Փոքրիկը բժշկի մոտ
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Ադենոիդներ. հեռացնել, թե՞…

Եթե Ձեր փոքրիկը հաճախ է հիվանդանում, գիշերը խռմփացնում է եւ հազում,  ուրեմն պետք է շտապ օգնել երեխային: Մեր զրուցակիցն է Շենգավիթի թ 13 պոլիկլինիկայի թերապեւտ Մարիամ Հովհաննիսյանը:

-Ի՞նչ են ադենոիդները կամ գեղձանմանները:
-Ըմպանի վերին-ետին պատի վրա գտնվում են ավշային հյուսվածքների կուտակումներ, որոնք կազմում են քիթ-ըմպանային կամ երրորդ նշիկը, որն այլ կերպ կոչվում է նաեւ ադենոիդ: Սկսած 2-3 տարեկան հասակից՝ այն կարող է ենթարկվել գերաճի եւ արդյունքում փակել խոանների ու եվստախյան փողերի քիթ-ըմպանային բացվածքը: Տարիքի հետ այն կարող է  ենթարկվել ետաճման, կամ էլ, ընդհակառակը, հիպերտրոֆիայի (գերաճ):


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ի՞նչն է քիթ-ըմպանային հիվանդությունների հարուցման պատճառ հանդիսանում:
-Ընդհանրապես, ըմպանի հիվանդությունների տարածված դրդապատճառներից են վիրուսները, օդակաթիլային ճանապարհով տարածվող բակտերիաները, քիմիական նյութերը (ծխախոտի ծուխը, ալկոհոլը, արտադրական փոշիները, գազերը եւ այլն), որոնք   օդի կամ  սննդի հետ անցնելով ըմպան,  առաջ են բերում նշիկների եւ լորձաթաղանթի տարբեր բնույթի բորբոքային երեւույթներ:

-Ի՞նչ պատճառներով է պայմանավորված քիթըմպանային նշիկի բորբոքումը  եւ ինչպե՞ս է այն արտահայտվում:
-Հիվանդության առաջացման պատճառներից են վերին շնչուղիների բորբոքումները, գրիպը, անգինաները եւ այլն: Հիվանդությունն սկսվում է դողով, ջերմության բարձրացումով: Հիվանդները սովորաբար գանգատվում են քիթ-ըմպանային հատվածի ցավերից, ըմպանում չորության զգացումից, հազից, քթով դժվար շնչելուց: Ըմպանի զննման ժամանակ տեսանելի հատվածներում փոփոխություններ չեն հայտնաբերվում, երբեմն քմային ետին աղեղների լորձաթաղանթը լինում է գերարյունային, ետին պատը ծածկված է մածուցիկ, ծորացող լորձով: Ետին ռինոսկոպիայի ժամանակ հայտնաբերվում է բորբոքված նշիկ: Հիվանդությունը տեւում է 1 շաբաթ: Սուր ադենոիդիտի բարդություններից են հարըմպանային ավշային հանգույցների եւ միջին ականջի բորբոքումները:

-Գոյություն ունի ադենոիդային վեգետացիա: Ի՞նչ կասեք այդ հիվանդության մասին:
-Ադենոիդային վեգետացիա համարվում է երրորդ նշիկի կամ ադենոիդի գերաճը: Այդ հիվանդությունը հիմնականում լինում է 2-7 տարեկան երեխաների մոտ: Առաջացմանը նպաստում են վաղ մանկական հասակում կրած սուր վարակիչ հիվանդությունները՝ կարմրուկ, քութեշ, դիֆթերիա, գրիպ, կապույտ հազ: Այս հիվանդությունները կարեւոր դեր են խաղում վերին շնչառական օրգանների ախտահարման մեջ:

