Սնունդ շաքարախտի դեպքում
Առողջարար սնունդ

Սնունդը շաքարախտի դեպքում

Գիտե՞ք արդյոք, որ ճիշտ ընտրված սննդի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել  որոշ  հիվանդություններ, այլ  անգամ բուժել։ Բացառություն չէ նաև շաքարախտը, իհարկե, սկզբնական փուլում։ Մեծ դեր է խաղում սնման, ծանրաբեռնվածության և հանգստի, քնի ռեժիմի պահպանումը։ Սննդի տեսակները պետք է համատեղելի լինեն մարդու մոտ առկա այլ առողջական խնդիրների հետ։ Ստորև կներկայացնեմ խորհուրդ տրվող ընդհանուր ցանկը։

Հաց. օրական մինչև 200 գրամ, նախընտրելի է սև կամ հատուկ շաքարախտով հիվանդների համար նախատեսված:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ապուրներ. առավելապես բանջարեղենային: Թույլ մսաջրով կամ ձկնային արգանակով պատրաստված ապուրներ կարելի է օգտագործել շաբաթը երկու անգամից ոչ հաճախ:

Անյուղ միս, թռչնամիս (օրական մինչև 100 գրամ) կամ ձուկ (օրական մինչև 150 գրամ)՝ խաշած կամ դոնդողածածկ վիճակում:

Ձավարեղենից, ընդեղենից ու մակարոնեղենից պատրաստված ճաշատեսակներ ու խավարտներ կարելի է շատ հազվադեպ թույլ տալ՝ փոքր քանակությամբ՝ այդ օրերին նվազեցնելով հացի օգտագործումը: Ձավարեղենից ավելի լավ է օգտագործել վարսակաձավար և հնդկացորեն, թույլատրելի է նաև կորեկաձավարը, իսկ, օրինակ, սպիտակաձավարն ավելի լավ է բացառել:

Բանջարեղեն և կանաչեղեն: Բազուկը, գազարը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 200 գրամից ոչ ավել, կարտոֆիլն էլ ավելի քիչ: Իսկ մյուս բանջարեղենը (կաղամբը, հազարը, բողկը, վարունգը, դդմիկը, դդումը, լոլիկը) և կանաչեղենը (բացի բարկահամներից) կարելի է օգտագործել առանց սահմանափակման և՛ հում, և՛ եփած, և՛ խորոված։ Անհրաժեշտ է բացառել  տապակաները :

Ձու. շաբաթը  2-3 հատից ոչ ավել. թերխաշ, ձվածեղի ձևով կամ այլ ճաշատեսակների պատրաստման մեջ օգտագործելով:

Թթու կամ թթվաշ տեսակի մրգեր ու հատապտուղներ (անտոնովկա, սիմիրենկո տեսակի խնձոր, նարինջ, կիտրոն, կիվի, լոռամրգի, բալ, կարմիր հաղարջ և այլն)՝ օրական մինչև  200-300 գրամ:

Կաթ՝ բժշկի թույլտվությամբ: Կաթնաթթվային մթերքներ՝  մածուն, թան, ոչ քաղցր յոգուրտ, օրական 1-2 բաժակ: Յուղոտ պանիրը, թթվասերը, սերուցքը՝ հազվադեպ ու շատ փոքր քանակությամբ:

Կաթնաշոռը շաքարախտի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ օրական 100-200 գրամ, բնական վիճակում։ Կաթնաշոռը, ինչպես նաև վարսակաձավարի ու հնդկացորենի շիլաները, թեփը, մասուրը լավացնում են ճարպափոխանակությունը և կարգավորում լյարդի գործունեությունը, խոչընդոտում լյարդի ճարպային փոփոխություններին:

Ըմպելիքներից թույլատրված են կանաչ կամ սև թեյը,  ոչ թունդ սուրճը, լոլիկի հյութը, հատապտուղների կամ թթու մրգատեսակների հյութերը, թանը:

Շաքարախտի ժամանակ հարկավոր է սնունդ ընդունել օրական 4 անգամից ոչ պակաս, իսկ ավելի լավ է՝ 5-6 անգամ, փոքր չափաբաժիններով: Սնունդը պետք է հարուստ լինի վիտամիններով, միկրո- և մակրոտարրերով։ Աշխատեք առավելագույնս բազմազան դարձնել ձեր կերակրացանկը, չէ՞ որ շաքարախտի դեպքում թույլատրված մթերքների ցուցակն այնքան էլ փոքր չէ:

Եվս մեկ ոչ պակաս կարևոր դիտարկում՝ մի՛ մոռացեք, որ այս խորհուրդներն  ընդհանուր են,  առավել  լավ արդյունքի կարելի է հասնել  համապատասխանեցնելով  հենց ձեր օրգանիզմի յուրահատկություններին և առկա այլ խնդիրներին։

Հեղինակ` Ա. Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։