Մաշկի գաղտնիքները
Առողջություն եվ գեղեցկություն,  Փորձագետի խորհուրդներ

Մաշկի գաղտնիքները

Մաշկային և կոսմետիկ խնդիրների հետ կապված մեր ընթերցողների բազմաթիվ հարցերին կպատասխանի կոսմետոլոգ Անուշ Հակոբյանը

Չո՞ր, թե՞ յուղոտ մաշկ, ինչպե՞ս հասկանալ:
— Դիմահարդարներն, ըստ ճարպարտադրության, տարբերում են մաշկի 4 տեսակ` ճարպոտ, չոր, նորմալ և կոմբինացված` տեղ-տեղ ճարպոտ, տեղ-տեղ չոր: Դրանց այս կամ այն տեսակը կարող է պայմանավորված լինել կամ օրգանիզմի առողջական վիճակով, կամ գենետիկորեն: Ճարպոտ մաշկը լինում է համեմատաբար հաստ ծակոտիներով, որոնք հաճախակի փակված են լինում կորյակներով, պարբերաբար առաջանում են թարախային բշտիկներ, որոնք կարող են նարնջի կեղև հիշեցնել: Մաշկի ճարպարտադրությունը բացատրվում է ճարպագեղձերի ուժեղացված ֆունկցիայով: Ճարպոտ մաշկը հաճախակի հակված է լինում տարբեր տիպի պզուկավոր, կորյակավոր ցանավորումների: Ճարպոտ մաշկի պատճառ կարող են հանդիսանալ սխալ ճարպային սնունդը, ալկոհոլային խմիչքները, տարբեր համեմունքներով (կծու, թթու) հարուստ սնունդը: Մաշկը կարող է ճարպոտ դառնալ նաև սխալ խնամքի դեպքում, օրինակ՝ ճարպոտ քսուքների օգտագործման չարաշահումից: Սակայն նշեմ, որ ճարպոտ մաշկ հիմնականում նկատվում է երիտասարդ տարիքում, ժամանակի հետ այն մոտենում է նորմալի կամ կոմբինացված է դառնում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Իսկ ահա չոր մաշկը լինում է ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի` սխալ խնամքի դեպքում: Չոր մաշկը բարակ է ու շատ զգայուն: Այն ավելի շատ է հակված թեփոտվելու, կնճռոտվելու, չունի բնական փայլ: Մաշկի այս տեսակն ավելի հաճախ ունենում է խախտված ջրաճարպային թաղանթ և պահանջում է ամենօրյա մշտական խնամք: Խորհուրդ է տրվում զերծ մնալ չոր մաշկը սպիրտային լուծույթներ պարունակող միջոցներով մաքրելուց, կավի բաղադրությամբ դիմակներ օգտագործելուց. դրանք մաշկն ավելի չոր են դարձնում:
Մաշկի տեսակը որոշելու համար կարող եմ առաջարկել հետևյալ փորձը: Առավոտյան դեմքը լվանալ օճառով և ջրով, 2 ժամ հետո անձեռոցիկը հպել դեմքին` քթի, կզակի, այտերի և ճակատի շրջանում: Եթե անձեռոցիկի վրա մնում են ճարպոտ հետքեր բոլոր 4 կետերում, ապա մաշկը ճարպոտ է, եթե հետքեր չկան, ապա մաշկը չոր է:

Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս ազատվել կորյակներից ու պզուկներից:
— Ամենաարդյունավետ խորհուրդս մասնագետին դիմելը կլինի` համապատասխան բուժում ստանալու նպատակով: Իսկ տնային պայմաններում նման տիպի ցանավորումների դեմ կարելի է պայքարել դիմակների օգնությամբ: Եթե թարախային գործընթաց է նկատվում, կարելի է դեմքը մաքրել սպիրտի, 3 տոկոսանոց ջրածնի գերօքսիդի լուծույթով, ինչպես նաև բորաթթվի լուծույթով, հանգստացնող լոսյոններով: Ոչ մի դեպքում ձեռք չտալ դեմքին, փորձել սեղմելով հանել՝ հետագայում հետքեր և լայնացած ծակոտիներ չառաջացնելու նպատակով:
Նշեմ նաև, որ կորյակները, պզուկները նաև համարվում են պատանեկան պզուկներ, հետևաբար, եթե դրանք նկատվում են դեռահաս աղջիկների ու պատանիների մոտ, կարող են «խոսել» հորմոնային տեղաշարժերի մասին, ինչը ժամանակավոր բնույթ է կրում:

Կոսմետիկ միջոցներով կարելի՞ է մաշկը պաշտպանել ցրտից ու քամուց  կարմրելուց:
— Ցրտից, քամուց, արևից, խոնավությունից կարմրելը խոսում է մաշկի զգայուն լինելու մասին, իսկ այդպիսի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք: Խորհուրդ կտամ պարբերաբար պաշտպանիչ քսուքներ օգտագործել, իսկ ցուրտ եղանակին առավել շատ դիմել խոնավացնող քսուքների օգնությանը: Ցանկալի չէ նաև սննդի մեջ կծու, թթու համեմունքների օգտագործումը:

Հեղինակ` Էթերի Մամուլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։