-Ինչպե՞ս է տեղի ունենում ադենոիդային հյուսվածքի գերաճման գործընթացը:
-Ադենոիդային հյուսվածքը գերաճելով գրեթե լրիվ գրավում է քիթ-ըմպանը՝ մասնակիորեն ծածկելով խոանները: Տարածվելով դեպի կողմնային պատերը՝ այն կարող է փակել եվստախյան փողերի քիթ-ըմպանային բացվածքները, առանձին դեպքերում նույնիսկ թափանցելով նրանց մեջ: Ադենոիդային վեգետացիայի հիմնական ախտանիշները քթային շնչառության դժվարացումն  ու դրա հետ կապված երկրորդային երեւույթներն են:

-Ինչո՞վ է պայմանավորված քթային շնչառության դժվարացումը:
— Քթային շնչառության դժվարացումը պայմանավորված է հետեւյալ երեւույթներով՝
1. մեխանիկական խոչընդոտով, որը դժվարացնում է օդի անցումը դեպի ըմպան.
2. արյան եւ ավշային շրջանառության խանգարմամբ, երբ քթի լորձաթաղանթում առաջանում են կանգային երեւույթներ.
3. բորբոքային երեւույթներով, որոնք ընդգրկում են քթի խոռոչի ետին կեսի լորձաթաղանթը:
-Ծնողն ինչպե՞ս կարող է իմանալ, որ իր երեխան տառապում է այս հիվանդությունից:
-Ադենոիդից տառապող երեխայի մոտ խիստ դժվարացած է քթային շնչառությունը, իսկ առանձին դեպքերում այն ժամանակավորապես բացակայում է ամբողջությամբ՝ կապված բորբոքային երեւույթների հետ: Երեխաները գիշերները քնում են բաց բերանով, քունը լինում է անհանգիստ, հաճախակի արթնանում են վախի զգացումով: Այդպիսի երեխաների մոտ հաճախ զարգանում է բրոնխային հեղձուկ, թոքաբորբ եւ այլն:

— Եվ այսպես, ինչի՞ կարող է հանգեցնել ադենոիդային հյուսվածքի գերաճը:
-Ադենոիդային հյուսվածքի գերաճը բացասաբար է անդրադառնում երեխայի խոսքի վրա, երբեմն նկատվում է թլվատություն եւ կակազություն:
Ադենոիդից տառապող երեխաների մոտ քթային շնչառության դժվարացումը եւ ստորին ծնոտի ոչ ճիշտ զարգացումը  դեմքին տալիս են ուրույն արտահայտություն, որը հայտնի է <<ադենոիդային դեմք>> անվամբ.  երեխաների բերանը միշտ կիսաբաց է:
Քթային դժվարացած շնչառության պատճառով առաջանում է նաեւ սակավարյունություն, արյան մեջ իջնում է հեմոգլոբինի տոկոսը, խանգարվում է ուղեղի սնուցումը, արդյունքում առաջանում են գլխացավեր, հիշողության անկում եւ այլն:

— Եկեք խոսենք բուժման միջոցների մասին:
-Բուժումը վիրահատական է: Կատարվում է ադենոիդային հյուսվածքի հեռացում: Վիրահատությունը կատարվում է, երբ կա խիստ արտահայտված քթային դժվարացած շնչառություն, երբ ադենոիդային հյուսվածքի գերաճը զուգորդված է այլ հիվանդություններով (օրինակ՝ բրոնխաբորբ), նկատվում է ընդհանուր հյուծվածություն:

-Ո՞ր դեպքերում է վիրահատությունը հակացուցված:
-Վիրահատությունը հակացուցված է  արյունաստեղծ օրգանների հիվանդությունների, սուր վարակների, շաքարախտի եւ այլ դեպքերում:

-Ի՞նչ է խորհուրդ տրվում այդ դեպքում:
-Այդ դեպքում բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ եւ այլն: Ինչպես նաեւ ցուցվում է կլիմայական բուժում՝ ծովափ, լեռնանտառային պայմաններ:

-Շնորհակալություն հարցերի պարզաբանման համար: 

Հեղինակ՝ Յանա Գալստյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։