մշակել օտար արյան մարմնիկներից պաշտպանվելու համար, ճիշտ այնպես, ինչպես բոլորս հակամարմիններ ենք մշակում, օրինակ, կարմրուկի մանրէների դեմ, երբ վարակվում ենք երկրորդ անգամ: Բայց, եթե մոր օրգանիզմը հակամարմիններ մշակի սեփական երեխայի արյան մարմնիկների դեմ, նրա հակամարմիններն ընկերքի միջոցով կթափանցեն երեխայի արյունատար համակարգ ու կքայքայեն նրա արյան մարմնիկների մի մասը: Իսկ եթե չափից ավելի մեծ քանակությամբ արյան մարմնիկներ քայքայվեն, ծնվելուց անմիջապես հետո երեխայի մոտ կսկսվի սակավարյունություն, իսկ քայքայված արյան մարմնիկներից գոյացած նյութը կառաջացնի դեղնախտ:

-Իսկ ի՞նչ սկզբունքով կամ հավանականությամբ է պտուղը ժառանգում ծնողների արյան ռեզուսը:
-Դոմինանտ (գերակշռող) և ռեցեսիվ (ընկճված) գեներ գոյություն ունեն, որոնք պտղին տալիս են 25% հավանականություն կա՛մ մոր, կա՛մ հոր արյան խմբի ռեզուսը ժառանգելու:


— Մեր մյուս ընթերցողին հետաքրքրում է նաեւ, թե գոյություն ունի՞ արդյոք երեխայի սեռի հաշվարկման արդյունավետ միջոց:
-Ոչ, ոչ մի տեսակի հաշվարկ, սննդակարգ ստույգ լինել չի կարող, դրանք համընկնում են զուտ պատահականության սկզբունքով: Բոլորը հարաբերական ճշգրտությամբ են:
Երեխայի սեռը որոշվում է հենց բեղմնավորման պահին` կախված այն հանգամանքից, թե տղամարդու ո՞ր սերմնաբջիջը կհանդիպի կնոջ ձվաբջջին՝ x-ը, թե՞ y-ը, իսկ հետո, միայն 12 շաբաթականից սկսած, հնարավոր է  լինում իմանալ երեխայի սեռը:

Էթերի Մամուլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։